Women's club-ն առայժմ եթերում չի լինի, ակումբի Եվրոպայից վերադարձած անդամներն ինքնամեկուսացված են, նկարահանումները՝ դադարեցված
Women's club-ն այս շաբաթ արդեն եթերում չի եղել։ Պատճառն այն է, որ ակումբի անդամները մարտի 14-ին են Եվրոպայից վերադարձել Հայաստան և նախագծի պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանի նախաձեռնությամբ գնացել են 14-օրյա ինքնամեկուսացման։
Tert.am Life-ի հետ զրույցում Վլադիմիրը նշեց, որ թիմի բոլոր անդամներն իրենց լավ են զգում։ «Մեր վերադարձի հաջորդ օրը ես անձամբ եմ շտապ օգնություն կանչել, որպեսզի բացառենք որևէ մեկի մոտ խնդրի առկայությունը։ Բոլորն իրենց լավ են զգում, ուղղակի սա պետք էր անվտանգությունից ելնելով։ Պատասխանատվության հարց է։ Այն ժամանակ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարված չէր, բայց, հաշվի առնելով պահի լրջությունը, ես ինքնամեկուսացման որոշում էի կայացրել դեռ մինչև վերադարձը»,- ասաց նա։
Նշենք, որ միայն Լուիզա Ներսիսյանի մոտ էր ջերմություն նկատվել, սակայն նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը բացասական է եղել։
Հարցին, թե ակումբի անդամները որքանո՞վ են խիստ հետևում ինքնամեկուսացման կանոններին, Վլադիմիրը պատասխանեց. «Զենքը ձեռքիս չեմ հետևում, սակայն վստահում եմ բոլորին»։
Պրոդյուսերը չգիտի՝ որքան ժամանակ կբացակայեն եթերից։ Հստակ է միայն այն, որ քանի դեռ Հայստանում արտակարգ դրություն է, հանդիսատեսով նկարահանում չեն ունենալու։ Առանց հանդիսատեսի կամ այլ ձևաչափով նկարահանում կունենա՞ն, թե ոչ, առայժմ չգիտի, քննարկումները կսկսեն, երբ ավարտվի 14-օրյա ինքնամեկուսացումը։
«Բնաբակաբար, հետևում ենք երկրում հաստատված կարգին. հանդիսատեսով նկարահանումը բացառվում է։ Այլ ձևաչափով նկարահանում կանե՞նք, թե՞ ոչ, դեռ չեմ կարող ասել։ Մեր ինքնամեկուսացման ժամկետը լրանում է մարտի 28-ի երեկոյան։ Թե հետո ինչ կլինի, որքան ժամանակ կբացակայենք եթերից, պատասխան չունեմ։ Ես իմացա, որ նույնիսկ ֆուտբոլային հանդիպում է եղել դատարկ մարզադաշտում, հանդիսատեսի ձայնը միացրել են աջակցության համար։ Գուցե այլ ձևաչափ մտածենք, գուցե ուղղակի պատրաստվենք և մեծ թափով վերադառնանք արտակարգ դրությունից հետո»,- ասաց նա։
Ակումբի ելույթները Փարիզում և Մոդկվայում չեղարկվեցին։ Սա նաև ֆինանսական հարված էր, սակայն պրոդյուսերը նկատեց, որ կարող էր ավելի վատ լինել։
«Բնաբակաբար, ֆինանսական վնաս կրել ենք, սակայն ֆինանսական վնասն ավելի մեծ կլիներ, եթե միայն Փարիզի ելույթի համար մեկնած լինեինք կամ ավելի շատ ելույթներ չեղարկվեին։ Շատ ավելի մեծ վնաս էր Մոսկվայի ելույթի չեղարկումը, քանի որ այն նաև նկարահանում էր։ Եթե օրերի տարբերությամբ հասցնեինք ելույթ ունենալ Մոսկվայում, 2 եթեր կապահովեինք։ Այս տեսանկյունից վատ էր, սակայն երբ նայում ենք, թե ինչքան բան հասցրեցինք անել, գուցե պետք է գոհանանք եղածով, որովհետև կարող էր ավելի վատ լինել»,- ասաց նա։








