«Շատ բարդ էր, բայց նկարահանումները չդադարեցրինք»․ առաջին կադրերը «Ախթամարի» վերջին սերիայի նկարահանումներից

13:25 • 09.03.21

Մարտի 18–ին եթերում կլինի «Ախթամար» հեռուստասերիալի վերջին սերիան։ Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը Tert.am Life–ին է տրամադրել վերջին սերիայի նկարահանումների բեքսթեյջ լուսանկարներն ու պատմել նախագծի նկարահանումների բարդությունների մասին։

Էդգար Իգիթյանի, Ռոմելա Սարգսյանի, Ալեքսանդր Բաբասյանի, Սարգիս Եղիազարյանի, Լիլիթ Սարգսյանի, Ելենա Բորիսենկոյի, Սոֆի Դևոյանի և այլ դերասանների մասնակցությամբ նախագիծը տևեց մոտ 7 ամիս։

Կարճաժամկետ նախագծերն ավարտվում են այն ժամանակ, երբ դեռ վարկանշային աղյուսակում բարձր տեղեր են զբաղեցնում։ Ելենայի խոսքով՝ այս առումով ափսոսանք չի ունենում։

«Մեծ սիրով  եմ ավարտում նախագծերը՝ վստահ, որ հաջորդիվ ևս լավ նախագիծ եմ ներկայացնելու։ Այս ձևաչափը, որով մենք սկսեցինք աշխատել, ինձ շատ է դուր գալիս․ հեռուստադիտողները չեն հոգնում, դերասանները չեն հոգնում, ես չեմ հոգնում։ Իհարկե, նամակներ ստանում ենք, որ չավարտենք նախագիծը, բայց ես դրա փոխարեն խոստանում եմ, որ ամենալավ նախագծերն առջևում են»,– ասաց նա և հավելեց, որ հեռուստասերիալի հանգուցալուծումը կլինի հետաքրքիր և տրամաբանական։ Ավարտին մոտ պրոդյուսերը խոստացավ ինտրիգային զարգացումներ։

«Ախթամարի» վերջին սերիայի նկարահանումները տեղի են ունեցել Սևանում։ Ելենան նկատեց, որ այս նախագծի նկարահանումներն իրականացրել են բավականին բարդ էտապում և շնորհակալություն հայտնեց դերասանական և ստեղծագործական կազմին՝ ոչ մի օր չբացակայելու համար։

«2020–ը շատ վատ տարի էր՝ քովիդ, հետո պատերազմ։ Այս նախագծի  նկարահանումներն իրականացրել ենք պատերազմի ամենաթեժ փուլում, թիմը շատ փորձությունների միջով է անցել,  բայց ոչ մի օր չենք բացակայել եթերից՝ չնայած բոլորի համար էր շատ բարդ։ Եղավ էտապ, երբ խոսեցինք նկարահանումները դադարեցնելու մասին, սակայն հասկացանք, որ պատերազմն ու կորոնավիրուսը կան անկախ մեզնից, նկարահանումները դադարեցնելու դեպքում մի ամբողջ թիմ առանց աշխատանքի կմնար, իսկ ամսվա վերջում նկարահանող խմբի յուրաքանչյուր անդամ կոմունալները վճարելու խնդիր էր ունենալու։ Չէինք կարող ուղղակի չաշխատել և պարապուրդի մատնել այդքան մարդու, որքան էլ դժվար էր, որքան էլ ամեն առավոտը սկսում էինք «ներկա–բացակա» անելով, թե սահմանում մեր հարազատներից ով է մեզ հետ, ով՝ ոչ։ Բացի այդ, հեռուստադիտողներն էլ գրում էին, որ նախագիծը նայելով գոնե մի քիչ ցրվում են»,– ասաց պրոդյուսերը։

Ելենան արդեն աշխատում  է նոր նախագծի ուղղությամբ։ Դերասանական այս կազմից ոմանք կլինեն նրա նոր հեռուստասերիալում։ Պրոդյուսերը նկատեց, որ նախագիծն ու կերպարներն են «որոշում», թե որ դերասանն իր հետ կմնա հաջորդ նախագծում, երբեմն էլ, հաշվի է առնում, որ տվյալ դերասանը որոշ ժամանակ հանգստանալու և էկրանին չլինելու կարիք ունի։ Նոր նախագծի մասին կպատմենք ավելի ուշ։

«Շատ բարդ էր, բայց նկարահանումները չդադարեցրինք»․ առաջին կադրերը «Ախթամարի» վերջին սերիայի նկարահանումներից