Իրինա Հարությունյան. «Հեռուստադիտողներն ինձ այսպիսին չեն տեսել»

14:55 • 10.02.20

Դերասանուհի Իրինա Հարությունյանն այժմ նկարահանվում է «Շիրազի Վարդը» հեռուստասերիալում։ Իրինան առաջին անգամ է համագործակցում պրոդյուսեր Ելենա Արշակյանի թիմի հետ։

Դերասանուհին Tert.am Life-ին պատմել է նորովի ներկայանալու և նոր թիմի հետ արագ ընկերանալու մասին։

«Շատ հետաքրքիր է թե՛ սցենարը, թե՛ դերը։ Հեռուստադիտողները կտեսնեն նոր Իրինա Հարությունյանի, քանի որ ես միշտ հարուստ, գեղեցիկ, անդարդ կանանց եմ մարմնավորել, հիմա շատ խնդիրներ ունեցող կնոջ կերպար եմ խաղում, որը 3 երեխա ունի՝ յուրաքանչյուրն իր խնդիրներով։ Բավականին տանջված այրի է, սցենարային զարգացումներն էլ հետաքրքիր են», - ասաց դերասանուհին։

Թիմն Իրինայի համար նոր է։ Դերասանուհու խոսքով՝ ադապտանալու խնդիր չի ունեցել։ «Շատ գոհ եմ խմբի աշխատանքից, շատ սիրեցի բոլորին, չնայած որևէ մեկի հետ նախկինում չէի աշխատել։ Առհասարակ, ես շփվող մարդ եմ և հեշտությամբ եմ ադապտանում նոր միջավայրին, բայց իհարկե շատ կարևոր է, թե ով է դիմացդ։ Ինձ մոտ տպավորություն է, որ հազար տարի աշխատել եմ այս կազմի հետ։ Կապը շատ լավ ստացվեց»,- ընդգծեց նա։

Իրինան նկատեց, որ նկարահանումների առաջին փուլում շատ զբաղված էր, քանի որ 3 ներկայացման էր պատրաստվում, հիմա գրաֆիկն ավելի թեթև է, քանի որ այս շրջանում թատրոնում ավելի պասիվ շրջան է։ Դերասանուհին խոստովանեց, որ երբեմն ոչինչ չհասցնելու պոռթկումներ է ունենում, բայց հասկացել է, որ առանց աշխատելու իր համար շատ ավելի բարդ է։

«Ասում են՝ երեխաները մեծանում են, ավելի հեշտ է, իրականում այդպես չէ։ Ամեն տարիքն իր բարդություններն ունի։ Երբեմն մտածում եմ՝ այս ամենն իմ ուժերից վեր է, բայց դա շուտ է անցնում։ Կարծում եմ՝ բոլոր կանանց մոտ էլ լինում են նման պահեր,- ասաց նա ու հավելեց, որ կրտսեր որդին՝ Դավիթը, հիմա շատ ավելի պահանջկոտ է,- Ամեն դռան ձայնից նայում է՝ մամա՞ն է, թե՞ պապան։ Փորձում եմ հնարավորինս շատ ժամամակ հատկացնել իրեն, բայց իհարկե կարոտում է, երբ մանկապարտեզում է կամ տատիկի մոտ»։


Իրինա Հարությունյան. «Հեռուստադիտողներն ինձ այսպիսին չեն տեսել»