«Պորտաբույծ անձնավորություն, որին հետաքրքրում է միայն իր գործը». Ռաֆայել Երանոսյանը՝ «Սևազգեստ կանայք» ֆիլմում իր կերպարի մասին

16:07 • 12.09.23

Օրեր անց՝ սեպտեմբերի 15-ին, մեծ էկրաններ կբարձրանա «Սևազգեստ կանայք» կատակերգությունը, որի ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է։ Tert.am Life-ի հետ զրույցում կատակերգության գլխավոր հերոսներից մեկի՝ Ռաֆայել Երանոսյանը, որը պատմել է իր մարմնավորած կերպարի մասին: 

«Կերպարս խուլիգան անձնավորություն է, որը միշտ խաղադրույքներ է կատարում և դրանից բացի իրեն ոչինչ չի հետաքրքրում։ Նա չունի ոչ մի սրբություն, նրան ոչինչ չի հետաքրքրում, նրա համար կարևոր է միայն իր գործը, նույնիսկ թաղման արարողության ժամանակ նա կրկին խաղադրույք է անում։ Մի խոսքով, պորտաբույծ անձնավորություն»,- կատակեց Ռաֆայել Երանոսյանը՝ ավելացնելով, որ թեև իր կերպարը հումորային է, բայց, այնուամենայնիվ, այն բացասական է։

«Ֆիլմում մենք ներկայացրել ենք իրավիճակ, երբ վատ դեպք է կատարվում նրան նույնիսկ երկրորդ հարկից ոտքերից կախում են։ Ճիշտ է, այդ պահին ինձ մոտ վախ կար, բայց ես նաև գիտեի, որ տեսախցիկից այն կողմ կասկադյորների մեծ թիմ էր կանգնած և անվտանգության բոլոր կանոնները պահպանված էին»։

Ինչպես նշեց Ռաֆայելը, սա իր և Գոռ Կիրակոսյանի թվով երկրորդ համագործակցությունն է։ Մինչ այդ դերասանը նկարահանվել է նաև «Ազնիվ գողեր» գեղարվեստական ֆիլմում․

«Գոռին շատ վաղուց է, ինչ ճանաչում եմ, մինչ այս ԱՄՆ-ում նույնիսկ միասին ներկայացումներ ենք բեմադրել։ Սակայն ֆիլմի շրջանակներում սա երկրորդ աշխատանքն է, հույս ունեմ, որ հետագայում ևս կհամագործակցենք»,- ասաց Ռաֆայել Երանոսյանը։

Իսկ հարցին՝ արդյո՞ք «Սևազգեստ կանայք» կինոկատակերգությունը կգերազանցի «Ազնիվ գողեր»-ի հաջողությանը, դերասանը պատասխանեց․

«Ես մտածում եմ, որ կոնկրետ «Սևազգեստ կանայք»-ը Գոռին ևս մեկ քայլով առաջ տարավ։ Քանի որ կարծում եմ, որ մեր հայկական ժամանակակից կինոարվեստի մեջ այսչափ պրոֆեսիոնալ հումորային ֆիլմ դեռևս չկա։ Ճիշտ է, այն սև հումոր է, հաշվի առնելով հերոսի մահը, դագաղի առկայությունը, բայց բավական հետաքրքիր և պրոֆեսիոնալ ֆիլմ է»։

 

Խոսելով իր խաղընկերների մասին՝ դերասանը նշեց, որ թեև բոլորին շատ լավ ճանաչում էր, ոմանց հետ նույնիսկ մտերիմ էր, բայց որպես խաղընկեր, շատերի հետ չէր աշխատել․

«Նկարահանման ընթացքում մեկս մյուսին նույնիսկ կես բառից հասկանում էինք։ Բոլորն իրենց գործի գիտակն էին, ամեն ինչ շատ սիրուն, պրոֆեսիոնալ անցավ։ Ամենակարևորն այն էր, որ մենք թիմ էինք դարձել, իսկ դա նկարահանման ժամանակ շատ կարևոր հանգամանք է»,- նկատեց Ռաֆայել Երանոսյանը։

 

Նշենք, որ ֆիլմում նկարահանվել են նաև Արտյոմ Մարկոսյանը, Դիանա Մալենկոն, Ելենա Վարդանյանը, Լուիզա Ներսիսյանը, Իվետա Մուկուչյանը, Ռոզի Ավետիսովան, Ռոմելա Սարգսյանը, Գրիգոր Դանիելյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը և այլք։

Հավելենք, որ «Սևազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերան նախատեսված էր դեռ անցած տարի, սակայն հայ-ադրբեջանական լարվածության պատճառով այն հետաձգվեց։

 

 

«Պորտաբույծ անձնավորություն, որին հետաքրքրում է միայն իր գործը». Ռաֆայել Երանոսյանը՝ «Սևազգեստ կանայք» ֆիլմում իր կերպարի մասին