«Երգը գրվել է, երբ առաջին անգամ սիրահարվել եմ». Լոնը՝ «Սիրում եմ քեզ» երգի մասին

12:05 • 16.06.23

Ժամեր առաջ երիտասարդ դերասան, երգիչ Լոնը լսարանի դատին է հանձնել «Սիրում եմ քեզ» երգը: Tert.am Life-ի հետ զրույցում երգիչը պատմել է երգի ստեղծման և տեսահոլովակի մասին:

«Երգը գրվել է 2021 թվականի մայիսին, երբ առաջին անգամ զգացի, որ իսկապես սիրում եմ և առաջին անգամ եմ սիրահարվել: Երգն էլ հենց տեսահոլովակի աղջկա մասին է»,- ասաց երգիչը:

Երգիչը նշեց, որ երգի պրոդյուսինգով զբաղվում է նրա մանկության ընկերը՝ Արտակ Հայրապետյանը:
«Ինձ համար կարևոր է, որ կողքիս լինի մարդ, որը կհավատա իմ ուժերին, կսատարի: Ես ներկայացրեցի երգն ու տևական ժամանակ ես և Արտակն աշխատել ենք երգի վրա, փորձել, դիտարկել տարբեր տարբերակներ՝ հանգելով այս տարբերակի վրա: Հետագայում մենք ևս պատրաստվում ենք տարբեր աշխատանքներ ներկայացնել և սա սկիզբն է»,- նշեց նա: 

 

Խոսելով երաժշտական կարիերայի մասին երգիչը նշեց՝ նախկինում սիրել է cover տարբերակներ ներկայացնել և երաժշտական ուղու սկզբում մտածել է, որ տարբերվող ոճում երգերի տարբերակներ պետք է ներկայացնի:

«Առաջին անգամ երգ եմ գրել զինվորական ծառայության ժամանակ և հասկացա, որ կարող եմ և սկսեցի աշխատել այդ ուղղությամբ և շուտով լսարանի դատին եմ հանձնելու ևս մեկ նոր երգ: Այս փուլում ստեղծագործելու տեսանկյունից որոշակի դադար է, քանի որ որոշել եմ թողարկել այն երգերը, որոնք գրվել են նախկինում»,- նշեց նա:

Երգիչը նշեց, որ դրական արձագանքներ են եղել մինչև տեսահոլովակի հասանելի լինելը:
«Ես հասկացա, որ շատերը սպասում էին տեսահոլովակին և երգի ամբողջական տարբերակին»,- եզրափակեց Լոնը: 

 

 

«Երգը գրվել է, երբ առաջին անգամ սիրահարվել եմ». Լոնը՝ «Սիրում եմ քեզ» երգի մասին