«Կինստագրամ». առաջին լուսանկարները Քրիստինա Եղոյանի, Արուս Տիգրանյանի, Դիանա Տորեսի, Գոշի մասնակացությամբ նոր սիթքոմից

12:51 • 07.03.20

«Կինստագրամ». այսպես է կոչվում «Արմենիա TV»-ի և «Արմենիա Պրեմիումի» նոր սիթքոմը, որտեղ 3 ընկերուհի՝  հոգեբանի մարմնավորող Քրիստինա Եղոյանը, լրագրողի կերպարով Արուսիկ Տիգրանյանն ու դիզայների դերով Դիանա Տորեսը կներկայացնեն իրենց պատմությունները:

Նախագծի ռեժիսորը Հարութ Շատյանն է: «Կինստագրամը» եթերում կլինի մարտի 14-ից, նկարահանումներն արդեն մեկնարկել են: Tert.am Life-ը եղել է նկարահանման հրապարակում և ներկայացնում է բեքսթեյջն ու մանրամասները:

«24 մասից բաղկացած այս խիստ կանացի ձևաչափը ներկայացնում է, թե ինչպես կինն Ինստագրամում, արդեն՝ Կինստագրամում կգտնի տարբեր ստացված կամ ոչ այնքան ստացված խորհուրդներ: Այս էջը բացում է մեր հերոսուհիներից մեկը՝ լրագրողից հինգ պակաս Անուշիկը: Նախագծի ընթացքում բոլոր հերոսուհիների մոտ կտեսնենք անձնական, սիրային իրավիճակներ, որոնք կհայտնվեն աղջիկների էջում՝ «Կինստագրամում»: Ամեն մեկն իր մասնագիտությանը համահունչ գրում է բլոգ, նկարում վլոգ: Այստեղ կա սեր, երիտասարդություն, հումոր: Ադապտացիա չենք արել, 0-ից գրված սցենար է, կերպարները վառ են ու ծիծաղաշարժ, իրադարձությունները՝ դինամիկ: Վստահ եմ՝ հեռուստադիտողները կհավանեն այն»,- ասաց նախագծի պրոդյուսեր Արա Բաղդասարյանը: Թե ինչու «Կինստագրամ», Արան չցանկացավ մանրամասնել, սակայն խոստացավ հետաքրքիր զարգացումներ:

Քրիստինա Եղոյանը թեև վաղուց է ներկայանում որպես դերասանուհի, առավել հայտնի դարձավ Զառայի հումորային կերպարով: Սիթքոմում նրա նոր հերոսուհին՝ Հռիփսիմեն, տրամագծորեն տարբերվում է նախորդ կերպարից՝ խելացի, խիստ, կայացած աղջիկ է: Դերասանուհին նշեց, որ մասնագիտությամբ հոգեբան հերոսուհին Ինստագրամին լուրջ տեղ չի հատկացնում, հետաքրքրված է միայն գրքերով, իր հաճախորդներով, հոգեբանական սեանսներով:

Զառայի ժեստիկուլյացիան, կերպարային առանձնահատկությունները տարիներ շարունակ ուղեկցել են Քրիստինային, հիմա նա ամեն ինչ անում է՝ նոր կերպարի առանձնահատկությունները գտնելու և մատուցելու համար:

«Դա բավականին բարդ էր: Առաջին նկարահանմանն ինձ մոտ նույնիսկ սթրես սկսվեց, ընդհուպ՝ մտածում էի չփորձելու մասին: Կարողացա հաղթահարել դա, երբ սցենարիստների հետ զրույցում ավելի խորը հասկացա կերպարիս առանձնահատկությունները: Պիտի փորձեմ նույն հետաքրքրությամբ ու ոգևորությամբ կերտել Հռիփսիմեին ու թույլ չտա, որ զիջի նախորդ կերպարիս: Կարծում եմ՝ այս կերպարը նույնպես կսիրվի: Ամեն ինչ կանեմ, որպեսզի այն ունենա իր առանձնահատկություններն ու հետաքրքրությունները»,- ասաց դերասանուհին:

Դիանա Տորեսը մարմնավորում է սիթքոմի սեքսուալ և գլամուր հերոսուհուն՝ Մերիին: Նախագծում շեշտադրված է նրա արտաքին տեսքը, իրական կյանքում էլ Դիանան մեծ ուշադրություն է դարձնում դրան, խոստովանում է՝ սիրում է գլամուրը:

«Արտաքին շեշտերով ընդհանրություններ ունեմ կերպարիս հետ, ես էլ եմ սիրում գլամուրություն, ֆոտոշարքեր, սակայն բնավորությամբ տարբեր ենք՝ գումարով ամուսնանալն ու շահամոլությունն իմ մասին չեն,- ասաց նա ու հավելեց, որ իր կերպարները բաց են, բայց իր կարծիքով՝ ոչ վուլգար: -Մենք ունենք ոճաբան: Եթե ոճաբանը կարծում է, որ հագուստն իմ կազմվածքին համապատասխան է, վուլգար չէ, ուրեմն հագնում եմ: Ես սիրում եմ բաց, բայց ոչ վուլգար հագուստ»:

Սա Դիանայի առաջին հեռուստատեսայի դերն է, նա հույս հայտնեց, որ հանդիսատեսը կընդունի իրեն. «Ամեն ինչ անում եմ, որպեսզի լավ ստացի: Ակնկալում եմ, որ հետագայում ավելի մեծ դռներ կբացվեն իմ առաջ»:

Մի քիչ քյարթու, մի քիչ կնամոլ. սիթքոմում այսպիսի դեր է բաժին հասել Գոշին: Ասում է՝ իրենց միակ ընդհանրությունն այն է, որ ինքն է խաղում այս դերը: «Հերոսս քյարթու է, բայց գիտի՝ ինչ  է Ինստագրամը: Այսպիսի կերպար դեռ չեմ խաղացել, հավես տղա է, բայց ինձ հետ ոչ մի ընդհանրություն չունի: Շատ համառ է, երբեք չի ընդունում, որ սխալ է, շատ է սիրում աչքերով չափչփել աղջիկներին, ծանոթանալ նրանց հետ»,- ասաց նա:

Ինստագրամի ակտիվ բաժանորդ Գոշից հետաքրքրվեցինք, թե սոցիալական ցանցում աղջիկների վարքի մեջ ինչն է իրեն նյարդայնացնում, պատասխանը հստակ էր՝ այն, որ իրենք չեն:

Դերասանը միաժամանակ ներկայանալու է «Կինստագրամ» սիթքոմում և «Շիրազի Վարդը» հեռուստասերիալում: Նա նկատեց, որ դա հեշտ չէ: «Ես չեմ կարող արդյունքը համեմատել, որովհետև ոչ ոք նման բան չի արել, խոսքս սիթքոմում ու սերիալում միաժամանակ գլխավոր դերերով ներկայանալու մասին է: Չգիտեմ՝ մարդիկ ինչպես կարձագանքեն, հուսով եմ՝ լավ: Ինձ համար խնդիր կա, որպեսզի կերպարները չմիքսեմ իրար, սակայն օգնում է փաստը, որ նախագծերը ձևաչափերը բացարձակ տարբեր են: Փորձում եմ անել իմ լավագույնը»,- ասաց նա:

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

«Կինստագրամ». առաջին լուսանկարները Քրիստինա Եղոյանի, Արուս Տիգրանյանի, Դիանա Տորեսի, Գոշի մասնակացությամբ նոր սիթքոմից