«Հերոսական նովելներ». նոր նախագիծ սահմանին կանգնած տղաների մասին
«Արմենիա TV»-ի եթերում այսօրվանից կմեկնարկի «Հերոսական նովելներ» նոր շարքը, որն ամբողջացնում է հին ու նոր հերոսական պատմությունները պատերազմական օրերին:
Նախագծի ռեժիսորն ու պրոդյուսերը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը՝ Անահիտ Մխիթարյանը: Նախագծում նկարահանվում են Ալեքսանդր Խաչատրյանը, Սամվել Սարգսյանը, Վրույր Հարությունյանն ու այլ հայտնի դերասաններ:
«Մեր գործընկերներից շատերը, մեր ընտանիքի անդամներն ու հարազատները հիմա սահմանին են: Մենք գիտենք ու հավատում ենք, որ սահմանն ամուր է: Սահմանին կանգնած տղաների մասին հերոսական պատմություններն օգնում են մեզ հուսալ, սպասել ու հավատալ հաղթանակին: Այս բարդ օրերին մենք որոշեցինք ու իրականացրեցինք մի նախագիծ, որը կպատմի հերոսների մասին, որը կներշնչի հույս ու որի հերոսը կլինի հայրենիքի պաշտպանը»,- գրել է նախագծի ռեժիսոր Ելենա Արշակյանը և շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր միացել են նախագծին ու օգնել, որ այն իրականություն դառնա:
«Այս նախագիծը մեզանից յուրաքանչյուրի համար անչափ կարևոր է, մենք այս պատմություններին մոտեցել ենք մեծագույն պատասխանատվությամբ: Մենք եկել ենք մեկ անգամ ևս հիշելու, որ մեր հերոսները ծնվում են պատերազմի ժամանակ, բայց ծնվում են հանուն խաղաղության: Քո մասին ու քեզ համար, զինվոր»,- ընդգծել է նա:







