«Ամենակարևորը դստերս արձագանքն էր». հղիության 8-րդ ամսում գտնվող Դիանա Շատվերյանի նոր ֆոտոշարքն ու հուզմունքը

14:15 • 25.12.19

2020-ի գալստին դիզայներ Դիանա Շատվերյանի ընտանիքն այլ ոգևորությամբ է սպասում. Tert.am Life-ն առաջինն է իր ընթերցողներին հայտնել, որ տարեսկզբին կծնվի Դիանայի և ամուսնու՝ Հայկի երկրորդ երեխան: Դիանան այս մասին առաջին հարցազրույցը ևս վստահել է  Tert.am Life-ին՝ տրամադրելով նաև նախատոնական ֆոտոշարքը:

Դիզայները հղիության 8-րդ ամսում է: Ըստ Դիանայի՝ երկրորդ երեխա ունենալու ցանկություն ունեին, սակայն թողել էին, որ ամեն բան իր հունով գնար:

Նա և ամուսինն արդեն պարզել են երեխայի սեռը, սակայն որոշել են մինչև վերջ գաղտնի պահել այն մյուսների համար: Ըստ Դիանայի՝ երեխայի սեռն իրենց համար կարևոր չէր, միայն անհանգիստ էին, որ իրենց դուստրը՝ Վիվիենը, գոհ լինի ընտանիքի նոր անդամի սեռից:

«Ես շատ ուրախ եմ սեռի համար, թեև ինձ համար դա բացարձակ կարևոր չէր: Կարծում եմ՝ հիմա բոլորը նախապատվությունը տալիս են առողջ երեխա ունենալուն, ոչ թե սեռին: Մենք միայն մտածում էինք, որ աղջիկս ուրախ լինի: Վիվիենը շատ գոհ է»,- ասաց դիզայներն ու հավելեց, որ 7-ամյա աղջնակը մեծ ոգևորությամբ է սպասում ընտանիքի նոր անդամին:

«Շատ տարօրինակ է: Վիվիենը շատ բարի երեխա է, եսասեր չէ, սակայն 7 տարի տան միակ երեխան է եղել, և  մտավախություն ունեի, որ կխանդի, երբ տեսնի, որ այլ երեխայի ծննդին ենք  պատրաստվում: Նման դրսևորումներ բացարձակ չկան: Այնպիսի ուրախությամբ է սպասում, որ զարմացած, մի փոքր նույնիսկ հիասթափված եմ,- ծիծաղելով ասաց մայրիկը, ապա հավելեց,- իհարկե, չգիտեմ՝ երեխայի  ծնվելուց հետո ինչպես կլինի, բայց այնպես է սպասում, այնքան սեր է պատրաստել երեխայի համար, որ կարծում եմ՝ խնդիր չենք ունենա: Նա նվերներ է պատրաստել մեր տան նոր անդամի համար: Նույնիսկ նամակներ է գրել, որոնց բովանդակությունը միայն երեխայի լույս աշխարհ գալուց հետո պետք է տեսնենք»:

Դիանան որքան էլ փորձառու է, խոստովանեց, որ 7 տարի առաջ և հիմա միանգամայն տարբեր զգացողություններ ունի: Ասում է՝ ամեն անգամ հուզվում է, ինչպես առաջին անգամ, թեև կան դեպքեր, երբ փորձառությունն իր ազդեցությունն ունենում է:

«Բոլոր այն կանայք, ովքեր անցել են 2 հղիության միջով, կհասկանան ինձ, եթե ասեմ, որ հղիության ընթացքը տարբեր է: Այն հարցերում, որտեղ առաջ հանգիստ էի, հիմա անհանգիստ եմ և հակառակը՝ որտեղ առաջին հղիության ժամանակ անհանգիստ էի, հիմա շատ հանգիստ եմ: Տարբեր հարցերում առավել փորձառու ես դառնում և գիտես, թե քեզ ինչ է սպասվում: Ավելի հանգիստ ես մոտենում նաև նախապատրաստական հարցերին, մինչդեռ առաջին հղիության ժամանակ երեխայի ծննդից 5 ամիս առաջ քեզ թվում էր, որ ոչինչ չես հասցնի,- ասաց նա ու հավելեց, որ փոխվել է նաև գիտակցական մոտեցումը: -7 տարի առաջ այլ կերպ էի մտածում: Հիմա ամեն ինչ այլ է. առողջական հարցերին եմ այլ կերպ մոտենում: Շատ ավելի հասուն ու լուրջ ես վերաբերում ամեն հարցի, սակայն դա պայմանավորված է ոչ թե վախով, այլ փորձառությամբ»:

Ըստ Դիանայի՝ նույնն է միայն այն, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ հղիության ժամանակ կամակորություններ չի ունեցել:

Ինչ վերաբերում է զգացողություններին, ըստ դիզայների, կան իրավիճակներ, որոնք ամեն անգամ կարծես առաջին անգամ լինեն. «Երեխայիդ առաջին շարժումը, սրտխփոցը ցանկացած կնոջ կյանքում անփոխարինելի զգացողություններ են: Այդ ամենն աննորմալ հուզիչ է՝ անկախ նրանից, թե որերորդ հղիությունդ է»:

Դիզայների զգեստապահարանը հղիության ընթացքում շատ չի փոփոխվել: Այս ընթացքում իր համար առաջնայինը ոչ թե ոճային, այլ հարմարավետ հագուստով լինելն է: Ասում է՝ հատուկ հղիների համար նախատեսված հագուստներով զգեստապահարանը թարմացնելու կարիք, գրեթե,  չի ունեցել:

«Մեծ ուշադրություն դարձնում եմ հագուստիս հարմարավետությանը: Հասկացա, որ զգեստապահարանիս մեծ մասը նախկինում էլ հարմարավետ էր: Որևէ փոփոխություն զգեստապահարանումս չեղավ: Ամբողջ ընթացքում հագել եմ այն, ինչ նախկինում էլ հագնում էի»,- ասաց նա ու հավելեց, որ իր չափսերն էլ շատ չեն փոփոխվել: Շատերը չեն պատկերացնում, որ արդեն հղիության 8-րդ ամսում է: