Կարեն–Սևակ երաժշտական զույգը փորձության կենթարկի հայտնի երգիչ–երգչուհիներին

13:11 • 06.03.21

Armenia TV-ի  նոր երաժշտական նախագծի՝ «Մենք մերոնցով»-ի մանրամասներն ու լուսանկարները

Մարտի 6-ից Armenia TV-ի եթերում կլինի «Մենք մերոնցով» երաժշտական նախագիծը, որը վարում է դերասան, հաղորդավար Ներսես Ավետիսյանը։ Նախագծի  ընթացքում նրան են միանում նաև նախագծի երաժշտական պրոդյուսերներ Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը:

Tert.am Life-ը զրուցել է նախագծի բեմադրող ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի, երաժշտական պրոդյուսերներ Կարեն Համբարձումյանի և Սևակ Մելքոնյանի հետ:

Հրաչ Քեշիշյանի խոսքով՝ Կարենն ու Սևակը երկար տարիներ է, ինչ այսպիսի մեծ շոու անելու մտահղացում ունեին: Քննարկումների արդյունքում թիմը ստեղծեց նոր ձևաչափ:

«Նախագիծն իր մեջ ներառում է երաժշտական մեծ էքսպերիմենտ, որտեղ Կարենն  ու Սևակը վերցնում են արդեն հայտնի ստեղծագործությունն ու երաժշտական նոր մոտեցում ցուցաբերում գործին: Ունենում ենք հյուր, որը ենթարկվում է երաժշտական փորձությունների: Մեր տաղավարում կա մեծ նվագախումբ, աշխատանքային գործընթացում շատ մարդիկ են ներգրավված, այդ թվում՝ բեք վոկալիստներ՝ Նաիրա Գյուրջինյանի սաները, պարային խումբ: Թեև հաղորդման տևողությունը երկար է, ամեն ինչ արագ և մեկ շնչով է անցնում:  Կա նաև հանդիսատես, բայց մարդիկ նստած են հեռավորության վրա, պահպանել ենք պարետատան սահմանած կանոնները»,- պատմեց նա:

Նախագծի երաժշտական պրոդյուսեր Կարեն Համբարձումյանն էլ ընդգծեց, որ վաղուց ուզում էին նման դրական հաղորդում ստեղծել:

«Armenia TV-ի հետ համատեղ ստեղծեցինք նախագիծը, ձևաչափը ժամանակային-երաժշտական է: Ամեն անգամ հյուր է գալիս հայտնի երգիչ-երգչուհիներից որևէ մեկը, ես և Սևակը փոփոխում ենք նրանց երգերի գործիքավորումը, այդ ընթացքը ցույց ենք տալիս եթերում, իմպրովիզ ենք անում: Այս ձևաչափը Հայաստանում դեռ չի եղել, բոլոր պրոֆեսիոնալ երաժիշտները մեզ հյուր են գալու, լինելու է կենդանի ձայն»,- հայտնեց Կարենը:

Սևակն էլ նկատեց, որ դաշտում բոլորն էլ իրենց ընկերներն են: «Դա կօգնի հաղթահարել որպես հաղորդավարներ մեր առաջին փորձը: Հաղորդումը մեզ հետ վարում է նաև Ներսես Ավետիսյանը: Մթնոլորտն այնպիսին է, որ երաժիշտների հետ շփումն էլ շատ ազատ է, բայց, անշուշտ, նախապես փորձեր ենք արել, որ ամեն ինչ ավելի լավ ստացվի»,- նշեց Սևակը:  

Կարեն–Սևակ երաժշտական զույգը փորձության կենթարկի հայտնի երգիչ–երգչուհիներին