«Տղաների հետ աշխատանքը շատ հեշտ է ստացվել, չնայած նրան, որ Վարուժն ու Հայկն ունեն տարբեր խառնվածքներ». Լիլիթ Բադանյանը՝ նոր կերպարի, դերասանական խաղի և արտաքին փոփոխությունների մասին

19:11 • 21.02.23

 Դերասանուհի Լիլիթ Բադանյանն այն շրջանում նկարահանվում է «Մենք փնտրում ենք հարսնացու» 48-մասանոց կատակերգական մելոդրամայում, որը շուտով կհանձնվի հեռուստադիտողների դատին: Դերասանուհին այս նախագծում մարմնավորում է երիտասարդ աղջկա Տաթև անունով: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր կերպարի և նախագծի մասին: 

«Շատ թեթև, հետաքրքիր և խաղարկային կերպար է, որը տարբերվում է իմ նախորդ մարմնավորած կերպարներից: Մի աղջիկ է, որը գյուղից եկել է Երևան, այստեղ բնակվում է ժամանակավոր, իսկ նրա հարևանները գյուղից երիտասարդներ են, նույն ինքը Գարոն (Հայկ Հովհաննիսյան) և Գուգոն  (Վարուժան Մարգարյան):

Դերասանները նկարահանվել են «Անտառի տնակը 2»-ում և նրանց մարմնավորած հումորային կերպարները հեռուստադիտողը հասցրել է ճանաչել և սիրել:
«Այո, տղաների այս կերպարները հեռուստադիտողն արդեն հասցրել է տեսնել և սիրել, իսկ ես այսպես ասած թիմում նորեկ եմ: Այնուամենայնիվ, շատ հեշտ ընտելացել և ընկերացել եմ տղաների հետ, չնայած երկուսն էլ ունեն տարբեր խառնվածքներ, տարբեր դերասանական խաղ, բայց միևնույն է նրանց հետ աշխատելը շատ հետաքրքիր է: Վստահ եմ, որ հեռուստադիտողը կհավանի, թե՛ մեր խաղը, թե՛ սցենարային լուծումները: Կարևոր է, որ մեդիադաշտում լինեն նման որակյալ նախագծեր»,- ասաց նա:

Խոսելով նախագծերի մասնակցության և դերասանական խաղի մասին դերասանուհին հավելեց՝ հեռուստադիտողը նախկինում նրան տեսել է ծանր և դրամատիկ հեռուստասերիալներում, ինչպիսիք «Սարի աղջիկ»-ը և «Երդում» հեռուստասերիալը:

«Ինձ համար այս փորձը հետաքրքիր է և տարբերվող: Ինձ գրավում է հենց նախագծի թեթևությունը, հումորները, սցենարային լուծումները: Լիահույս եմ, որ հեռուստադիտողը կգնահատի նման կերպարային փոփոխությունը: Նաև կան որոշակի արտաքին փոփոխություններ, մասնավորապես՝ հագուստս շատ առօրյա է և այստեղ գանգրահեր եմ»,- նշեց Լիլիթ Բադանյանը:

 

«Տղաների հետ աշխատանքը շատ հեշտ է ստացվել, չնայած նրան, որ Վարուժն ու Հայկն ունեն տարբեր խառնվածքներ». Լիլիթ Բադանյանը՝ նոր կերպարի, դերասանական խաղի և արտաքին փոփոխությունների մասին