«Ես պատրաստ էի արտաքին փոփոխությունների հանուն դերի». Ռոմելա Սարգսյանը՝ նոր դերի, արտաքին փոփոխությունների և Գևորգ Գրիգորյանի հետ աշխատանքի մասին
Դերասանուհի Ռոմելա Սարգսյանն արդեն տևական ժամանակ է ինչ չէր նկարահանվում հեռուստասերիալներում, չնայած դաշտ գալուց հետո դերասանուհին միանգամից նկարահանվեց 3 նախագծում: Այս շրջանում դերասանուհին զբաղվածություն ունի «Լեռները կհիշեն» հեռուստանովելում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհուն: Tert.am Life-ի հետ զրույցում Ռոմելա Սարգսյանը պատմել է մասնագիտական դադարի, արտաքին փոփոխությունների և Գևորգ Գրիգորյանի հետ նկարահանվելու մասին:
«Մասնագիտական դադարներ միշտ անհրաժեշտ են, հատկապես, երբ նկարահանվում ես երկարաժամկետ նախագծերում, բայց ես աննկարագրելի սիրում եմ իմ գործը, նույն երկարաժամկետ աշխատանքներ ու ծանոթանալով սցենարին՝ հասկացա, որ սա այն էր ինչ անհրաժեշտ է ինձ այս փուլում»,- ասաց Ռոմելա Սարգսյանը:

Արդեն երեկ Արմենիա հեռուստաընկերության եթերում էկրաններ բարձրացավ «Լեռները կհիշեն» հեռուստասերիալի 1-ին սերիան: Հեռուստանախագծի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Ռոմելա Սարգսյանը, որը նշեց՝ դերը պահանջում էր որոշակի արտաքին փոփոխություններ:
«Երբ ծանոթացա կերպարին հասկացա, որ անհրաժեշտ են արտաքին փոփոխություններ: Շատ արևոտ ու պայծառ աղջիկ է և ընտրությունս կանգ առավ հենց բաց վարսերի գույնի վրա, իսկ հետագայում նաև ավելացրեցին պեպեններ և ստացանք այդ դրական, արևոտ ու պայծառ աղջկա կերպարը, որի հետ շատ ներդաշնակ եմ: Առհասարակ դերի համար և առօրյայում ես պատրաստ եմ իրականացնել արտաքին փոփոխություններ, բայց այս պարագայում նման փոփոխությունն ինձ ևս հոգեհարազատ է»,- նշեց դերասանուհին:

Նկարահանող խումբն օրեր առաջ նաև մեկնել է ՌԴ և նկարահանումներ իրականացրել հենց Մոսկվայում: Գլխավոր հերոսուհին հայրենադարձ է և Հայաստան է եկել հենց Մոսկվայից: Ռոմելա Սարգսյանը պատմեց, որ արտերկրում աշխատել են 24/7 գրաֆիկով, որպեսզի հասցնեն նկարահանել անհրաժեշտ տեսարանները:
«Երբ նկարահանումներ ենք իրականացնում Հայաստանում մենք, իհարկե, ունենք որոշակի սահմանված ժամանակ, բայց աշխատում ենք համեմատաբար թեթև գրաֆիկով, բայց արտերկրում իրավիճակն այլ է, մասնավորապես, երբ մենք մեկնել էինք Մոսկվա և քաղաքի մի ծայրից մյուսը տեղաշարժվելը բավականին բարդ էր, ժամանակատար էր, բայց ամեն բան հասցրել ենք, շատ թեթև ու հետաքրքիր նկարահանումներ ունեցել, որոնք հույս ունեմ՝ հեռուստադիտողը կգնահատի»,- հավելեց նա:

Խոսելով դերասանական անձնակազմի մասին դերասանուհին նշեց՝ նախորդ նախագծերում ևս դերասանուհի Ելենա Բորիսենկոն մարմնավորում էր իր մորը և այս անգամ ևս նրանք պահել են լավ ավանդույթները:
«Ելենա Բորիսենկոյի հետ աշխատանքը շատ հաճելի է, երբ առաջին անգամ էի այս ոլորտում անում մասնագիտական քայլեր չեմ կարող չնշել, որ ինձ շատ է օգնել իր խորհուրդներով և այսօր ևս դա շարունակվում է: Կարևոր գործոն է նաև Գևորգ Գրիգորյանի հետ աշխատանքը, որի հետ համագործակցել ենք նախորդ նախագծում և երկուստեք տեղյակ ենք հնարավորություններից, արդեն ճանաչում ենք միմյանց և դա հեշտացնում է աշխատանքը, երբ հենց առաջին սերիաների նկարահանման ժամանակ տաղավարում միմյանց ծանոթ մարդիկ են»,- նշեց դերասանուհին:














