Հանդիպեցինք ինքնաթիռում և սիրահարվեցինք․ Լիլի Մորտոն՝ «5 секунд» երգն ամուսնուն նվիրելու և ռուսալեզու երգերի մասին

12:04 • 10.08.23

Օրերս Լիլի Մորտոն լսարանի դատին հանձնեց «5 секунд» երգի նոր՝ remix տարբերակը։ Tert.am.life-ի հետ զրույցում Լիլին ասաց, որ այս երգի ստեղծման շրջանակում աշխատել են ռուսական շոու բիզնեսի դեմքերի հետ։

«Համագործակցել ենք ռուսական շուկայում բավականին հայտնի մարդկանց հետ՝ երաժիշտների, երգի հեղինակների, գործիքավորողների և այլոց հետ։ Նրանց հետ աշխատել ենք ոչ միայն «5 секунд» երգի, այլև իմ ռուսալեզու մյուս երգերի վրա։ Ռուսերենով արդեն 12 երգ ունեմ, որոնք գրեթե բոլորն էլ ձայնագրված են։ Մանրակրկիտ աշխատանք է կատարվում նախքան լսարանի դատին հանձնելը»,– ասաց Լիլին։

Լիլիի խոսքով՝ ռուսերենով երգելու որոշումը պայմանավորված է ամուսնու գործոնով։

«Ամուսինս շատ է սիրում ռուսալեզու երգեր լսել, քանի որ գրեթե ամբողջ կյանքում բնակվել է ՌԴ-ում։ Հետևաբար՝ ռուսալեզու երգերը նրան հարազատ են, իսկ ես էլ մտածեցի այնպես անել, որ նա միշտ ինձ լսի (հեղ՝ ծիծաղում է)։ Հավելեմ, որ ինքս էլ իսկապես սիրում եմ ռուսալեզու երգեր լսել, այս շրջանում հենց դրանք են ինձ հոգեհարազատ»։

Նշենք, որ «5 секунд» երգը Լիլիի համար խորհրդանշական է, քանի որ այն նվիրել է իր ամուսնուն։

«Սա նվեր էր նրա ծննդյան օրվա առթիվ։ Առհասարակ, այս երգը մեր սիրո պատմությունն է։ Կարծում եմ, որ սիրահարները, երգը լսելով, այն կկապեն իրենց պատմությունների հետ։ Երգի հիմքում այն միտքն է, որ սիրահարվում ես 5 վայրկյանի ընթացքում։ Ճիշտ այդպես էլ եղավ մեր դեպքում՝ հանդիպեցինք ինքնաթիռում և վայրկյանների ընթացքում սիրահարվեցինք։ Երգն ամբողջությամբ ներկայացնում է մեր սիրո պատմությունը: Շատերը չգիտեն, սակայն երկուսով շատ ենք աշխատում երգի ստեղծման վրա։ Մենք երբեք պարզապես լսարանին չենք ներկայացնում մի ստեղծագործություն, որի վրա ինքներս չենք աշխատել։ Այնպես ենք անում, որ թե խոսքերի, թե երաժշտական մասով երգն իսկապես հոգեհարազատ լինի ինձ»,- նշեց Լիլին: 

 

 

Հանդիպեցինք ինքնաթիռում և սիրահարվեցինք․ Լիլի Մորտոն՝ «5 секунд» երգն ամուսնուն նվիրելու և ռուսալեզու երգերի մասին