Չնայած մրցույթը չեղարկելուն՝ մայիսին կկայանա «Եվրատեսիլ 2020» մեծ համերգ

17:31 • 01.04.20

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թեև չեղարկել են նախագծի մրցութային հատվածը, երկրպագուներին երաժշտական մեծ տոն կպարգևեն։

Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է․ ««Եվրատեսիլ․ Եվրոպան փայլում է» ոչ մրցութային համերգի ընթացքում ելույթ կունենան այս տարի ներկայացված 41 մասնակիցը։ Նրանց միանալու են նաև նախորդ տարիների մասնակիցները։ Երկրպագուների և հեռուստադիտողների համար լինելու են մի շարք անակնկալներ։ Համերգը տեղի է ունենալու մայիսի 16-ին, այն օրը, երբ նախատեսված էր անցկացնել «Եվրատեսիլ 2020»-ի եզրափակիչը»։

Ինչպես հայտարարել է մրցույթի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը, համերգը տևելու է երկու ժամ և հեռարձակվելու է «Եվրատեսիլ»-ի Youtube-ի պաշտոնական ալիքով։ Հայտարարության մեջ նշված է, որ հեռարձակման և ձևաչափի վերաբերյալ այլ մանրամասներ կհայտնեն ավելի ուշ։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով առկա սահմանափակումների շրջանակում «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվել է։ Հայաստանն այս տարի պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը՝ «Chains on you» երգով։

Չնայած մրցույթը չեղարկելուն՝ մայիսին կկայանա «Եվրատեսիլ 2020» մեծ համերգ