«Այս փուլը նաև լավ առիթ է ընտանիքի հետ տանը ժամանակ անցկացնելու հանար». Աշոտ Տեր-Մաթևոսյանը դադարեցրել է իր սերիալի նկարահանումները
Աշոտ Տեր-Մաթևոսյանի «Արմատներ» հեռուստասերիալը դադարեցրել է նկարահանումները։ Tert.am Life-ի հետ զրույցում Աշոտն ասաց, որ օրեր առաջ նման որոշում է կայացրել պայմանավորված երկրում տիրող արտակարգ իրավիճակով։
«Մեր կառավարությունն այնքան ջանքեր է գործադրում, որպեսզի վարակվածության աստիճանը շատ չլինի։ Ամբողջ աշխարհում են հորդորում մնալ տալը և գիտակցաբար մոտենալ հարցին։ Ես եկա նկարահանումները դադարեցնելու եզրահանգման, որովհետև կարող էինք վտանգել յուրաքանչյուրի առողջությունը,- ասաց նա ու հավելեց, որ վերջին օրերին աշխատանքը շատ էր բարդացել,- Վերջին նկարահանումների ժամանակ արդեն բարդություններ կային։ Սրճարանների գործունեությունը դեռ չէր սահմանափակվել, բայց շատերը չէին աշխատում, այն տներում, որտեղ նկարահանումներ էինք անում, մարդիկ վախենում էին»։
Աշոտը հայտնեց, որ իրենց պատմությունն ավարտված չէ. «Կարելի է ասել, եթերաշրջանն է ավարտված որոշակի հանգուցալուծմամբ։ Այս շաբաթ եթերում կլինեն վերջին սերիաները։ Դեռ կվերադառնանք եթեր, բայց թե երբ կվերսկսենք աշխատանքները, պատասխանել ոչ ոք չի կարող, քանի որ իրավիճակն անկանխատեսելի է»։
Դերասանի համար այս փուլը կլինի միայն ստեղծագործական։
«Նկարահանումներ չկան, կորպորատիվներ, բնականաբար, նույնպես, թատրոնները պետական կառույցներ են, փակ են։ Այս փուլը նաև լավ առիթ է ընտանիքի հետ տանը ժամանակ անցկացնելու հանար»,- ասաց նա ու հավելեց, որ շատ վաղուց տանը ժամանակ չէր անցկացրել։
Աշոտը նկատեց, որ սովորաբար վաղ առավոտից մինչև ուշ երեկո աշխատում է, հաճախ, առանց հանգստյան օրվա։
Հարցին՝ այս փուլում դստեր հետ ավելի շատ ժամանակ անցկացնո՞ւմ է, պատասխանեց. «Եթե տանից դուրս չենք գալիս, դա մի քիչ դժվար է»։
Դերասանի խոսքով՝ անձամբ ինքը կորոնավիրուսից վախ չունի։ «Եթե ինձ մնար և հնարավորություն լիներ, էլի կաշխատեի, ուղղակի տեսնում եմ, թե մարդիկ ոնց են վախենում, բնականաբար, ինձ մոտ էլ անհանգստություն է առաջանում։ Չգիտեմ ինչու՝ մտածում եմ ինձ ոչինչ չի լինի, չեմ վարակվի, բայց կարող է և ես վարակակիր լինեմ։ Ոչինչ չես կարող բացառել։ Պետք է շատ ավելի զգույշ լինենք մեծահասակների հետ, որովհետև վտանգավոր գոտում են»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է այս ամենի տնտեսական հետևանքին՝ Աշոտը նկատեց, որ այս իրավիճակը տնտեսապես անդրադառնում է բոլորի վրա։ Այնուամենայնիվ, առանց աշխատելու ապրել ինքը դեռ որոշ ժամանակ կարող է։







