Կորուսյալ սերունդ, արատավոր բարքեր, բաց տեսարաններ, սեր, ընկերություն, դավաճանություն և միստիկա. «Գերիներ» հեռուստասերիալի BACKSTAGE առաջին լուսանկարներն ու մանրամասները

16:20 • 22.11.23

EXCLUSIVE

Հեռուստասերիալ, որտեղ ներկայացվելու են արատավոր բարքերն իրենց բացասական հետևանքներով, դավաճանություն, միստիկա, որի արդյունքում էլ նկարահանող թիմն ունեցել է էքստրեմալ նկարահանումներ: «Նոր Հայաստան» հեռուստաալիքով դեկտեմբերին մեկնարկելու է ռեժիսոր Հայկ Վարդանյանի «Գերիներ»՝ 24 մասից բաղկացած հեռուստսերիալը, որի սցենարի հեղինակն է Անի Մաղաքյանը: Նկարահանումները դեռևս մեկնարկել են ամռանը և նկարահանման առաջին օրերին ներկա է եղել Tert.am Life-ը, որը ներկայացնում է BACKSTAGE առաջին լուսանկարներն ու մանրամասները:

 

Հեռուստաֆիլմը միստիկ դրամայի ժանրում է: Նախագծի ռեժիսորը նշում է, որ ժանրից սկսած հեռուստանախագիծը տարբերվում է մյուս նախագծերից:

«Պատմությունը ծավալվում է մի խումբ ուսանողների շուրջ, որոնք մոլորվում են անտառում և բախվում մի շարք խնդիրների, այստեղ գալիս է նաև միստիկայի ժանրը, բայց կարևոր հանգամանք է, որ նմանօրինակ պայամաններում հերոսները ճանաչելու են միմյանց իրական տեսակը, տեսնելու են նրանց պատմությունները, բախվելու միջանձնային կոնֆլիկտների: Անտառի պատմությանը զուգահեռ մենք ցույց ենք տալու հերոսների պատմությունները, դժվարությունները, խնդիրները, որոնք նրանց դարձրել են հենց այդպիսին»,- նշեց ռեժիսորը: 

Ամիսներ շարունակ նկարահանող խումբն աշխատանքներն իրականացրել է, թե՛ Երևանում, թե՛ մարզերում, որտեղ դերասաններն ունեցել են նկարահանումներ քարանձավներում, անտառներում և վայրի պայմաններում: Նկարահանումների ակտիվ փուլ է եղել նաև Երևանում, որտեղ ծավալվել է մյուս ուսանողների պատմությունը: 

 

24 մասից բաղկացած հեռուստասերիալում նկարահանվում են մի շարք դերասաններ, մասնավորապես՝ Էրմինա Զախարովան, Մարինկա Խաչատրյանը, Սիսիան Ստեփանյանը, Ավետ Զոհրաբյանը, Լուիզա Մելքոնյանը, Էմմա Սապունջյանը, Մարտին Բաբախանյանը և մի շարք այլ դերասաններ: 

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն այս դերի համար դիմել է արտաքին փոփոխությունների, իսկ ինստագրամյան իր էջում դերասանուհին պատմել է, որ նկարահանումներից մեկի ժամանակ հասցրել է վնասվածք ստանալ: 

«Մարմնավորում եմ Լիլիթին, որը թեթև, կենսուրախ աղջիկ է, որն անսահման հետաքրքրված է սոցիալական հարթակներով, սիրում է ռիլեր և սթորիներ նկարել: Առաջին անգամ եմ մարմնավորում նման կերպար, բայց հետաքրքիր փորձ է, որի համար արել ենք նաև որոշակի արտաքին փոփոխություններ: Կարևոր է, որ հեռուստադիտողը տեսնի այն անցումը, թե ինչ է կատարվելու նման խառնվածքով աղջնակի հետ, երբ նա հայտնվի անտառում»,- ասաց Մարինկա Խաչատրյանը: 

Անտառում ընթացող նկարահանումներին է մասնակցել դերասանուհի Էմմա Սապունջյանը, որը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ ունեցել են վատ եղանակային պայմաններում բարդ նկարահանումներ: 

«Ես մարմնավորում եմ թմրամոլ աղջկա և սա ունի որոշակի ուսուցողական բնույթ, քանի որ հերոսուհիս ենթարկվում է բուլլինգի և նրա հետ ոչ-ոք չի շփվում և չի նկատում: Մենք ներկայացնում ենք հերոսուհու պատմությունը, թե ինչու է երիտասարդ աղջիկը հայտնվել նման հոգեվիճակում, չնայած շատ բացասական պատմության այս հերոսուհու կյանքում ևս լինում են դրական պահեր, որոնք կատարվում են անտառում: Իրականում մենք ունեցել ենք բարդ տեսարաններ և միշտ նշում եմ, որ իմ հեռուստանախագծերը կապված են լինում վայրի պայմանների հետ»,- նշեց Էմմա Սապունջյանը: 

