«Տղերքը հերո՞ս էին, որ գնացին պատերազմ, թե՞ պատերազմ գնալուց հետո հերոս դարձան». շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերային

04:21 • 29.01.21

«Հարսանիք թիկունքում». այս խորագիրը վաղուց լայն տարածում ունի հայկական իրականության մեջ: Համանուն պիեսը գրվեց և բեմադրվեց Ապրիլյան պատերազմից հետո:  Ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ և որոշվեց այն էկրանավորել:

Ներկայացման էկրանավորումը պետք է լսարանին ներկայացվեր 2020 թվականի ապրիլի 2-ին, սակայն համավարակի պատճառով պրեմիերան հետաձգվեց: Այն ժամանակ հազիվ թե պատկերացնեինք, որ մինչև ֆիլմի պրեմիերան կտեսնենք մեծամասշտաբ պատերազմ ու ֆիլմը կդիտենք ավելի փոթորկված հույզերով:

Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին ռեժիսոր Արշո Հարությունյանը ներկայացրեց «Հարսանիք թիկունքում» ֆիլմը, որի պրեմիերային ներկա էին մշակույթի և շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ: Սա համավարակից ու պատերազմից ի վեր ամենամեծ միջոցառումներից մեկն էր, որին ներկա է եղել նաև Tert.am Life-ը:

Ֆիլմի առաջին դիտողներից շատերն արդեն տեսել էին ներկայացումը, սակայն ֆիլմն ունի իր արժեքը: Ներկայացման կենդանի շնչին ֆիլմում փոխարինում են «խոշոր պլանները», որոնք օբյեկտիվ պատճառներով թատրոնում բաց ենք թողնում:

Արշոն այս ֆիլմը նկարահանել է ներկայացման ձևաչափով. բացառությամբ մի քանի տեսարանի՝ իրադարձությունները ծավալվում են բեմում, սակայն ներկայացումը ներկայացում, ֆիլմը՝ ֆիլմ: Ռեժիսորը նկատում է, որ նկարահանողներն իրականացրել են ֆիլմի բոլոր օրենքներով: Սա էքսպերիմենտալ նախագիծ էր ռեժիսորի համար, որի առաջին գնահատողները դահլիճը լքեցին հուզված:

Ներկայացման դերասանական կազմը ֆիլմում չի փոխվել. խաղում են ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Հարությունյանը, Տարոն Գրիգորյանը, Արսեն Սաղաթելյանը, Ջեմմա Ադամյանը:

Պատերազմի մասին այս ֆիլմն ավելի շատ թիկունքում ապրող մարդկանց մասին է: Պատերազմը քաղաքներից հեռու է, բայց իր անդառնալի ազդեցությունն է ունենում քաղաքային կյանքի վրա:

Այս պատմությունը 2016-ին Ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին է, բայց դիտելիս շատ անուններ են գալիս աչքդ առաջ:

Պատմության առանցքային մասերից մեկը երկու ընկերների խոսակցությունն է, երբ պատերազմ գնալու մասին երբևէ չմտածած տղան ընկերոջը հարց է տալիս` սահմանը պահած տղաները հերո՞ս էին, որ գնացին պատերազմ, թե՞ պատերազմ գնալուց հետո հերոս դարձան։ Խոսքի մեջ տրված հարցն այդպես էլ օդում կախված է մնում՝ իր պատասխանը գտնելով իրականության մեջ, երբ պատերազմ գնալու մասին երբևէ չմտածած տղան կամավոր մեկնում է սահման ու առանց երկար մտածելու ինքն է մղվում առաջնագիծ ու դառնում հերոս։

Դրամատուրգ Անահիտ Աղասարյանի ձեռագիրն այս նախագծում էլ ակնհայտ է. պիեսը համեմված է մեր կենցաղի իրական դրվագներով, իրար սիրելու ու իրար հետ թեժ վիճելու հայկականությամբ: Ֆիլմում մենք ենք՝ կենցաղային քաղաքական վերլուծություններով, ենթադրություններով, կտրուկ գնահատականներով:

Ֆիլմի եզրափակիչ հատվածն այսօր ավելի քան արդիական է. այն ավարտվում է ռազմի դաշտում մտերիմ ընկերոջը կորցրած ու տուն վերադարձած կամավորի խոսքով. «Մենք կոտրվելու իրավունք չունենք. Զոհված տղերքը պահանջում են, որ մենք ապրենք»:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

«Տղերքը հերո՞ս էին, որ գնացին պատերազմ, թե՞ պատերազմ գնալուց հետո հերոս դարձան». շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերային