«ԿյանքՍ». Աղաս Մանուկյանի նոր ներկայացման պրեմիերան, հայտնի հյուրերն ու BACKSTAGE լուսանկարները

12:16 • 03.04.23

Ապրիլի 1-ին կայացել է հումորիստ, դերասան Աղաս Մանուկյանի «ԿյանքՍ» Stand-up-ի պրեմիերան, որին ներկա էին մի շարք հայտնի հյուրեր և Աղասի կինն ու դուստրը:
Tert.am Life-ը ներկա է եղել պրեմիերային և ներկայացմում է մանրամասներն ու լուսանկարները:
Ներկայացումից առաջ Աղաս Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անկախ փորձից միևնույն է հուզմունքն ու պատասխանատվությունը կան:
«Անկախ նրանից՝ քանի տարի ես ոլորտում, որքան ինչքան ժամանակ է նկարահանվում ես կամ ելույթ ունենում միևնույն է, ամեն ներկայացումից առաջ դու հուզվում ես, քանի որ պատասխանատու ես այդ երեկոյի լավ տրամադրության համար: Այսօր հուզմունքս կրկնապատկված է, քանի որ պրեմիերային նաև ներկա են ընկերներս, որոնք ևս այս ոլորտի ներկայացուցիչներն են»,- ասաց Աղաս Մանուկյանը:


Խոսելով ներկայացման ձևաչափի և սցենարի մասին նա նշեց, որ երեկոյի ընթացքում նա ներայացնելու է հենց իր կյանքը հումորային դրվագներով, որոնք նաև պատահել են ցանկացածի կյանքում: Դերասանը շեշտում է, որ իր հումորներն ունեն իրական հիմքեր, այդ իսկ պատճառով հոգեհարազատ են լսարանին:
«Ես խոսում եմ մանկապարտեզից, դպրոցական տարիներից, այն շրջանից, երբ դեռևս հայտնի էր «Одноклассник» սոցիալական ցանցը և այսպես շարունակ: Սցենարը գրելիս շեշտադրել ենք դրվագներ, որոնք պատահել են ցանկացածի կյանքում: Օրինակ՝ նույն սոցիալական ցանցում տեղադրված ստատուսները, որոնք այժմ ծիծաղելի են թվում: Այս ներկայացման պարագայում որդեգրել ենք այլ մոտեցում, քանի որ մինչև գործընկերներիս դատին հանձնելը ես խաղացել եմ ներկայացումը հանդիսատեսի առաջ և կարծում եմ, որ նրանց արձագանքն ազնիվ գնահատականն էր հենց սկզբնական փուլում»,-նշեց հումորիստը:

 

Աղասը նաև նկատեց, որ այս ներկայացումը խաղալիս շատ են իմպրովիզներն ու ինտերակտիվ աշխատանքը:
«Ես հաճախ եմ անում իմպրովիզներ՝ ելնելով լսարանի տրամադրությունից, ընդհանուր հոգեվիճակից: Այս ներկայացման պարագայում ես շատ եմ խոսում նաև հանդիսատեսի հետ, նրանք ևս հաստատում են, որ ներկայացված բազմաթիվ դրվագներ պատահել են իրենց հետ, նաև իրենք են պատմում որոշակի դեպքերի մասին: Ներկայացման ավարտին չեմ ցանկանում բեմից իջնել և վայելում եմ դրական միջավայրը, մարդկանց ժպիտներն ու արձագանքը»,- նշեց նա:
Ներկայացման ընթացքում նաև ներկա էին մի շարք հայտնի հյուրեր, ինչպիսիք են՝ Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Լևոն Հարությունյանւ, Ժաննա Բուտուլյանը, Դիանա Գրիգորյանը, Մաշ Իսրայելյանը և այլք:
Ներկայացման հենց սկզբում էլ դրական մեկնարկն ազդարարեց Ռաֆայել Երանոսյանը, որը հոտնկայս և բարձր ծափահարություններով ողջունեց Աղաս Մանուկյանը: 

«ԿյանքՍ». Աղաս Մանուկյանի նոր ներկայացման պրեմիերան, հայտնի հյուրերն ու BACKSTAGE լուսանկարները