Հումորներով և ընտանեկան վեճերով սիթքոմը նոր կերպարով է վերադառնում եթեր. «Բլբուլյաններ» սիթքոմի 4-րդ եթերաշրջանի առաջին լուսանկարները և մանրամասները

11:00 • 27.02.23

Հեռուստադիտողի կողմից արդեն սիրելի և հարազատ դարձած «Բլբուլյաններ» սիթքոմը եթեր է վերադառնում նոր կերպարով, հումորային հանգուցալուծումներով և տեսարաններով:

Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանման հրապարակում և ներկայացնում է նախագծի բեքսթեյջն ու մանրամասները։

Նկարահանման հրապարակում էին հեռուստադիտողին արդեն հարազատ դարձած դերասաններ Մհեր Մխիթարյանը և Արաքսյա Մելիքյանը: 

Դերասանուհու խոսքով այս կերպարը թույլ չի տալիս նրան հոգնել և ամեն անգամ նոր գույներ կան:

«Իրականում հետաքրքիր մի դրվագ մտաբերեցի, երբ առաջին օրերն էին նկարահանման ես կաշկանդվում էի, որ պետք է այլ տեսքով ներկայանամ, տնային տնտեսուհու հագուստով, վատ դիմահարդարմամբ, իսկ հիմա մոտեցումներս այլ են և երբեմն ռեժիսյորին, սցենարիստին ասում եմ՝ ավելի ահավոր գրիմ ու հագուստ կարո՞ղ ենք ունենալ (ծիծաղում է)»,- ասաց Արաքսյա Մելիքյանը:

Դերասանուհու գլխավոր խաղընկերը՝ Մհեր Մխիթարյանը նշում է, որ նախագիծը ստացված է և 4-րդ եթերաշրջանի պահանջարկ կա:

«Հեռուստադիտողը պետք է հումորով վերաբերվի տեսարաններին, երկխոսություններին, քանի որ այստեղ էլ ներկայացված է իրականությունը հումորային երանգներով: Որոշակի դադարների արդյունքում հասնում ենք նաև կարոտել դերասանական անձնակազմին, նաև տաղավար: Որևէ գլոբալ փոփոխություններ չկան, պարզապես իրադարձությունները շարունակում են զարգանալ»,- ասաց Մհեր Մխիթարյանը: 

Սիթքոմում լինելու է նոր կերպար. բլոգեր Նինա Տիտանյանը, որն էլ մարմնավորում է գլխավոր հերոսների Սամսոնի (Պոնչ/ Տարոն Իսպիրյան) և Շավոյի (Մհեր Մխիթարյան) քրոջ դերը, որը նույնպես մտնում է պայքարի մեջ տան կտակի համար: 

«Տղամարդ-կնոջ կերպար է, որը շատ մեծ թափ ունի: Կերպարը բոլորի հետ վիճաբանությունների մեջ է և բոլոր դերասանների հետ համարում եմ համագործակցությունս ստացված, քանի որ բոլորը շատ դրական ինձ ընդունեցին և շատ են օգնում: Այնուամենայնիվ կան դժվարություններ, քանի որ սա իմ առաջին փորձն է, հատկանշական է, որ ռեժիսորը ինձ շատ է օգնում և այդ դժվարությունները հաղթահարելի են»,- ասաց Նինա Տիտանյանը:

Հումորներով և ընտանեկան վեճերով սիթքոմը նոր կերպարով է վերադառնում եթեր. «Բլբուլյաններ» սիթքոմի 4-րդ եթերաշրջանի առաջին լուսանկարները և մանրամասները