Մատչելի ավիատոմսեր, թարմ ինքնաթիռներ և տարբեր ուղղություններով թռիչքներ. կայացել է «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության առաջին չվերթը
Այսօր կայացել է «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության բացման պաշտոնական արարողությունը, որը տեղի է ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Թռիչքները նախատեսված են հարմարավետ Airbus A321 ինքնաթիռներով՝ 220 նստատեղով։
Tert.am Life-ը ներկա է եղել բացման արարողությանը և ներկայացնում է մանրամասները:

«Հայկական Ավիաուղիներ» ավիաընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին, ավիափոխադրողի հիմնական առաջնահերթությունը թռիչքների անվտանգությունն է և սպասարկման բարձր մակարդակի ապահովումը, որն իրականացվում է նոր և հարմարավետ ինքնաթիռներով:
Առաջին չվերթն իրականացվել է Երևան-Մոսկվա ուղղությամբ, իսկ տոմսերի վաճառքը սկսվել է նախորդ շաբաթ, այդ կարճ ժամկետում սպառվել են 220 տոմսերը:

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության հիմնադիր-տնօրեն Արարատ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ իրավաբանորեն նոր ընկերությունը որևէ առնչություն չունի նախկին ազգային ավիափոխադրողի հետ, այնուհանդերձ, օդանավի վրա է «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի տարբերանշանն է, ՍՊԸ-ն ևս այդ տարբերանշանն է օգտագործում:
«Տարբերանշանը գնվել է այս նոր ավիաընկերության համար, չնայած աշխատանքները երկարատև էին, բայց եղավ առաջընթաց, փոխվեց ավիացիայի ղեկավարությունը, և սկսեցինք աշխատանքները, իսկ այսօր կայացավ առաջին չվերթը և պաշտոնական բացումը: Այժմ ունենք երկու ինքնաթիռ, որն ունի 220 նստատեղ ունի, ինքնաթիռները թարմ վիճակում են, այս տարի նախատեսում ենք համալրել. կունենանք 5 ինքնաթիռ, բայց պարկը չի փոփոխվելու»,- ասաց Արարատ Սարգսյանը:

Հիմնադիր-տնօրենը նաև նշեց ուղղությունների մասին և խոսեց առաջին չվերթի մասին:
«Ունենք 18 ուղղություն ՌԴ, հիմնական ուղղություններն այնտեղ են, իսկ հետագայում չվերթներ կունենանք Բեյրութ, Թել Ավիվ, Մալդիվներ և Կանադա, այսինքն ամռանն արդեն կարող են լինել չարթերային թռիչքներ Մալդիվներ: Առաջին չվերթն ընտրեցինք Երևան-Մոսկվա և Մոսկվա-Երևան հետադարձ, քանի որ հենց այս ուղղությունն ունի պահանջարկ: Սպասելիքներն արդարացվեցին, մեկ շաբաթում տոմսերը սպառվեցին»,- ասաց նա:

Խոսելով ավիաընկերության առավելությունների մասին՝ Արարատ Սարգսյանը նշեց, որ առավելությունները մի քանիսն են:
«Առաջին կետերից է տոմսի մատչելիությունը, մենք նաև շատ ենք կարևորում հարմարավետությունը, քանի որ թռիչքը պետք է լինի հարմարավետ, իսկ դա ապահովվել ենք նոր ինքնաթիռների առկայությամբ: Կարևոր կետերից է նաև ապահովությունն ու անվտանգ թռիչքը, որը նույնպես ապահովում ենք»,- նշեց Արարատ Սարգսյանը:
























