Գարիկի երեկոյան շոուն, 3 սիթքոմ, Դիանա Գրիգորյանի նոր սերիալն ու այլ նախագծեր՝ «Արմենիա ТV»-ի նոր եթերաշրջանում

16:55 • 10.09.20

Նոր սիթքոմեր, ժամանցային շոու ծրագրեր, հեռուստասերիալներ և այլ նախագծեր, որոնցով «Արմենիա ТV»-ի ստեղծագործական թիմը խոստանում է գերհագեցած եթերաշրջան: Հեռուստաընկերության գլխավոր տնօրենի ստեղծագործական գծով տեղակալ Ռոբերտ Մարտիրոսյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է սպասվող եթերաշրջանի մասին՝ այն բնորոշելով որպես սուպերեթերաշրջան։

«Իր բազմազանությամբ ու հագեցվածությամբ այս եթերաշրջանը եզակի է, անգամ մեզ համար։  Փորձել ենք անել հնարավորը, հեռուստադիտողներին որակյալ եթեր ապահովելու համար՝ բազմաժանր, գունավոր ու դիտարժան։ Կարևոր է, որ մեր եթերում հետուստադիտողը կարող է գտնել այն, ինչ իրեն հետաքրքիր է՝ սիթքոմներ, սերիալներ, ինտելեկտուալ հաղորդումներ, ճանաչողական հաղորդաշարեր, երաժշտական շոուներ, սպորտային ամենակարևոր իրադարձությունները, լրատվական, վերլուծական թողարկումներ, մի խոսքով, մենք ստեղծում ենք հեռուստաբովանդակություն, որը տարիներ շարունակ սիրվում է ու գնահատվում մեր դիտողի կողմից»,- ընդգծեց Ռոբերտը:

Նա հայտնեց, որ այս աշնանը եթերում կլինի միանգամից 3 հումորային նախագիծ. «Արդեն սիրելի ու հարազատ դարձած դերասանների մասնակցությամբ, եթեր են վերադառնում  «Հարս չկա 2»  և «Ֆեյք պապա» սիթքոմները։ Այս սիթքոմներում հեռուստադիտողը կտեսնի նոր պատմություններ, որոնք կմատուցվեն ինչպես հին դերակատարների, այնպես էլ նոր, թարմ կերպարների միջոցով։ Եթերում կլինի նաև «Դեպի ճամբար 2» երիտասարդական սիթքոմը, որը բարձր ռեյթինգ ապահովելուց հետո, այս անգամ կլինի ոչ թե 12 մասով, այլ 24 մասով»։

Սիթքոմերից բացի «Armenia TV»-ի  եթերում սպասվում է  ժամանցային 4 շոու: «Գարիկ Պապոյանը սկսում է նոր, երեկոյան ժամանցային նախագիծ ՝ «Գարիկի երեկոն», որի շրջանակում հեռուստադիտողները կտեսնեն հայտնի հյուրերի, իրավիճակային սկետչեր և ուղղակի բարձրակարգ հումոր։ Բացի այդ, սպասվում է երաժշտական մեծ շոու, որի նմանը հեռուստաեթերում չի եղել։ «Մենք մերոնցով»՝ տաղանդավոր «Կարեն&Սևակ» բենդի հետ: Նախագիծն ամեն շաբաթ կհյուրընկալի հայտնի արտիստների, որոնք կկատարեն  հեղինակային և այլ ստեղծագործություններ՝ յուրովի մեկնաբանմամբ։ Պրոֆեսիոնալ երաժիշտներ, սուպեր թիմ և տաղանդավոր հյուրեր, յուրահատուկ ձեռագրով երաժշտական մեգանախագիծ։ Արդեն իսկ եթերում է «Արուս, հասիր» ռեալիթի շոու նախագիծը, որտեղ մեր կողքին, իրենց երազանքներով ապրող մարդիկ կարողանում են իրագործել իրենց ցանկությունները՝ դառնալով շոուի գլխավոր հերոսը։  Հաջորդը «Երգիր, թե կարող ես» նախագիծն է. Վաչե Թովմասյանը հայ աստղերին շարունակելու է ենթարկել տարատեսակ փորձությունների, և նրանք շարունակելու են երգել ամենաէքստրեմալ պայմաններում»,- պատմեց Ռոբերտն ու հավելեց, որ հեռուսանովելների սիրահարների Դիանա Գրիգորյանը կներկայացնի իր հեղինակած  «Սարի աղջիկ» հեռուստասերիալը: «Շիրազի Վարդը» հեռուստասերիալն այս եթերաշրջանում կունենա կուլիմինացիոն զարգացումներ, որոնց հանգուցալուծումը կտրվի տարեվերջին:

Նա նշեց, որ եթերում շարունակվելու են բացառիկ ֆուտբոլային հանդիպումները, արդեն հեռուստադիտողին սիրելի հաղորդումներն ու սերիալները։ ««Արմենիա TV»-ն իր հեռուստադիտողին կմատուցի նաև բոլորովին նոր՝ աչք շոյող ձևավորում, որը նոր շունչ կբերի հեռուստաեթերին»,- ասաց Ռոբերտը։

Գարիկի երեկոյան շոուն, 3 սիթքոմ, Դիանա Գրիգորյանի նոր սերիալն ու այլ նախագծեր՝ «Արմենիա ТV»-ի նոր եթերաշրջանում