«Գլխավոր դերասանուհին նկարահանումից 1 օր առաջ փոխվել է». առաջին լուսանկարները Շուշաննա Թովմասյանի, Էդգար Իգիթյանի, Նորայր Եղյանի և այլոց մասնակցությամբ նոր սերիալից

11:22 • 09.12.19

Շուշաննա Թովմասյանը, Էդգար Իգիթյանը, Խոսրով Նալբանդյանը, Նորայր Եղյանը, Լուիզա Մելքոնյանը, Սուրեն Փահլևանյանը, Էվա Խաչատրյանը Անահիտ Քոչարյանը և այլ դերասաններ կներկայանան Ելենա Արշակյանի նոր՝ «Սիրուն Սոնա» նախագծում, որը տարեսկզբին՝ հունվարի 6-ին կլինի եթերում:

Ֆիլմի նկարահանումներն արդեն սկսվել են: Tert.am Life-ը ներկա է եղել առաջին նկարահանումներին և իր ընթերցողներին է ներկայացնում հետաքրքիր մանրամասները: Հերոսուհուն մարմնավորում է Շուշաննա Թովմասյանը, հերոսները 3-ն են՝ Էդգար Իգիթյանը, Խոսրով Նալբանդյանն ու Նորայր Եղյանը:

Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը պատմեց, որ Շուշաննա Թովմասյանի փոխարեն պետք է այլ դերասանուհի ներկայանար: Ամեն բան որոշված էր, սակայն նկարահանումից 1 օր առաջ փոխել է որոշումը:

«Կարծում եմ՝ չեմ սխալվել ընտրությանս հարցում: Աշխատել եմ 3 նոր դերասանի հետ, որոնցից երկուսին՝ գլխավոր դերակատարներ Շուշաննա Թովմասյանին և Նորայր Եղյանին, հաստատել եմ նկարահանումից մեկ օր առաջ՝ գիշերը: Գուցե իմ ասածը շատերին աբսուրդ թվա կամ համարեն ոչ պրոֆեսիոնալ, սակայն ես ունեմ բնավորության այդ գիծը: Առաջին անգամ չէ, երբ անձամբ իմ կողմից հաստատված դերասանին վերջին պահին փոխում եմ: Ընդ որում` իմ պրակտիկայում երբևէ չի եղել, որ որևէ մեկը միջնորդի որևէ դերասանուհու համար: Նրա թենկածությունն անձամբ էի հաստատել, պարզապես վերջին ժողովից հետո, երբ ևս մի անգամ «չիտկա» արեցինք, ինչ-որ անհանգստություն արթնացավ մեջս: Նախորդ գիշերն էլ ունեի այդ անհանգստությունը, որը չէի կարողանում բացատրել, երևի, դա իմ ուժեղ ինտուիցիան էր: Նկարահանման նախորդ օրը՝ երեկոյան ժամը 7-ին, հանդիպման հանդիպեցի Շուշաննա Թովմասյանին»,- պատմեց Ելենան:

Պրոդյուսերը ոգևորությամբ պատմեց, որ հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում: Պարզվում է՝ Շուշաննան ևս ելենայի հետ աշխատելու ցանկություն է ունեցել. «Շուշաննան հենց եկավ, ասաց՝ չեք հավատա, ես ինչ ուզում եմ, կատարվում է: Իր անմիջականությունը նաև ինձ գրավեց: Նախկինում երբևէ չէինք էլ հանդիպել, բայց միանգամից ջերմ մթնոլորտ ձևավորվեց: Ես զգացի, որ ուզում եմ նա լինի հերոսուհին: Նաև զգացի, որ ինքն էլ է շատ ուզում դա: Դերից խոսեցինք, զգացի, որ հետաքրքրված է: Ասացի, որ նկարահանման օրը վաղն է և փոխել չենք կարող: Կլորացած աչքերով նայում էր ինձ վրա, սակայն ի պատիվ իրեն՝ չէր քնել ամբողջ գիշեր ու կարդացել էր սցենարը: Առավոտյան էլ մեծ ոգևորությամբ էր եկել նկարահանման»:

Ինչ վերաբերում է դերասանուհին, որին վերջին պահին հայտնել են, որ չի մարմնավորելու գլխավոր հերոսուհուն, Ելենան չբացահայտեց նրա ով լինելը, սակայն ասաց, որ նրա հետ ևս աշխատելու են. «Քանի որ առաջին անգամ չեմ նման բան անում, իմ օգնական Արմինեն արդեն իմունիտետ ունի այդ հարցերում, ինքն ուղղակի ասում է՝ Ելենան փոշմանել է: Ես հաճախ նախապես ասում եմ դերասաններին բնավորությանս այդ գծի մասին: Քանի որ այդ դերասանուհուն շատ եմ սիրում, շատ շնորհքով է, իրեն հրավիրեցի խաղալ մյուս հերոսուհիներից մեկի դերը,- ասաց նա ու հավելեց, որ այս փաստից սրտնեղել է նաև Շուշաննան: -Նա շատ էր հավանել կերպարը, բայց վատ էր զգում, որ այլ դերասանուհի էր պատրաստվում դերին: Մի քիչ տգեղ է ստացվում, սակայն ինձ համար ամեն ինչից վեր նախագծի հաջողությունն է: Վերջին օրով փոխել եմ նաև գլխավոր դերակատարներից մեկին՝ նրա փոխարեն հրավիրելով Նորայր Եղյանին: Զարմացած եմ իր դերասանական ունակություններով»:
Ելենան նշեց, որ մեկ դերասանի ևս փոխել է, սակայն կերպարը երկրորդական է, որին չի ցանկանբում անդրադառնալ: Պրոդյուսերը հայտնեց, որ հայտնի դեմքերի կողքին լսարանը կտեսնի նաև սկսնակ ու նորավարտ դերասանների, քանի որ իր համար կարևոր է երիտասարդ դերասաններին հարթակ տրամադրելը:

Խոսելով ֆիլմի սյուժեի մասին՝ Ելենան ասաց, որ այն մարդու կյանքում տեղ գտած անարադարության մասին է: «Ըստ իս՝ ամենավատ բանն այն է, երբ ամենահարազատ մարդիկ չեն հավատում ու լքում են քեզ: Ինչ-որ առումով, սա ընտանեկան հարավբերությունների մասին ֆիլմ է, սակայն սյուժեն չեմ բացահայտի»,- ասաց նա:

Առաջին նկարահանումից հետո պրոդյուսերը ոգևորված էր, քանի որ օրը լավ էր անցել, իր փորձը ցույց է տալիս, որ ինչպես սկսում, այնպես էլ ավարտում են նախագիծը:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

«Գլխավոր դերասանուհին նկարահանումից 1 օր առաջ փոխվել է». առաջին լուսանկարները Շուշաննա Թովմասյանի, Էդգար Իգիթյանի, Նորայր Եղյանի և այլոց մասնակցությամբ նոր սերիալից