Հերոսներ, որոնք խոցելի են, ունեն անձնական խնդիրներ, բարդույթներ, պատմություն և... կախվածություն. Tert.am Life-ը ներկայացնում է «Կախվածություն» հեռուստասերիալի BACKSTAGE լուսանկարներն ու մանրամասները
EXCLUSIVE
Հայաստանում վերջին տարիների ընթացքում «թմրամոլություն» ախտորոշմամբ անձանց թիվը կտրուկ ավելացել է և վիճակագրությունը փաստում է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառումն ու օգտագործումը սրընթաց աճ է գրանցում: Ըստ պաշտոնական վիճակագրության 2023 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերը սրընթաց ավելանում են և զուգընթաց աճ է գրանցում թմրամոլների թվաքանակը:
2023 թվականը ՀՀ-ում հայտարարված է թմրամիջոցների դեմ պայքարի տարի և շուտով նաև սպասվում են օրենսդրական փոփոխություններ:

Շանթ հեռուստաընկերությունը ստեղծել է «Կախվածություն» բազմասերիանոց դրաման, որի շրջանակում համագործակցում է ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասին: Հեռուստանախագիծը միտված է պայքարելու թմրամոլության դեմ և ներկայացնելու՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ու օգտագործումը: Նախագծի սցենարիստը՝ Անի Մաղաքյանն է, ռեժիսորը՝ Ռաֆայել Հովհաննիսյանը:
Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին և ներկայացնում է մանրամասներն ու BACKSTAGE լուսանկարները նկարահանման հրապարակից: Նախագծի ռեժիսոր Ռաֆայել Հովհաննիսյանը նկարահանումների ընթացքում մեզ պատմեց նախագծի ստեղծման պատմության և այս փուլի աշխատանքների մասին: Նկարահանումներն ինտենսիվ փուլում են, տեղանքներն այս անգամ մի քանիսն են, իսկ դերասական անձնակազմում երիտասարդ ու նոր դեմքեր կան:

«Նախագծի գաղափարը պատկանում է հենց Շանթ հեռուստաընկերությանը, որն ուներ նման գաղափար, որն էլ իր հերթին ներկայացվել է ՆԳՆ-ին: Մենք հանդիպումներ ենք ունեցել, քննարկումներ, ծանոթացել վիճակագրություններին, մեզ նաև ներկայացվել են մարդկանց իրական պատմությունները, որոնք մենք ներառել ենք հեռուստանախագծում: Հիմնական գաղափարը հենց պայքարն է թմրամոլության դեմ, որը ներկայացված է գեղարվեստական ձևաչափով, ունենք այլ մոտեցումներ, այլ տեղանքներ, նոր հերոսներ, նաև սիրված ու ճանաչելի դերասաններ, որոնք ներկայանալու են այլ կերպ»,- նշեց Ռաֆայել Հովհաննիսյանը:

Նկարահանումների այդ օրն անցնում էր գլխավոր հերոսի տանը, որտեղ ներկա էին հեռուստասերիալի գրեթե բոլոր հերոսները: Դերասանների մարմնավորած հերոսներից յուրաքանչյուրն ունի «կախվածություն», վախեր, նպատակներ, երազանքներ ու պատմություն, որի շուրջ էլ կառուցվում է հեռուստանախագիծը: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանները պատմել են իրենց զգացողությունների, նկարահանման ընթացքի, նախագծի ու հենց իրենց մարմնավորած հերոսների մասին և փորձել 3 բառով նկարագրել իրենց հերոսներին:

