«Դասարանցիները» գեղարվեստական նոր ֆիլմի մանրամասներն ու բեքսթեյջը
Դերասան Տիգրան Նալչաջյանը շուտով լսարանին կներկայացնի «Դասարանցիները» գեղարվեստական նոր ֆիլմը։ Տիգրանն այստեղ հանդես է գալիս և՛ որպես դերակատար, և՛ որպես պրոդյուսեր։
Դերասանը նկարահանման հրապարակից լուսանկարներ է տրամադրել Tert.am Life-ին ու պատմել ֆիլմի մանրամասները: Այստեղ նկարահանվել են Ռոբերտ Հակոբյանը, Սահակ Դուրյանը, Ստեփան Հովհաննիսյանը, Մարգարիտա Հունանյանը, Սոֆյա Հովհաննիսյանը, Օֆելյա Հարությունյանը, Ալլա Մնոշյանը, Հասմիկ Հակոբյանը, Դանիել Սիրեկանյանը և այլք:
«Ֆիլմը դպրոցական սիրո, ընկերության և դասղեկի հետ հետաքրքիր հարաբերությունների մասին է։ Հիմնականում 11-րդ դասարանում սովորող աշակերտների պատմություն է։ Կատակերգություն, դրամա, ընտանեկան ժանրերի համակցությամբ նախագիծ է, որն ունի դաստիարակչական բնույթ։ Մեր ֆիլմում կլսեք նորմալ հայերեն խոսք․ նկատի ունեմ ոչ թե ուռճացված արտահայտությունները, արհեստական ու գրքային լեզուն, այլ կիրթ ու գրական հայերենը։ Ես հանդես եմ գալիս դասղեկի դերում։ Այս պատմությունը ինչ-որ առումով կարող է մոտիվացիա դառնալ այն պատանիների համար, որոնք երբեմն թևաթափ են լինում կամ որևէ խնդրի մեջ հայտնվելիս մեղադրում են ուրիշներին։ Դասղեկն իրենց օգնում է իր խորհուրդներով, ճանապարհ ցույց տալիս»,- ասաց Տիգրանը։

Տիգրանն ասաց, որ սյուժեի մի քանի տարբերակ էր մտածում, սակայն դպրոցականների թեման իրեն շատ է հետաքրքրել, որովհետև ծավալում է նաև մանկավարժական գործունեություն. «Պատանիների հոգեբանությանը լավ ծանոթ եմ, գիտեմ իրենց անհանգստացնող հարցերը, նախընտրելի երաժշտությունը, զբաղմունքներն ու հետաքրքրությունները։ Ֆիլմը 12+ է, այնպես չէ, որ մանկական է։ «Դասարանցիները» կհետաքրքիր տարբեր տարիքային խմբերի մարդկանց, հատկապես, բարձր դասարանում սովորողներին»։
Տիգրանն ասաց, որ հատուկ ուշադրություն է դարձրել թեմային, երկխոսություններին ու հումորին․ «Ես տանել չեմ կարողանում «ծամածռված» հումորները, ֆիլմում որևէ մեկը չի փորձում դիտողին ծիծաղեցնել կամ նման կարգի հումոր անել։ Մենք ներկայացնում ենք մի դասարանի հետաքրքիր առօրյան, երկխոսություներում կատակներ կան, բայց զերծ ենք մնացել կարծրատիպային հումորներից, որոնք հանդիպում են տարատեսակ նախագծերում։ Այս ֆիլմում էժանագին հումոր չկա, որը հիմնված կլինի ինչ-որ մեկին ծաղրելու վրա։ Հատկապես դպրոցականների մասին ֆիլմը պետք է հեռու լինի նման հումորներից»։

Դերասանական կազմի մասին խոսելիս Տիգրանը նշեց, որ երեխաներն իր սաներն են, համագործակցությունը բավականին հեշտ է ստացվել: «Աշխատելով տարիքային այդ խմբի երեխաների հետ՝ սցենարը գրելիս նաև հաշվի եմ առել իրենց տեսակը։ Կան և՛ փորձառու , և՛ համեմատաբար սկսնակ երեխաներ։ Հրավիրված դերասաններ էլ ունենք Ստանիսլավսկու անվան թատրոնից՝ Ռոբերտ Հակոբյանը, ռուսական բազմաթիվ նախագծերում նկարահանված Սահակ Դուրյանը: Ի դեպ, նա առաջին անգամ է խաղում հայկական ֆիլմում։ Ուզում ենք ֆիլմը հնարավորինս երկար պահել մեծ էկրանին՝ համացանցում ներբեռնելու մտադրություն չունենք, հեռուստաընկերությունների հետ էլ պայմանագիր չունենք ցուցադրման իրավունք տալու համար»։
Դիտարկմանը, որ նման թեմայով նախագծեր հեռուստադիտողներն արդեն տեսել են, կրկնվելու խնդիր չկա՞, ինչո՞վ է տարբերվելու «Դասարանցիները», դերասանն արձագանքեց․ «Ես «Վերջին ուսուցիչ» բազմասերիանոց ֆիլմն եմ նայել, հավանել եմ, սակայն այդ նախագծից եմ ոգեշնչվել։ Երբ այս ֆիլմի սցենարը կար, «Վերջին ուսուցիչը» դեռ եթերում չէր։ Մեր նկարահանումները 2019 թվականի գարնանն են եղել։ Ինչ վերաբերում է «Ոսկե դպրոցին»՝ չեմ հետևել նախագծին, ծանոթ չեմ պատմությանը։ Չեմ կարող ասել նմանություններ կլինե՞ն, թե՞ ոչ։ Դպրոցի թեմաների մեջ միշտ հնարավոր է ընդհանրություններ գտնել։ Ես ընտրում եմ թեմաներ, որոնք ինձ հետաքրքիր են, ոգևորում են, չեմ նայում շուկայի առաջարկ-պահանջներին կամ միտումներին»։
