Տևական դադարից հետո հեռուստասերիալում նկարահանվում է նաև դերասան Սիսիան Ստեփանյանը, որը մարմնավորում է Կարեն անունով ուսանողի:
«Սկզբնական փուլում, երբ ծանոթացա կերպարի հետ ինձ գրավում էր սյուժեն, ընթացքը, նկարահանման տեղանքներն ու կերպարս, որը կարծում եմ՝ տարբերվելու է նախորդ կերպարներից, որոնցում ինձ տեսել է հեռուստադիտողը: Սառը և կշռադատված կերպար է, որը էքստրեմալ պայմաններում կարողանալու է լուծումներ գտնել և չմատնվել խուճապի»- հավելեց Սիսիան Ստեփանյանը: 

Երիտասարդ դերասանուհի Լուիզա Մելքոնյանը մարմնավորում է Մանո անունով աղջկա, որն էլ հանդիսանում է դերասան Սիսիան Ստեփանյանի մարմնավորած հերոսի ընկերուհին: 
«Հերոսուհիս այդ նույն կուրսի «գերազանցիկն է», որն ունի շատ ցանկություններ, երազանքներ և ցանկանում է գիրք գրել, բայց ինչպես գիտենք նման իրավիճակում ստեղծագործողին պետք է մուսսա, որը նա գտնելու է անտառում և հենց այդ արկածային իրավիճակում: Հետաքրքիր է, որ սկզբում հերոսուհիս այլ կերպ է ընկալվելու, բայց հետագայում իրականացնի քայլեր, որոնք զարմանք են առաջացնելու, քանի որ սեփական նպատակին հասնելու համար նա փորձելու է այնպես անել, որ ինչքան հնարավոր է երկար մնան անտառում»,- պատմեց Լուիզա Մելքոնյանը: 

Թատրոնի և կինոյի դերասանուհի Էրմինա Զախարովան առաջին անգամ է ներկայանալու նման ժանրում և մեզ հետ զրույցում  նշեց, որ կարոտել էր հեռուստաարտադրանքն ու այս միջավայրը: Դերասանուհին չի մասնակցել անտառի նկարահանումներին, քանի որ իր պատմությունը զարգանալու է հենց Երևանում, բայց նկարահանումներից մեկի ժամանակ հասցրել է հոսանքահարվել:

«Մարմնավորում եմ Իլոնա անունով աղջկա, որը գտնվում է անցումային փուլում և սիրահարվում մի երիտասարդի, որի համար պատրաստ է անել հնարավոր և անհնար ամեն բան, բայց մենք ներկայացնելու ենք արատավոր բարքեր, դրանց ազդեցությունը՝ ցույց տալով, թե ինչ վնասներ հնարավոր է կրել, երբ ընկնում ես «վատ» միջավայր: 24 մասից բաղկացած հեռուստաֆիլմ է, որի վրա տևական ժամանակ է ինչ աշխատում ենք և ունեցել ենք բազմաթիվ տեսարաններ, որոնք ստանալը եղել է բարդ, բայց երբեք չեմ մոռանա իմ և Ավետի տեսարանը, երբ անձրևի ժամանակ նկարահանվում էինք և այդ փուլում չկար սխալվելու, նորից տեսարանը կրկնելու հնարավորություն: Չգիտեմ՝ ինչ պայմանների արդյունքում, բայց հասցրեցի հոսանքահարվել»,- պատմեց Էրմինա Զախարովան:

Երիտասարդ դերասան Ավետ Զոհրաբյանն առաջին անգամ է նկարահանվում հեռուստասերիալում, բայց հանդիսատեսը ճանաչում է դերասանին Կամերային թատրոնից: Դերասանը մարմնավորում է Վարդան անունով երիտասարդի, որը ևս ունի արատավոր սովորություններ, բայց հեռուստանախագծի ավարտին հեռուստադիտողը տեսնելու է այլ կերպար: 

«Երիտասարդ, որը փորձում է հնարավորինս վայելել իրեն բաժին հասած կյանքն՝ օգտվելով բոլոր հնարավորություններից: Կերպարս ևս ունի իր աշխարհն ու իր խնդիրները՝ զերծ մնալով տարիքակիցներից: Ուրախ եմ, որ մասնակցում եմ նման նախագծի, որն ունի ասելիք, ունի պատմություն, հերոսներից յուրաքանչյուրն այլ կերպ է բացահայտվելու: Ծանոթանալով նախագծին՝ ուրախ էի, որ կերպարը սկսում է պատմությունն այլ կերպ, բայց ավարտին լինելու է լիովին այլ հերոս»,- պատմեց Ավետ Զոհրաբյանը: 

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի 

Կորուսյալ սերունդ, արատավոր բարքեր, բաց տեսարաններ, սեր, ընկերություն, դավաճանություն և միստիկա. «Գերիներ» հեռուստասերիալի BACKSTAGE առաջին լուսանկարներն ու մանրամասները