«Օսկար 2020»-ի արձագանքները Հայաստանում. հայտնիներից ովքեր են դիտել այն և ինչ կարծիք ունեն մրցանակակիրների մասին
Կինոաշխարհի ամենասպասված մրցանկաբաշխությունը՝ «Օսկար 2020»֊ն արդեն անցյալում է, իսկ ֆիլմարտադրության հաջողակների անունները՝ հայտնի։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի մրցանակաբաշխությունն իրենից հետո թողեց քննարկումների ալիք։
«Օսկար 2020»֊ը դեռ երկար են հիշելու, քանի որ այս տարի մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ «Տարվա ֆիլմ» անվանակարգում հաղթեց օտարալեզու ֆիլմ՝ կորեական արտադրության «Մակաբույծը»։
Tert.am Life-ը ոլորտի հայ ներկայացուցիչների հետ զրուցել է մրցանակաբաշխության մասին։
Դերասան Սոս Ջանիբեկյանի նախընտրելի ֆիլմը «Մակաբույծ»֊ն էր։ Ըստ դերասանի՝ ինքը նախընտրում է ֆիլմեր, որոնք ունեն հստակ հաղորդագրություն, դրամատուրգիա։
««Մակաբույծ» ֆիլմի սցենարը և միտքը հրաշալի էին։ Ես առաջին հերթին կարևորում եմ, թե տվյալ ֆիլմն ինչ հաղորդագրություն է թողնում, ինչի մասին է, հետո միայն այն, թե ինչպես է նկարահանված, ինչ տեխնիկայով, ովքեր են դերասանները։ Երբ ինձ առաջարկում եմ որևէ ֆիլմ դիտել, իմ առաջին հարցն է՝ ինչի՞ մասին է այն։ Իրականում «Օսկար»֊ին այդքան կարևորություն չեմ տալիս։ Որպես գնահատական կինեմատոգրաֆիային՝ եվրոպական կինոփառատոններն ինձ համար ավելի արժեքավոր են»,֊ասաց դերասանը։

Անդրադառնալով լավագույն դերասան անվանակարգում հաղթած Խոակին Ֆենիքսին՝ նա ասաց. ««Ջոկեր»֊ն իսկապես հրաշալի ֆիլմ է, սակայն Խոաքին Ֆենիքսի խաղը ես ավելի շատ հավանում եմ «Վարպետը» և «Գլադիատոր» ֆիլմերում։ Իհարկե, «Ջոկեր»֊ում նա ֆանտաստիկ է մարմնավորել իր կերպարը, սակայն, ըստ իս, ավելի նուրբ, զգայուն, ներքին հզոր զգացողությամբ խաղացել է «Վարպետը» և «Գլադիատորը» ֆիլմերում։ «Ջոկեր»֊ի դեպքում ամեն ինչ ակցենտավորված էր ու կառուցված էր դերասանի վրա։ Խոսքը գերխաղի կամ պաթոսի մասին չէ, այլ այն մասին, թե որքան էր դերասանն ընդգծված, ինձ համար դա շատ֊շատ էր, ինչի արդյունքում դիտելիս անհարմարություն էի զգում»։
Սոսն առանձնացրեց նաև Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը․ «Ինքս ինձ հակասում եմ, բայց, լինելով դրամատուրգիայի և սցենարի սիրահար, շատ հավանեցի նաև «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը, որն իր նկարահանման տեխնիկայով, դինամիկայով ինձ պահեց, ու ես ժպիտը դեմքիս, էնտուզիազմով նայեցի ողջ ֆիլմը․ դա արեց Տարանտինոն՝ Բրեդ Փիթի և Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ համատեղ»։
Պրոդյուսեր Ելենա Արշակյանը այն կինոսերներից է, որոնք փորձում են կինոաշխարհի ոչ մի իրադարձություն բաց չթողնել․
«Իհարկե հետևում եմ «Օսկարին», չեմ կարող չհետևել։ Ինձ համար շատ անսպասելի էր, որ Պոն Ջուն Հոյի «Մակաբույծ» ֆիլմըն արժանացավ «Օսկարի»։ Այդ ֆիլմն առաջին անգամ դիտել եմ «Ոսկե Ծիրան» մրցանակաբաշխությանը։ Մյուս մրցանակները կանխատեսելի էին, այդ թվում՝ Խոաքին Ֆենիքսինը։ Կարող եմ ասել, որ սա նրա լավագույն դերը չէր, սակայն, ինչ խոսք, արժանի էր։ Կար մի նախագիծ, որն, ըստ իս, հաջողված չէր՝ «Փոքրիկ կանայք»։ Ինձ համար անգամ զարմանալի էր, որ այն տեղ էր գտել «Օսկար»֊ի հիմնական ցանկում։ Նախագիծը մրցանակի էլ արժանացավ՝ «Լավագույն հանդերձանքի դիզայն» անվանակարգում»։

Դերասանուհի Աննա Հարությունյանը նույնպես փորձում է անմասն չմնալ կինոաշխարհի ամենասպասված իրադարձություններից։
«Իմ կողմից ամենասպասված ու ինձ համար ամենատպավորիչ ֆիլմը՝ Գայ Ռիչիի «Ջենթլմենները», «Օսկարի» նոմինացված չէր։ Ինչ վերաբերում է մրցանակակիր նախագծերին՝ կարծում եմ՝ «Մակաբույծն» արժանի էր արձանիկի, որովհետև այն իր թեմայով, բովանդակությամբ շատ կարևոր հարց էր բաձրացնում։ Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ ևս այս ֆիլմը հաջողություն գրանցեց։ «Ջոկեր»֊ի դեպքում ամեն ինչ կառուցված էր դերասանի անհատական խաղի ու էմոցիաների վրա, իսկ «Մակաբույծը» ընդհանուր աշխատանք էր։ Իհարկե, մեկը մյուսի հետ համեմատել պետք չէ։ Այս տարի «Օսկար»֊ն առանձնանում էր նրանով, որ իսկապես արժանի նախագծեր էին ներկայացված՝ մեկը մեկից լավը։ Կա մի ֆիլմ, որը հատուկ կառանձնացնեմ՝ մասնագիտական տեսանկյունից շատ եմ հավանել «1917» ֆիլմը և ուրախ եմ, որ այն ևս մրցանակների արժանացավ»,֊ասաց Աննան։

Դերասանուհի Անի Լուպեն դեռ չի հասցրել դիտել և ծանոթանալ «Օսկար»֊ի արդյունքներին, սակայն դիտել է ֆիլմերն ու իր համար առանձնացրել նախընտրելիները․
«Ինձ համար նախընտրելի ֆիլմեր կային, որոնցից առաջինը «Մակաբույծ»֊ն էր։ Ես կորեական ֆիլմեր շատ եմ դիտում, սակայն այս մեկն ամեն ինչով կարողացավ գրավել։ «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթած Խոակին Ֆենիքսի համար շատ ուրախ եմ, որովհետև ես ավելի վաղ իր հարցազրույցներն էի կարդում ու հասկացա, թե ինչ բարդ է իր համար եղել նիհարելը, կզակն ընդգծելը, որքան է նա պատրաստվել կերպարին և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես»։

Դերասաններ Սամվել Թոփալյանն ու Ավո Խալաթյանն այս տարի «Օսկար» մրցանակաբաշխությանը չեն հետևել։