Մերի Քոչարյան- Մայա. միամիտ, շրջապատի ազդեցության տակ ընկնող և բարի
Դերասանուհի Մերի Քոչարյանն այս նախագծի գլխավոր հերոսուհին է, որը սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և շնորհաշատ ջութակահարուհի է, որի շուրջ էլ հետագայում ծավալվում է պատմությունը:
«Ես մարմնավորում եմ ջութակահարուհու, որը պայծառ, կենսուրախ, երազկոտ աղջիկ է, հաճախ նաև միամիտ է և հավատում է հրաշքների: Երկարաժամկետ նախագծերի պարագայում սա իմ 3-րդ դերն է, որը տեխնիկապես կերտելն ամենաբարդն է և ամենահետաքրքիրը, բայց կերպարի ամենաբարդ հատվածը հենց ջութակ նվագելն է, քանի որ ես չգիտեի ջութակ նվագել ու պետք է ասեմ՝ բարդ գործիք է և անհնար է նման կարճ ժամանակահատվածում սովորել այն նվագել: Այժմ ազատ ժամանակս տրամադրում եմ հենց ջութակ նվագել յուրացնելուն, նայում եմ տեսանյութեր, պարապում տանը, լսում եմ ջութակ, բայց ֆիզիկապես չեմ հասցնում հաճախել անհատական դասընթացների»,- նշեց Մերի Քոչարյանը: 
Դերասանուհին հարցազրույցի ընթացքում նշեց, որ նախագծի գաղափարն առավել քան պարտավորեցնող է և լիահույս է, որ գուցե այս պատմությունները, տեսարաններն ու իրավիճակները կարողանան օգնել մարդկանց, որոնք ունեն կախվածություն և չեն պատկերացնում՝ ինչ հետևանքներ կարող են ունենալ թմրանյութերը:
Այս նախագծի շրջանակում պահանջվել են նաև արտաքին փոփոխություններ, որոնց Մերի Քոչարյանը համաձայնվել է: Դերասանուհին նշում է, որ ծավալվել են քննարկումներ՝ ինչպես ստանան հենց երազկոտ աղջկա կերպար, որը ջութակ է նվագում և հանգել են հենց այս կերպարին:
«Ես յուրահատուկ վերաբերմունք ունեմ ցանկացած կերպարիս նկատմամբ և յուրաքանչյուր հերոսուհիս իր տեղն ունի իմ կյանքում, բայց կարծում եմ՝ այս դերն իր պատմությամբ և ուղերձով բեկումնային է լինելու իմ կյանքում, քանի որ դերը կերտելու համար ծանոթացել եմ բազմաթիվ վիճակագրությունների հետ, դիտել ֆիլմեր, սերիալներ, որ կարողանամ լիարժեք պատկերացումներ ունենալ և հավուր պատշաճի կերտել դերս: Ես վերապրում եմ շատ դրվագներ, քանի որ մենք ներկայացնում ենք նաև պատմություններ, որոնք ունեն իրական հիմքեր՝ գիտակցելով այդ փաստտը պատասխանատվությունը դերի նկատմամբ կրկնապատկվում է»,- եզրափակեց դերասանուհին: 
Հրանտ Հովսեփյան- Տիրան. ուժեղ, բարի և խիզախ
Երիտասարդ դերասան Հրանտ Հովսեփյանն այս հեռուստասերիալում մարմնավորում է հերոսի, որն ունի բարդ նախապատմություն ու բարդ ներկա, քանի որ իր հոգացության ներքո են կրտսեր քույրերն ու կրտսեր եղբայրը: Ճգնաժամային իրավիճակի արդյունքում հերոսը զբաղվում է թմրանյութերի վաճառքով, որպեսզի կարողանա պահել ընտանիքին:
«Հերոսս ցույց է տալիս նաև ընտանիքի կարևորությունը և ընդգծվում է այն, որ իր կյանքի միակ ուրախությունը կրտսեր քույրերն ու եղբայրն է, որոնք գտնվում են հերոսիս խնամակալության տակ և հենց պատմության լուսավոր կետերը նրանք են: Իմ հերոսի պատմությունը միտված է ցույց տալու, թե ինչ պայմաններից և դեպքերից դրդված հնարավոր է զբաղվել թմրանյութերի վաճառքով, բայց անկախ այդ ամենից միևնույն է արարքը քրեորեն պատժելի է: Ինչպես գիտեք ես ակտիվ զբաղվում եմ սպորտով և վերաբերմունքս թմրանյութերի նկատմամբ հնարավորինս բացասական է՝ փորձելով ծանոթանալ հերոսին կերպարին հասկանում էի, որ ես ինքս պետք է հավատամ պատմությանն ու ընթացքին, որ հեռուստադիտողը ևս հավատա»,- նշեց Հրանտ Հովսեփյանը:

Մի շարք օգտատերեր ենթադրում էին, որ այս հեռուստասերիալում Հրանտ Հովսեփյանը և Մերի Քոչարյանը ևս մարմնավորելու են զույգի, բայց մեզ հետ զրույցում դերասանը պատմեց, որ սիրո պատմությունները դեռևս չեն բացահայտվելու:
«Ենթադրելով մեկնաբանություններից և մարդկանց արձագանքներից կարող ենք ասել, որ իմ և Մերիի հեռուստատեսային զույգը մարդիկ հասցրել են սիրել և նրանց մոտ կան ենթադրություններ, որ այս նախագծում մենք համատեղ նկարահանվում ենք, բայց չեմ ցանկանում բացել փակագծերը: Անկախ սիրային պատմություններից հեռուստասերիալն ունի կարևոր ասելիք և հենց հանուն այդ ասելիքի պետք է այն դիտել»,- եզրափակեց դերասանը:

Բորիս Մելքոնյան- Գնել. լիդեր, նպատակասլաց և խորամանկ
Այս հեռուստասերիալում Բորիս Մելքոնյանը մարմնավորում է բացասական հերոսի, որը զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, որպեսզի հասնի իր առջև դրված նպատակներին: Մեզ հետ զրույցում դերասանը նշում է, որ բացասական հերոսի մարմնավորելիս գույներն ու հնարավորությունները շատ են, որոնք հեռուստադիտողը կզգա և կտեսնի, երբ դիտի հեռուստասերիալը:
«Ես կարող եմ ասել, որ այս հեռուստանախագծում ես մարմնավորում եմ սրիկայի, որի համար ցանկացած միջոց ընդունելի է, որպեսզի նա հասնի իր նպատակին: Կարդում էի հերոսի պատմությունը, ծանոթանում սցենարին ու հասկանում՝ ինչքան խորթ է նրա մոտեցումն ինձ համար, բայց, այնուամենայնիվ, ես ուրախ եմ, որ մարմնավորելու եմ բացասական հերոսի, որը որևէ առնչություն չունի ինձ հետ: Ես վստահաբար կարող եմ ասել, որ այժմ հեռուստադիտողը կարողանում է տարանջատել, որ ես մարմնավորում եմ հերոսի, որն ինձ հետ առնչություն չունի և դա պարզապես դեր է, որը ևս ունի ասելիք: Մեր հասարակության մեջ հնարավորինս բացասական վերաբերմունք կա թմրամիջոցներ տարածողների նկատմամբ և հենց այդ բացասական երանգի ներքո էլ կերտել եմ կերպարը»,- ասում է Բորիս Մելքոնյանը:

Դալիթա Ավանեսյան. Սոնա. հոգատար, պայքարող և համբերատար
«Կախվածություն» հեռուստասերիալում դերասանուհի Դալիթա Ավանեսյանը մարմնավորում է Հրանտ Հովսեփյանի հերոսի՝ Տիրանի կրտսեր և դպրոցահասակ քրոջը, որը, չնայած երիտասարդ տարիքի ունի սառը դատողություն և կարողանում է խնամել կրտսեր քրոջն ու եղբորը:
«Մարմնավորում եմ դրական հերոսուհու, որն այս ողջ պատմության մեջ ունի իր դրական երանգներն ու չնայած վաղ տարիքի տեղեկացված է թմրանյութերի վաճառքի ու տարածման մասին, բայց տեղյակ չէ, որ այդ ամենին նա ևս բախվելու է: Հերոսուհին կյանքի հանդեպ չարացած չէ՝ մենք ցույց է տալիս, թե ինչպես է կյանքը ստիպում վաղ մեծանալ ու դպրոցահասակ լինելով հանդերձ՝ խնամել եղբորն ու քրոջը»,- նշեց Դալիթան:

Դերասանուհին ևս հանուն դերի դիմել է արտաքին փոփոխությունների և իր խոսքով՝ հաշտ է այս արտաքին տեսքի հետ:
«Ես եկա այն որոշման, որ այս հեռուստասերիալում ես պետք է դիմեմ արտաքին փոփոխությունների, բայց պատրաստ չէի կտրուկ սանրվածքի և կարողացանք գալ մի կետի, որ կարող ենք անել փոփոխություններ և ստանալ նոր սանրվածք»,- հավելեց Դալիթան:

