«Պարզ է, որ կարիքից դրդված է նման քայլի դիմել». Շողեր Թովմասյանը՝ իր մեքենայից կատարված գողության և ԱՄՆ մեկնելու մասին

16:07 • 17.12.20

Նախօրեին գողություն են արել դերասանուհի Շողեր Թովմասյանի մեքենայից: Կոտրել են դերասանուհու մեքենայի ապակին ու գողացել իրեր, որոնք նա այսօր իր հետ պետք է տաներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Tert.am Life-ի հետ զրույցում Շողերն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ոչ ուշ ժամի:

«Մեքենան բակում կանգնած է եղել, միացել է ազդանշանը, ես նույնիսկ չէի լսել, հարևանս է ասաց, իջա ու տեսա, թե ինչ է եղել: Պարզվում է՝ քաղաքի նույնիսկ ավելի լուսավոր տեղերում, նման դեպքեր են լինում օրական մի քանի անգամ: Ամերիկայի Միացյալ Նահանգներ գնալու համար գնումներ էի արել ու թողել մեքենայի մեջ: Հենց դրանք էլ գողացել են»,- ասաց նա և հայտնեց, որ ԱՄՆ է գնում մենակ: Մեկնելու նպատակը նաև հանգիստն է:

Շողերի խոսքով՝ չի ցանկանում այդ մարդուն վատություն անել. «Ճիշտ է, ոստիկանություն բողոք եմ ներկայացրել, բայց դա արել եմ մեքենայի ապահովագրության համար, որ հոգան մեքենային հասցված վնասի ծախսերը: Տվյալ մարդը գողություն է արել, բայց հարցը ոչ թե գողացված իրերն են, այլ երևույթը: Մարդկանց չեմ մեղադրում, որովհետև այնպիսի վատ դրություն է աշխատանք ունենալու, գումար վաստակելու հետ կապված, որ չգիտեն՝ ինչ անեն: Պարզ է, որ կարիքից դրդված է նման քայլի դիմել»:

Միաժամանակ դերասանուհին նկատեց, որ թեև փորձում է ըմբռնմամբ մոտենալ հարցին, երևույթը տհաճ է, այդ պատճառով էլ որոշել է հրապարակել տեսանյութը, որպեսզի մարդիկ հասկանան՝ չի կարելի նման բան անել: «Գողությունը լավ բան չէ: Կարծում եմ՝ արդեն տեսել է տեսանյութն ու իրեն վատ է զգում: Ուղղակի պետք է դաս տալ, որ նման բան չանեն այլևս, բայց եթե գտնեն այդ մարդուն, բողոքս հետ եմ վերցնելու»,- եզրափակեց նա: