«Հայ երգիչ» նախագծի էտալոնային կերպարը երգիչ Հայկոն է. նախագծի ետնաբեմը, ընթացքն ու խորհուրդը

13:55 • 28.11.22

Հեռուստատեսային տևական դադարից հետո «Արմենիա» հեռուստաընկերության եթերում է  նոր՝ «Հայ երգիչ» երաժշտական նախագիծը, որը հնարավորություն է տալիս երիտասարդ երգիչներին ցույց տալ իրենց տաղանդը և աշխատել ոլորտի առաջատար դեմքերի հետ: Շաբաթներ շարունակ հեռուստադիտողի աչքի առաջ մենթորներն ընտրում են և աշխատում երիտասարդ երգիչների հետ, որոնցից միայն մեկն է արժանանալու «Հայ երգիչ» անվանակարգի կոչմանը:

Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին և ներկայացնում է նախագծի մանրամասները: 

Նախագծի ողջ ընթացքը ղեկավարում է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, որը մեզ հետ զրույցում ներկայացրել է նախագծի գլխավոր դերակատարությունը:

«Նախագիծը կայացավ և այն անպայման հստակ դերակատարություն կունենա երիտասարդ արտիստների ստեղծագործական կյանքում: Վերջին տարիները, որ անվերջ կորստի մասին էին, այլ խնդիրներ էին դրել հեռուստատեսության առջև և մի տեսակ անարդար էր նոր սերնդին զրկել հեռուստատեսությունից, այսպիսի մեծ նախագծերում մասնակից լինելուց, լավ մասնագետների հետ համագործակցելուց: Ես շատ շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, ովքեր մեր կողքին են և նրանց աջակցությամբ կարողացանք այս բարդ տնտեսական իրականության մեջ իրականացնել նոր երաժշտական մրցույթ: Ես շնորհակալ եմ մենթորներին, ովքեր մեծ նվիրումով են աշխատում իրենց սաների, արդեն կարող եմ ասել՝ հոգեզավակների հետ: Մեր թիմն ու հեռուստաընկերությունը ամեն բան անում են, որ արժանի ձևով ներկայանան բոլորը»,- ասաց Հրաչ Քեշիշյանը: 

Ցանցում մի շարք օգտատերեր քննարկում են մենթորների ընտրությունը, իսկ Հրաչ Քեշիշյանը շեշտեց՝ մենթորները ոլորտի առաջատարներն են և մասնեգետներ, որոնք ունեն անցած երաժշտական ուղի և փորձ:

«Գիտե՞ք որն է տաղանդավոր ու կայացած մարդկանց տարբերությունը «իմաստուն» ասացվածքներով խոսող զազրախոսներից. տաղանդավորները շռայլ են, առատաձեռն ու միշտ կարողանում են կիսվել իրենց տաղանդով: Այս նախագծի ուսուցչի աթոռին նստած յուրաքանչյուրն տաղանդավոր է և վաղուց ամրապնդել է իր տեղը հայկական փոփ մշակույթում: Նրանք իմ ընկերներն են և շատ հպարտ եմ դրանով: Ու հավատացեք, ընկերությունը ավելին է քան տաղանդը: Վստահաբար իմ տաղանդավոր ընկերներից յուրաքանչյուրը կարող էր լինել այս նախագծի մենթոր, բայց այս դեպքում սա մեր թիմի ընտրությունն է, որն ազատ է և փոխադարձ: Ես շնորհակալ եմ Էրիկ Կարապետյանին, Նաիրա Գուրջինյանին, Սրբուհի Սարգսյանին, Կարեն Համբարձումյանին և Սևակ Մելքոնյանին, ովքեր ընտրել են մեզ ու հենց սա թույլ է տալիս ֆլագման հեռուստաալիքին ֆլագման մեգանախագիծ ստեղծել, իրականացնել և տալ մեր շատ սիրելի հեռուստադիտողին»,- նշեց նա:

Ետնաբեմում է աշխատում դերասանուհի և երգչուհի Արփի Գաբրիելյանը, որը հանդիսանում է այս նախագծի հաղորդավարը և բեմը կիսում Միհրան Ծառուկյանի հետ: Մեզ հետ զրույցում Արփին պատմեց նախագծի կարևորության, ետնաբեմում աշխատանքի և նոր սերնդի մասին:

«Իսկապես անասելի հաճելի է, որ 4 տարի անց մենք հարթակ ենք ընձեռնում երիտասարդներին ցույց տալու իրենց տաղանդը: Ուրախ եմ, որ նմանօրինակ նախագծի մեկնարկը տրվել է հենց ինձ համար հարազատ հեռուսաընկերությունում: Աշխատանքը բարդ է, բայց ինձ համար շատ հաճելի, քանի որ ես հեռուստատեսություն եմ եկել հենց հաղորդավարուհու կերպարով: Նախագիծն իրականում հարթակ է բոլորի համար, երիտասարդները կարողանում են հայտնիություն ձեռք բերել և անգամ դուրս մնալուց հետո շարունակել աշխատել, երազել և ստեղծագործել»,- ասաց Արփի Գաբրիելյանը: 

Մեզ հետ զրույցում Հրաչ Քեշիշյանը նաև բացահայտեց, որ բեմը որոշակիորեն նմանեցված է երգիչ Հայկոյի թրիբյութ համերգի բեմին, իսկ դա ունի որոշակի խորհուրդ:

«Հայկոն վերջին երեսուն տարիներին, ասել է, թե անկախ Հայաստանի պատմության հայ երգչի իսկական կերպարն է, որտեղ միավորված են շատ հատկանիշներ՝ առաջին հերթին տաղանդ, ձայն, ճաշակ, ամենակրևորը՝ սկզբունքայնություն: «Հայ երգչի» համար որպես էտալոնային կերպար կարող ենք դիտարկել հենց Հայկոյին և շնորհակալություն Հայկոյին, որ տարիների ընթացքում փորձեց այս կերպարը պահել բարձր ու հիմա էլ իր շռայլությամբ էլի փորձում է սովորեցնել և մեզ, և նոր սերնդին։ Շնորհակալություն նաև բոլոր մասնակիցներին, ովքեր տաղանդավոր են, աշխատասեր: Ես վստահ եմ, որ մենք նրանց անունները շուտով շատ հաճախ ու բարձր ենք լսելու»,- ասաց Հրաչ Քեշիշյանը: 

 

 

Հեղինակ՝ Թերեզա Հովհաննիսյան