Սամվել Մալոյան- Ավետ. խելացի, բարի, մտածող
Երիտասարդ երգիչ Սամվել Մալոյանն առաջին անգամ է նկարահանվում հեռուստասերիալում և մեզ հետ զրույցում նշում է, որ թիմի և գործընկերների շնորհիվ չի ունեցել կաշկանդվածություն: «Կախվածություն» հեռուստասերիալում դերասանը մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին, որը երաժիշտ է, մասնավորապես՝ կիթառահար:
«Հետաքրքիր կերպարի եմ մարմնավորում, որն այս ողջ պատմության մեջ շատ ճիշտ կերպար է, բայց այնքան ճիշտ, որ երբեմն դա ևս սխալ է: Մտածող կերպար է, իսկապես ցանկանում է ճիշտ ապրել ու օգնել այն մարդկանց, որոնք թանկ ու հարազատ են իր համար: Կյանքում ևս մենք հասկանում ենք, որ հաճախ փորձելով լինել ճիշտ՝ կարող ենք վնասել դիմացինին, բայց հերոսի համար կա ճշմարիտ ուղի, որով նա առաջնորդվում է: Հավասարակշռված և հանգիստ կերպար է, որն իր սառը դատողությամբ կարողանում է շատ հարցեր լուծել և միջավայր զսպվածություն բերել»,- նշեց Սամվել Մալոյանը:

Երիտասարդ երգիչը նշեց, որ չէր սպասում նման առաջարկի, որը սիրով ընդունել է՝ ծանոթանալով նախագծի գաղափարին և ասելիքին:
«Ես ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ առաջին նախագիծը հենց «Կախվածություն» հեռուստասերիալն է, որն ունի հստակ ասելիք, թե՛ երիտասարդներին, թե՛ նրանց ծնողներին ու ընկերներին: Տարիներ շարունակ այս խնդիրն առկախված էր և երբևէ նման մասշտաբային ձևաչափով չեն անդրադարձել խնդրին, որն իրականում տարեցտարի մեծ թափ է առնում»,- հավելեց Սամվել Մալոյանը:

Անժելիկա Գաբոյան- Մանե. խնդրահարույց, ըմբոստ և դրական
Նախագծում ներգրավված է նոր և երիտասարդ դերասանուհի, որը 15 տարեկան է և սովորում է Լեոյի անվան դպրոցի կենսաքիմիա հոսքում: Դերասանուհին մարմնավորում է Հրանտ Հովսեփյանի և Դալիթա Ավանեսյանի հերոսների կրտսեր քրոջը, որն անցումային տարիքում է և հաշտ չէ ավագ քրոջ հետ:
«Ես հետևել եմ հեռուստատեսության նախագծերին և հետաքրքիր էր հեռուստասերիալում նկարահանվելու նման փորձը: Ես մասնակցել եմ քասթինգի, ունեցել փորձեր և ներգրավվել եմ նախագծում, որը կարևոր ասելիք ունի նաև իմ հասակակիցների համար: Լիահույս եմ, որ կստանամ հեռուստադիտողի հավանությունը»,- նշեց Անժելիկա Գաբոյանը:

Հարութ Խաչատրյան- Հայկ. վատառողջ, խեղճ ու կենսուրախ
«Կախվածություն» հեռուստասերիալի ամենաերիտասարդ դերասանը Հարութ Խաչատրյանն է, որը, չնայած իր տարիքի նկարահանվել է մի քանի հեռուստանախագծերում և գովազդային հոլովակներում: Մեզ հետ զրույցում Հարութը նշեց, որ սա իր առաջին երկարաժամկետ նախագիծն է, որի նկարահանման հրապարակ սիրով է գալիս:
«Ուրախ եմ, որ նորից նկարահանվում եմ և նման լավ թիմի հետ, այստեղ ինձ շատ են օգնում մյուս դերասանները, ռեժիսորը, քանի որ մարմնավորում եմ երեխայի, որն ունի առողջական խնդիրներ ու բարդ ճակատագիր»,- նշեց Հարութ Խաչատրյանը:

Այսօր՝ 20:30 Շանթ հեռուստաընկերության եթերում կլինի «Կախվածություն» հեռուստասերիալի պրեմիերան, որի շրջանակում ներկայացվելու են դեռահասների պատմություններ, որոնք ունեն կախվածություններ, խնդիրներ և մտահոգություններ: Նախագիծը պատմելու է ընկերների, հարաբերությունների, վեճերի, խնդիրների, ծնողների և երեխաների անհաշտ լինելու դրվագների մասին:

































Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի







