«Հումորի լիգայի» 4-րդ եթերաշրջանի ետմաբեմը, վերջին փորձերը, անհաջող «թռիչքն» ու թիմերի ակնկալիքները՝ ով է լինելու 4-րդ եթերաշրջանի հաղթողը

21:42 • 29.07.23

Այսօր՝ 23:00-ին, Շանթ հեռուստաընկերության եթերում կլինի «Հումորի լիգայի» 4-րդ եթերաշրջանի եզրափակչի առաջին հատվածը: Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին և ներկայացնում է BACKSTAGE լուսանկարները և առաջին մանրամասները:

Նախագծի պրոդյուսերներ Արամ Մելիքյանը և Վահե Խաչատրյանը պատմեցին եզրափակչի ժյուրիի մասին և նշեցին, որ նախորդ փուլերում ներգրավված էին տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, իսկ եզրափակչի ընթացքում թիմերին գնահատելու են հայկական հումորի դեմքերը:
«Այսօր թիմերին գնահատելու են մարդիկ, որոնք հայկական հումորի տարբեր ժամանակների ներկայացուցիչներն են: ԱՄՆ-ից եկել է Վահագն Գրիգորյանը, որը «32 ատամ» նախագծի պրոդյուսերն է եղել, ժյուրիի կազմում են Ռաֆայել Երանոսյանը, Զիրոյանը և մեր մյուս լավ ընկերներն ու գործընկերները: Որպես ժյուրի կարևոր նշանակություն է ունեցել հումորիստ Գրիգ Գևորգյանը, որը եղել է այն եզակիներից, որ ներկա է եղել տարբեր փուլերի ժամանակ և հրաշալի ճանաչում է թիմերին,  նրանց կարողությունները, տեսել է նրանց աճն ու այլ ակնկալիքներ, պատկերացումներ ունի թիմերի մասին, իսկ Գրիգն այս փուլում հումորի ոլորտի առաջատարներից է և վառ ապացույցն է հենց հանդիսատեսն ու նրա ներկայությունը Գրիգի սթենդ-ափերին»,- ասաց Արամ Մելիքյանը: 

 

Խոսելով այս եթերաշրջանի նկարահանումների մասին Վահե Խաչատրյանը նշեց, որ ուրախ է ևս մեկ անգամ հարթակ տրամադրել սկսնակ հումորիստներին:

«Այսօր բեմում թիմեր են, որոնք եկել են լրիվ սկսնակ կարգավիճակով, իսկ այժմ կարողանում են հումոր գրել, զգալ հանդիսատեսին, աշխատել մեզ հետ: Ես իսկապես կարևորում եմ այս հարթակը, որտեղ զրոյից հավաքվում են թիմեր և իրականացվում է սերնդափոխություն հումորի ոլորտում: Ես տեսնում եմ մասնակիցների մոտ աճ, լիահույս եմ, որ նրանք շարունակելու են այս ճանապարհը, քանի որ նրանցից շատերն ունեն պոտենցիալ և սա միայն մեկնարկն է», - նշեց Վահե Խաչատրյանը: 

 

 

Իսկ նկարահանումների ետնաբեմում իսկական աժիոտաժ է, որտեղ թիմերը պատրաստվում են ելույթների, իրականացնում վերջին փորձերը և մեզ հետ զրույցում պատմում անցած ամիսների մասին:

«Թամադա շոու» թիմը ևս ձևավորվել է զրոյից, իսկ ներկայացուցիչները թամադաներ են, որոնք բեմում էլ անում են իրենց հատուկ հումորներ: Մասնակիցները նշում են, որ եզրափակչի համար պատրաստել են նորություն և բեմում լինելու է երկու մասնագիտությունների միքս, իսկ խոսելով անցած ամիսների մասին՝ նրանք նշեցին, որ նման փորձ ունենալը հաճելի է: «Թամադա շոու» թիմը վստահեցնում է, որ հաղթողը լինելու են իրենք, բայց հաղթանակի արժանի է եզրափակիչ անցած թիմերից յուրաքանչյուրը: 

 

«ԽԲ, XB» թիմը ևս ձևավորվել է զրոյից, իսկ նրանց է միացել տիկտոկեր Մերի Բաբայանը: 

«Ես կարծում եմ, որ հիմնական արժանիքները հենց Լևոնինն է և Դավիթինը, որոնք ունեն դերասանական հմտություններ և հենց այսօր փորձի ժամանակ էլ Դավիթը ստացել է վնասվածք, բայց այնուամենայնիվ շարունակելու է ելույթը»,- նշեց Մերի Բաբայանը։ 

Դավիթը մեզ հետ զրույցում նշեց, որ փորձը ստացված չէր, բայց միևնույն է ելույթը հասցրել են ձևափոխել:

«Պետք է զիփլայնով իջնեի բեմ, բայց, ցավոք սրտի չստացվեց փորձը, որի արդյունքում ստացա վնասվածք և կարճ ժամանակահատվածում մենք փոխեցինք ելույթը և արագ լուծումներ տվեցիիժնք խնդրին և հույս ունեմ, որ նման «մանրուքները» չեն խանգարելու ելույթին»,- պատասխանեց Դավիթը:

Լևոնն էլ նշեց, որ կարծում են՝ բոլոր մասնակիցներն արժանի են հաղթանակի, քանի որ բոլորը տարբերվում են և յուրահատուկ հումոր ունեն: 

«Էլի լավ ա» թիմի անդամները ելույթ ունենալուց առաջ պատմեցին, որ չնայած անցնող ամիսների միևնույն է լարվածություն կա, բայց ուրախ են, որ իրենց ելույթներով կարողացել են կոտրել որոշ կարծրատիպեր։

«Ես և Արոն ունենք ընկերներ, որոնք պատերազմի արդյունքում կորցրել են ձեռքը կամ ոտքը, բայց այժմ նրանք ևս ցույց են տալիս ամեն բան, չեն կաշկանդվում և դա միմիայն ուրախացնում է մեզ։ Մենք այս նախագիծ չենք եկել հաղթանակի համար, մենք եկել ենք, որ կոտրենք կարծրատիպեր՝ շարժվելով առաջ։ Գիտենք, որ շատ հակասական է ընդունվել այն ինչ մենք արել ենք, բայց նաև զգացել ենք հանդիսատեսի աջակցությունը»,– նշեց Էդմոնդը։ 

Վազգեն Գալուստյանը «Հումորի լիգայի» 4–րդ եթերաշրջանի եզրափակչում միակն է, որը ելույթ է ունենում միայնակ և ողջ ելույթները ներկայացվում են հենց սթենդ–ափի ձևաչափով։
«Անկեղծ ասեմ, որ չէի պատկերացնում ինձ եզրափակչում, հատկապես, երբ միայնակ եմ ելույթ ունենում, չնայած սցենարական առումով նախագծի թիմն օգնում է և սատարում։ Ես տեսել եմ թիմերի ելույթներն ու կարծում եմ, որ բոլոն իրենց տեսակի մեջ յուրահատուկ են, բայց ես կառանձնացնեմ «Էլի լավ ա» թիմին»,– ասաց Վազգենը։

Լուսանկարները՝ Էլեն Միքայելյան 

 

«Հումորի լիգայի» 4-րդ եթերաշրջանի ետմաբեմը, վերջին փորձերը, անհաջող «թռիչքն» ու թիմերի ակնկալիքները՝ ով է լինելու 4-րդ եթերաշրջանի հաղթողը