Էկրաններին է բարձրացել ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը. Էվա Խաչատրյանը, Անի Խաչիկյանը, Ժաննա Բուտուլյանը և այլք՝ ֆիլմի պրեմիերային

13:56 • 08.11.22

Նոյեմբերի 3-ից էկրաններ է բարձրացել ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը։  Ֆիմի պաշտոնական պրեմիերան կայացել էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում։ «Ավրորայի լուսաբացը» մասնակցել է փառատոնի միջազգային մրցութային ծրագրին եւ արժանացել «Արծաթե ծիրան» մրցանակին: Հաղթողին որոշում էր միջազգային ժյուրին՝ օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի գլխավորությամբ։

Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասները: 

ներկայումս հանդիսատեսը կարող է դիտել է անիմացիոն ֆիլմը մինչև նոյեմբերի 17-ը։ Նշենք, որ ֆիլմը Հայաստանի Ազգային կինոակադեմիայի կողմից ընտրվել է ներկայացվելու համար «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։

«Ավրորայի լուսաբացը»  ֆիլմի հիմքում Արշալույս Մարտիկյանի (նույն ինքը՝Ավրորա Մարտիկանյան) պատմությունն է։ 14-ամյա դեռատի աղջիկը հայտնվում է Եղեռնի սարսափելի ոճրագործությունների թիրախում, ականատես է լինում իր ամբողջ ընտանիքի սպանությանը, բռնում գաղթի ճամփան, հայտնվում թուրքական հարեմի գերության մեջ և անցնում անասելի արհավիրքներով։

Սակայն իր կամքի ուժի, խելամտության և անդրդվելի վճռականության շնորհիվ նրան հաջողվում է ողջ մնալ, և 1917թ-ին, Զորավար Անդրանիկի և «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ի օգնությամբ փրկություն գտնել ԱՄՆ-ում։ Այնտեղ նրա կյանքի իրական պատմության հիման վրա հրատարակվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում, իսկ 1919 թ.-ին Արշալույսը հերոսաբար համաձայնում է իր կյանքի դաժան փորձությունների մասին պատմող հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում ինքն իրեն մարմնավորել։

Ֆիլմի հիմքում Արշալույս Մարտիկյանի վավերագական արխիվային հարցազրույցներն են, որոնք ոչ միայն հնարավորություն են տալիս հանդիսատեսին տեսնել դաժան իրադարձությունների միջով անցած մարդու էությունը, այլև զգալ նրա ցավը, հիանալ նրա կամքի ուժով, տոկունությամբ, հավատով, դաժանության մեջ գեղեցիկը տեսնելու ու հիշելու նրա կարողությամբ:

Ավրորայի դերում Անժելիկա Հակոբյանն է, նա առաջին անգամ է գլխավոր կերպարով հանդես գալիս․

«Մինչ այս ունեցել եմ էպիզոդիկ դերեր։ Շատ ուրախ եմ, որ ինձ է վստահվել նման լուրջ ու պատասխանատու աշխատանքը: Մեծ հույսեր չունեի, քանի որ կային թեկնածուներ, որոնք իրական Ավրորային ավելի նման էին, բայց, երեւի, իմ խառնվածքի շնորհիվ հենց ինձ ընտրեցին։ Երբ իմացա, որ ֆիլմն անիմացիոն է, մտածեցի՝ ավելի հեշտ կլինի, բայց իրականում պարզվեց՝ խնդիրն ավելի բարդ էր, քան պատկերացնում էի: Անիմացիայի դեպքում պետք է կրկնակի ցույց տաս հույզերդ... Ռեժիսորի հետ աշխատանքի շնորհիվ կարողացա հաղթահարել բոլոր դժվարությունները»,- նշել է Անժելիկան:

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հիմնական նպատակն է խոսել Հայոց Ցեղասպանության մասին միջազգային հանրությանը հասանելի լեզվով, միևնույն ժամանակ ներկայացնել մեր ազգի պատմության ամենածանր ու ցավոտ թեման հաղթական տեսակետից:

Հայ կինոյի պատմության մեջ առաջին հայկական լիամետրաժ վավերագրական ֆիլմն է, որի պատմողական կառուցվածքը անիմացիան է: Այն պատկերում է նկարագրվող իրադարձությունը, հաղորդում տրամադրությունը և շաղկապում դեպքերի հաջորդականությունը:

Ֆիլմի անիմացիոն մասը համատեղ իրականցրել են հայ և լիտվացի նկարիչ-անիմատորները։ Ֆիլմում օգտագործված է գերմանացի կոմպոզիտորի կողմից հենց ֆիլմի համար գրված երաժշտություն, որը կատարել են Հայաստանի Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը և Պրագայի Ֆիլհարմոնիկ նվագախումբը։

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի սցենարի հեղինակներն են ռեժիսոր Իննա Սահակյանը, Կերստին Մեյեր-Բիցը եւ Պիտեր Լյախովը։ Պրոդյուսերներն են Քրիստիան Բիցը, Յուստե   Միխայլինայտեն, Կեստուտիս Դռազգաուստասը, Էրիկ Իսրաելյանը եւ Իննա Սահակյանը, կոմպոզիտորները Քրիստինե Աֆդերհարը, Անդրանիկ Բերբերյանը եւ Գարեգին Առաքելյանն են։

ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի ակադեմիական ներդրման շնորհիվ. դրա հիմքում ինստիտուտի «Բանավոր Պատմության» արխիվն է։

 

 

Էկրաններին է բարձրացել ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը. Էվա Խաչատրյանը, Անի Խաչիկյանը, Ժաննա Բուտուլյանը և այլք՝ ֆիլմի պրեմիերային