«Փորձում ենք ամեն ինչ անել հեռուստադիտողին գոհացնելու համար». առաջին մանրամասները Դիանա Գրիգորյանի նոր սերիալի, հերոսուհու ընտրության և դերասանական կազմի մասին
«Արմենիա» հեռուստաընկերության եթերում շուտով կլինի սցենարիստ Դիանա Գրիգորյանի նոր` «Սարի աղջիկ» հեռուստասերիալը: Tert.am Life-ի հետ զրույցում Դիանան ասաց, որ մոտ մեկ շաբաթ է` նկարահանումները սկսվել են, նախատեսում են եթերում լինել սեպտեմբերի վերջից:
«Յուրաքանչյուր նախագիծ սկսելիս պատասխանատվության գերզգացողություն և լուրջ տրամադրվածություն կա, այս անգամ ուզում ենք ցույց տալ հայկական լեռնաշխարհը: Ցանկանում ենք այնպես անել, որ սփյուռքահայերը տեսնեն, կարոտեն ու հետ վերադառնան. գուցե հայրենի բնությունը նրանց տուն կանչի: Ցույց ենք տալու մեր մշակույթը, մատուռները, ավանդույթները, սովորույթները` սկած լավաշ թխելուց, վերջացրած գինու փառատոնով: Մենք նման նախագիծ երբեք չենք ունեցել, մեր ունեցած հետաքրքիր փառատոնները չենք նկարահանել, ավանդույթներ, սովորույթներ ցույց չենք տվել: Անելու ենք ամեն ինչ մեր հնարավորության սահմաններում այդ ամենը գեղեցիկ ներկայացնելու համար, քանի որ այդ ամենը կազմակերպելն ու ներկայացնելը մեծ ֆինանսների հետ է կապված»,-ասաց նա:

Դիանայի խոսքով` «Սարի աղջիկ» հեռուստասերիալը տարբերվող նախագիծ է: «Ես, առհասարակ, գիտեմ, թե ինչ է պետք անել բարձր վարկանիշ ունենալու համար: Բայց յուրաքանչյուր նախագիծ սկսելիս կարևոր է, որ չկրկնես քեզ, չկրկնօրինակես մեկ այլ սերիալ, որևէ զուգահեռ չանցկացնես մեկ այլ երկրի արտադրանքի հետ, նախագիծը պետք է լինի քեզնից ծնված, հային հարիր, հայի համար: Նման նախագիծ ստեղծելը, իհարկե, բարդ է, այդ պատճառով մենք երկար ենք մտածում, օրեր չենք քնում, փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի գոհացնենք հեռուստադիտողին: Շատ եմ ցանկանում, որ ըստ արժանվույն գնահատվենք, որովհետև մեր ստեղծագործական խմբի բոլոր անդամները հիմա սարերում են քնում, նկարահանումներ իրականացնում և քնում, արթնանում են այնտեղ ժպիտներով»,-ասաց Դիանան:
Նա նաև ասաց, որ ցանկացած նախագիծ սկսելիս պետք է միշտ առաջ շարժվել ևս մեկ քայլով. «Սա հենց մեր ստեղծագործական ու դերասանական անձնակազմի որդեգրած բանաձևն է: Յուրաքանչյուր նախագիծ իր սխալներն ունի, դրանք շտկելով, հեռուստադիտողի խորհուրդները լսելով՝ առաջ ես շարժվում»:
Նա նշեց, որ նախագծի համար հայտարարել էին օնլայն քաստինգ, որպեսզի բոլոր այն տաղանդավոր երիտասարդները, ովքեր նախկինում հնարավորություն չեն ունեցել մասնակցել քաստինգներին, կարողանան ցույց տալ իրենց հնարավորությունները:

«Ես հայտարարեցի, որ յուրաքանչյուր ոք, ով օժտված է տաղանդով, երազում է դերասանի կարիերայի մասին, հասկանում է, որ ունի այդ բնությունը, կրթված է կամ ինքնուս, կարող է նկարահանել էտյուդ և տեղադրել իր էջում: Հազարավոր մարդիկ, տաղադավոր երիտասարդներ հենց այդպես էլ արել էին: Այս քաստինգի իրականացմանը հենց կարանտինային իրավիճակը նպաստեց. յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակում պետք է կարողանաս լույս տեսնել,-ասաց նա և հավելեց, որ սերիալի գլխավոր հերոսուհուն` Աիդա Կարապետյանին, հենց օնլայն քաստինգի միջոցով են ընտրել,- Նա, ի դեպ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանի թոռնուհին է»:
Ըստ Դիանայի` քաստինգին մասնակցող դերասանների ընտրությունը շատ բարդ է եղել. «Ես մերժել էի տարածված գեղեցկությունը, ինձ սարի աղջիկ էր անհրաժեշտ: Քանի որ նկարահանումների ընթացքում ներկայացնելու ենք մեր վայրի և գեղեցիկ բնությունը, հետևաբար` գեղեցիկ ու վայրի բնության մեջ պետք է անգամ հերոսուհին լիներ բնական ու վայրի գեղեցկությամբ ու անպայման պարուհի լիներ, որպեսզի կարողանար պարել մեր հայկական պարերը»:

Աիդա Կարապետյանի հետ գլխավոր դերերում են Թելման Խաչատրյանը, Կարո Հովհաննիսյանը: «Ինձ մոտ բոլոր կերպարներն են խաղարկային ու գլխավոր, ոչ գլխավոր կերպարներ իմ նախագծերում չկան: Ընտրել ենք, ինչպես միշտ, դերասանական պինդ կազմ: Նախագծում են Հարություն Մովսիսյանը, Էմմա Մանուկյանը, Աշոտ Ղազարյանը, Անգնեսա Շահնազարյանը, Արտաշես Ալեքսանյանը, Անի Քոչարյանը, Աիդա Բաբաջանյանը, Արտաշես Մխիթարյանը, Ջուլիետտա Ստեփանյանը, Անահիտ Կիրակոսյանը, Գոռ Համբարձումյանը, Ռոման Բաբայանը, Անուշկա Մարգարյանը, Լիլիթ Բադալյանը, Անիտա Ավետիսյանը, Լուսինե Արշակյանը, Մարիա Պետրոսյանը: Սերիալում խաղում է նաև դերասան Նիկոլայ Եղիազարյանը, ում հետ վաղուց չէի համագործակցել»,-ասաց Դիանան:
Հարցին՝ դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նախագծում ընդգրկվա՞ծ է, Դիանան պատասխանեց. «Ժաննա Բուտուլյանը այս նախագծում չի նկարահանվում, քանի որ նկարահանվել է մեկ այլ նախագծում: Նա կլինի «Արմենիա» հեռուստաընկերության եթերում, բայց ոչ մեր նախագծով»:



Մարիամ Խաչատրյան







