Հարութ Արշակյանը, Ռաֆֆ Հարությունյանը, Իրինա Այվազյանը և այլ դերասաններ՝ Ելենա Արշակյանի «Սերը երբեք չի մոռանում» նոր հեռուստասերիալում (լուսանկարներ)
Ելենա Արշակյան-Անահիտ Մխիթարյան ստեղծագործական զույգը դեկտեմբերի 18-ին հեռուստադիտողի դատին կհանձնի նոր՝ «Սերը երբեք չի մոռանում» հեռուստանովելը, որտեղ ընդգրկված են մի շարք դերասաններ: Նախագիծը պատմելու է մաքուր զգացողության, նույն ինքը՝ սիրո մասին: Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանն Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է նախագծի և դերասանական անձնակազմի մասին:

«Աշխատանքային թիմը գրեթե չունի դադար, քանի որ այս փուլում մեկնարկել է նկարահանումների ակտիվ շրջան: Մենք ցանկանում ենք, որ հեռուստադիտողը կարողանա իր համար սպասված ժամին միացնել Ա-թիվի ալիքն ու դիտի հեռուստասերիալը: Ընտրությունների փուլում մենք անդավաճան ենք մնացել որդեգրած սկզբունքներից և այս նախագծում ևս ներգրավվել ենք նոր դերասանների և լիահույս եմ, որ հեռուստադիտողը սիրով կընդունի նրանց: Մենք երբեք չենք կարող նախապես իմանալ՝ ինչպես կարձագանքի հեռուստադիտողը՝ տեսնելով նոր դեմքեր: Սա ռիսկային քայլ է, բայց երիտասարդ կադրերը ևս պետք է ունենան ինքնադրսևորվելու հարթակ»,- ասաց Ելենա Արշակյանը:

Արդեն ծանոթ դեմքերի կողքին հեռուստադիտողը տեսնելու է երկու նոր հեռուստադեմքերի՝ Ադրինե Աճեմյանը, որը սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 1-ին կուրսում, և Արև Հակոբյանը, որը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն դերասանուհի է:
«Արև Հակոբյանը թատրոնի դերասանուհի է, որին չենք տեսել հեռուստասերիալներում և սա իր դեբյուտային աշխատանքն է, իսկ Ադրինեն սկսնակ և երիտասարդ դերասանուհի է, որն այս ոլորտում անելու է իր առաջին քայլերը: Սկսնակ դերասանների կողքին կլինեն սիրված դերասանները, որոնց նախկինում հեռուստադիտողը տեսել է նաև իմ հեռուստսերիալներում»,-մանրամասնեց նա:

Հեռուստանովելում ներգրավված են մի շարք դերասաններ, մասնավորապես՝ Հարութ Արշակյան, Ռաֆֆ Հարությունյան, Իրինա Այվազյան, Իրինա Հարությունյան, Ալբերտ Սաֆարյան, Ռուզան Վիթ, Անահիտ Մսրյան, Ժակլին Մնոյան, Մկրտիչ Քեբաբչյանը, Անահիտ Կիրակոսյանը և այլք:
Անոնսը հրապարակվելուց հետո համացանցում սկսվել են քննարկումներ, որ Ռաֆֆ Հարությունյանը և Իրինա Այվազյանը նկարահանվելու են նույն նախագծում, իսկ Ելենա Արշակյանը մանրամասնեց, որ նկարահանման հրապարակում աշխատում են դերասաններ:
«Ընտրությունների փուլում և մինչ նկարահանումներ սկսելը մենք ընտրում ենք դերասաններին և բնականաբար առաջնահերթությունը նրանց մասնագիտական հմտություններն են: Նրանք երկուսն էլ ունեն դերասանական կրթություն, նկարահանման հրապարակում աշխատում են պրոֆեսիոնալներ և ես միշտ նշում եմ, որ երբևէ չեմ հետաքրքրվում դերասաններիս անձնական հարաբերություններով մինչ այն պահը, երբ դա չի խոչընդոտում նկարահանումներին և նրանք կարողանում են տարանջատել անձնականը և գործնականը»,- ասաց Ելենա Արշակյանը:

Ելենա Արշակյանը հավելեց, որ սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ նրանք միշտ լսարանի դատին են հանձնում նախագծեր, որոնք ունեն ասելիք:
«Մենք միշտ բարձրաձայնում ենք տարատեսակ թեմաներ, իսկ այս անգամ մենք բարձրացնում ենք բավականին խորքային հարց և անդրադառնում ենք ընտանեկան բռնությանը, որի զոհը դառնում են երիտասարդ աղջիկները և կանայք: Նախագծում մենք խոսելու ենք մաքուր սիրո մասին, որն այսօր անհրաժեշտ է բոլորիս»,- նշեց նա:

















