Ինքս ինձ կոչում եմ «ռեստորանային դրամատուրգ». Միքայել Կարսյանը՝ ինտերիեր դիզայնի, իր հաջողված նախագծերի և ոլորտի հեռանկարների մասին
Tert.am Life-ը զրուցել է IMAGEMAN նախագծային արվեստանոցի հիմնադիր և ղեկավար, ինտերիեր դիզայներ-ճարտարապետ Միքայել Կարսյանի հետ:
-Պրն Կարսյան, ինչպե՞ս որոշեցիք զբաղվել ճարտարապետությամբ և մասնագիտանալ ինտերիեր դիզայնի մեջ:
-Ես ծնվել եմ նկարիչների ընտանիքում: Սկզբում հետաքրքրվում էի գեղանկարչությամբ, բայց հետագայում, երբ այցելեցի ԱՄՆ` հորեղբորս արվեստանոց, դիզայնն ինձ ավելի հետաքրքրեց և շարունակեցի մասնագիտանալ այդ ոլորտում: Հայրս այդ շրջանում հայաստանյան ճանաչված ճարտարապետ-դիզայներ էր, ով զբաղվում էր ռեստորանների դիզայնով: Չցանկանալով ստեղծագործել հայրական հովանու ներքո, 1999 թվականին ստեղծեցի իմ ստուդիան և սկսեցի զբաղվել նույն աշխատանքով, բայց արդեն իմ արվեստանոցում, քանի որ շատ կարևոր էր կառուցել սեփական ուղին:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում ինտերիեր դիզայնը:
-Ինտերիեր դիզայնն առաջին հերթին ճարտարապետական միջավայրն է, որտեղ գտնվում է մարդը: Ես աշխատում եմ միայն հասարակական նախագծերի վրա՝ ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցներ և այլն, իսկ այդ ոլորտներում դու կարողանում ես ինքնաարտահայտվել: Ցանկացած ինտերիեր դիզայն թատերական ներկայացում է, որտեղ հաճախորդը հանդիսատեսի կարգավիճակում է, սպասարկող անձնակազմը՝ իրադարձությունների բեմում: Ինքս ինձ կոչում եմ «ռեստորանային դրամատուրգ», ինչը գուցե սկզբում ծիծաղելի է հնչում, բայց դու ստեղծում ես այդ միջավայրի ողջ կոնցեպտը` սյուժեն, պիեսը, որոնք ինտերիեր դիզայնի ուղղեցույցն ու հիմքն են հանդիսանում, նաև մեծ դեր ունեն տվյալ բիզնեսի հետագա առաջընթացի ու զարգացման համար:

-Կարո՞ղ եք նշել ռեստորաններ, սրճարաններ կամ հյուրանոցներ, որոնք ստեղծվել են Ձեր և Ձեր թիմի ձեռամբ:
-Առաջին աշխատանքը, որը ստեղծեցինք իմ դասընկերների հետ եղել է 2000 թվականին բացված «ARTBRIDGE» գրախանութ-սրճարանը, որն աշխատում է մինչ օրս և սիրված վայր է երևանցիների կողմից:
Հպարտությամբ կարող եմ նշել, որ քաղաքի լավագույն ռեստորաններից մի քանիսի դիզայնի հեղինակն եմ:
Օրինակ «KТOOR» ռեստորանը, որի կոնցեպտի հիմքն է Կոնդ թաղամասը, համալրված է առավել քան դիպուկ անվանումով: Հասկանալով, որ քաղաքին անհրաժեշտ էր երևանյան կոլորիտ, վերցրեցի այդ թեման և ստեղծեցի կիսաբաց խոհանոց, որտեղ մարդիկ տեսնում են ուտեստների պատրաստման գործընթացը, վայելելով միջավայրը:

Այստեղ փորձել եմ խտացված ներկայացնել երևանյան բակային ֆոլկլորն ու կոլորիտը, որը գրավում է թե՛ տեղացիներին, թե՛ զբոսաշրջիկներին:
«KATSIN» ռեստորանի դիզայնը նույնպես իմ աշխատանքն է: Կոնցեպտի հիմքում է հենց գործիքը՝ կացինը, որով կոտրում են թե՛ փայտը, թե՛ միսը: Առաջին դահլիճում ստիլիզացված մետաղական ծառն է, որը հանդիսանում է միջավայրի կոմպոզիցիոն էպիկենտրոնը և իր շուրջն է հավաքվում ռեստորանի մյուս դահլիճներն ու անտրեսոլային երկրորդ հարկը: Վերջնամասում է գտնվում թեման շարունակող բաց խոհանոցն իր գեղեցիկ սարքավորումներով ու դեկորատիվ էլեմենտներով:
«DARGETT BREWPUB»-ի հիմքում ընկած է արտադրական թեման` հին, բայց վերանորոգված գործարան կամ պահեստ, որից ստացել ենք ժամանակակից գարեջրի գործարան և ռեստորան: Բետոնի, փայտի և մետաղի օգտագործումը համադրված է բարձր առաստաղների և բաց օդափոխության համակարգի հետ, ստեղծելով լուսավոր և սրտաբաց միջավայր: Նկուղային հարկում տեղադրված սարքավորումը ներկայացնում է գարեջրի պատրաստման տեխնոլոգիան, իսկ ինտերիերի գունային մուգ կոլորիտն ու փափուկ նստատեղերը տրամադրում են երեկոյան ժամանցին:
«FOODPARK BY DOWNTOWN»-ի կոնցեպտը ՏՏ ոլորտն է, որն ընդհանուր համադրությամբ ստեղծում է միջավայր, որտեղ քեզ զգում ես ժամանակակից տեխնոլոգիաների մի մաս: Առօրյա ժամանցի և բազմատեսակ միջոցառումների համար նախատեսված այս կառույցն իր շուրջն է հավաքել ոլորտի մասնագետներին, առաջարկելով նաև բարձրակարգ սնունդ, որը գեղեցիկ ներկայացված է ժամանակակից բաց բուֆֆեում համալրված բարձր տեխնոլոգիաներով:

-Որքանո՞վ կարելի է ինտերիեր դիզայնի ոլորտը կայացած ճյուղ համարվել Հասյաստանում:
-Ոլորտն արագ զարգացող է, շատ պահանջված և գնալով ավելի է կայանում: Շուկան գերհագեցած է, սակայն բարձրակարգ մասնագետների պակասը շատ է զգացվում: Ցավոք, բազմաթիվ երիտասարդ ու անփորձ սկսնակներ ցածր արժեքներով վերցնում են մեծ նախագծեր, որոնք, բնականաբար, փորձի բացակայության պատճառով տապալվում են: Վստահ եմ մի օր նրանք էլ կդառնան լավ մասնագետներ ու կկայացնեն ոլորտը: Այսօր իմ կոլեգաներից ոմանք դիզայնին ու ճարտարապետությանը վերաբերվում են որպես արհեստ` զուտ գումար վաստակելու միջոց, բայց դա սխալ մոտեցում է: Սա բարձր արվեստ է և պետք չէ մոռանալ նաև սեփական անվան, ստեղծագործական համբավի ու գրագետ արդյունք ստանալու մասին:

Հեղինակ՝ Թերեզա Հովհաննիսյան







