«Սյուրպրիզ» սիթքոմի 2–րդ եթերաշրջանի առաջին մանրամասներն ու լուսանկարները և նոր դերասանները

11:46 • 24.02.23

Արմենիա հեռուստաընկերության եթերում կլինի «Սյուրպրից» սիթքոմի 2–րդ եթերաշրջանն իր նոր զարգացումներով, դերասանական անձնակազմով և սցենարային լուծումներով։ 

Դեռևս առաջին եթերաշրջանում հեռուստադիտողն ականատես եղավ՝ ինչպես է կալանավորված ամուսինը (Գրիգոր Դանիելյան) վերադառնում Հայաստան և տեսնում իր կնոջը (Լուիզա Ներսիսյան), որն իր հերթին չի սպասել ամուսնուն և ամուսնացել է երիտասարդ մի տղայի (Արման Խաչատրյան) հետ։ 

Հանգուցալուծումները եղան այլ կերպ և ինչպես պլանավորած էր սկզբում նախագիծն ունի 2–րդ եթերաշրջան։

Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին ներկայացնում է սիթքոմի բեքսթեյջն ու առաջին մանրամասները։ 

Գրիգոր Դանիելյանը նշում է, որ նրանց համար կարևոր էր որակյալ աշխատանք ներկայացնելը և բարձր նշաձող պահելն, ինչպես նախորդ նախագծերում։

«Երբ սկսում էինք առաջին եթերաշրջանը, մենք վստահ էինք՝ այս անձնակազմը կհաջողի նախագծը և հեռուստադիտողը կսիրի, թե՛ նախագիծը, թե՛ դերասանական անձնակազմին։ Վերջին սերիայի հրապարակամից անց սկսվեց «բողոքի ալիք», քանի որ բոլորը սպասում էին, որ սուտը կբացահայտվի, մեղավորները կպատժվեն, բայց ամեն բան եղավ այլ կերպ։ Մարդիկ զուգահեռներ էին տանում «Ֆուլ–հաուս» նախագծի հետ, այսինքն մենք մրցում էինք մեր նախորդ նախագծի հետ և կարող եմ ասել, որ մեզ հաջողվեց գրավել հեռուստադիտողի սիրտը»,– ասաց Գրիգոր Դանիելյանը։

Գլխավոր հերոսուհու կերպարում է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, որը մեզ հետ զրույցում նշեց՝ կյանքում պատահում են դեպքեր, երբ անելանելի իրավիճակում ես և սիթքոմում ներկայացված է եղել հենց այդպիսի դեպք։

«Հերոսուհիս խճճվել է այս ողջ պատմության մեջ, բայց հետաքրքիր երկխոսություններով, հումորային դրվագներով և դերասանների հետ համագործակցության արդյունքում մենք ստանում ենք այսպիսի նախագիծ։ Իսկապես ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորը շղթայված ստիպված են խաբել միմյանց։ Ես ամբողջությամբ ընկղմվում եմ աշխատանքի մեջ և ինձ համար էական չէ, թե որտեղ ենք մենք իրականացնում նկարահանումները։ Ես կարողանում եմ ամեն ձևաչափում և տաղավարում աշխատել, բայց ինձ համար կարևոր է ընդունել խաղի կանոնները և շարժվել այդ կանոններով»,– նշեց Լուիզա Ներսիսյանը։ 

Երիտասարդ դերասան Արման Խաչատրյանի փորձը հումորային նախագծերում սկսվել է հենց «Սյուրպրիզ» սիթքոմի 1–ին եթերաշրջանում։ Դերասանը շեշտում է, որ դերասանական կրթությունը շատ է օգնում իրեն։

«Դեռևս նախկինում, երբ խոսել էինք նշել էի, որ դժվար է եղել նկարահանվել առաջին սերիայում, իսկ հետագայում ամեն բան հարթ է գնացել նաև խաղընկերներիս շնորհիվ։ 2–րդ եթերաշրջանում իմ ներկայությունը փաստում է նրա մասին, որ հեռուստադիտողը սիրել է իմ կերպարը և այս փուլում աշխատանքս կարող եմ բավարար գնահատել։ Թիմում և նման ձևաչափում աշխատելն ինձ համար իսկապես հետաքրքիր է, իսկ հեռուստադիտողին սպասվում են հետաքրքիր անակնկալներ, շատ հումորային տեսարաններ և լավ տրամադրություն»,– ասաց Արման Խաչատրյանը։ 

2–րդ եթերաշրջանում հեռուստադիտողը կտեսնի նաև երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանին, որը հայտնի է մի շարք հումորային նախագծերից։ Այս նախագծում Մարիամը մարմնավորում է երիտասարդ և առաջադեմ մի աղջկա, որը վերադարձել է ՌԴ–ից։

«Այս նախագծում մարմնավորում եմ վառ, խաղարկային, ազատ մի աղջկա Մաշա անունով, որը փորձում է տակնուվրա անել մի շարք մարդկանց առօրյան և նրա մոտ ստացվում է։ Ուրախ եմ ներգրավվել այս նախագծում և աշխատել այս թիմի հետ, որտեղ պրոֆեսիոնալներ են։ Վստահ եմ, որ այս կերպարին հեռուստադիտողը կսիրի, կերպարն էլ նոր գույն կտա նախագծին»,– ասաց Մարիամ Ալեքսանյանը։

Հեղինակ՝ Թերեզա Հովհաննիսյան 

«Սյուրպրիզ» սիթքոմի 2–րդ եթերաշրջանի առաջին մանրամասներն ու լուսանկարները և նոր դերասանները