EXCLUSIVEI «Ամիսներ շարունակ ես ապրել եմ Միհրանով»․ Սոս Ջանիբեկյանը՝ «Սիրելի Սահմի» հեռուստասերիալի մասին
Այսօր Ա–Թիվի հեռուստաընկերության եթերում ավարտին է մոտենում 10 մասից բաղկացած «Սիրելի Սահմի» հեռուստասերիալը, որի 1–ին սերիան յութուբյան հարթակում գերազանցել է 1մլն դիտումը։
Դեռևս նոյեմբերին մեկնարկել են նախագծի նկարահանումները, բայց նախագիծն ունի մեկ տարվա պատմություն։ «Սիրելի Սահմի»-իի սցենարի հեղինակը Անի Մաղաքյանն է, իսկ ռեժիսորը՝ Գոշ Հակոբյանը։
Ռոմանտիկ դրամա, ֆանտաստիկայի տարրերով, որտեղ հերոսը կարողանում է ճամփորդել ժամանակի մեջ 1840-ականներից՝ գալով մեր օրեր, որտեղ նա տեսնում է՝ ինչպես է փոխվել մարդն ու ինչպես է 180 աստիճանով փոխվել կնոջ նկատմամբ վերաբերմունքն ու ընկալումը։

Պատմությունը պտտվում է հեռուստասերիալի գլխավոր հերոսի՝ Միհրան Ժամագործյանի շուրջ, որին մարմնավորում է դերասան Սոս Ջանիբեկյանը։ Tert.am Life-ը բացառիկ հարցազրույց է ունեցել դերասանի հետ, որը պատմել է հեռուստասերիալի, իր կերպարի, եթերային դադարի և Իննա Խոջամիրյանի հետ համագործակցության մասին։
«Ես վստահաբար կարող եմ նշել՝ շատ երկար եմ աշխատել այս կերպարի վրա, որպեսզի հնարավորինս լավ ճանաչեմ Միհրանին։ Ես գիտեմ իր անհատականության վառ դրսևորումները, մանկական բարդույթներն ու այսօրվա երազանքները, գիտեմ բնավորության այն գծերը, որոնց հետ հերոսը նա հաշտ չէ և այն գծերը, որոնք իր էությանը տալիս են արժեք և գրավչություն։ Ի սկզբանե սցենարը շատ լավ էր գրված և կարող եմ ասել՝ նման սցենարը դերասանի համար նվեր է։ Միհրանը տղամարդու տեսակ է, որը հազվադեպ է հանդիպում մեր այսօրվա իրականության մեջ․ մեծահոգություն, հավասարակշռություն, հանդուրժողականություն, ցասումի զսպում, որն ամփոփված է մի անձի մեջ»,– ասաց Սոս Ջանիբեկյանը։

Դերասանի խոսքով անկախ այսօրվա շատ երևույթներից այն ժամանակահատվածում ևս եղել են կարծրատիպեր, կաղապարներ և բարքեր, որոնց հետ մարդիկ երբեմն հաշտ չեն եղել և հենց այդպիսի իրադրություն էլ հերոսի մոտ էր։
«Մենք տեսնում ենք, որ Միհրանը դեմ է իր ապրած ժամանակահատվածի բարքերին, որ կինը չի կարող կրթություն ստանալ՝ ամուսնանալով 16 տարեկանում, իսկ ամուսնության դրդապատճառը ծնողների պայմանավորվածությունն է, ոչ թե սերը։ Միհրանին պարբերաբար հետապնդում է այն զգացողությունը, որ նա ապրում է «սխալ» ժամանակաշրջանում և նման բարքերն իր համար ընդունելի չեն, երևույթները հակասում են նրա ներքին ազատությանը և այլախոհ տեսակին։ Միհրանն այլ կերպ է տեսնում աշխարհը և ինձ համար կարևոր առաջնահերթություն էր հենց այդկերպ ցույց տալ իր տեսակը։ Ռոմանտիկ և սիրել իմացող երիտասարդ, որը միասեր է: Միհրանը երիտասարդ է, որով ես ապրել եմ ամիսներ շարունակ, քանի որ հազվադեպ է պատահել, որ սցենար կարդալիս ինձ կտրել եմ իմ կյանքի առօրյայից, իմ վայելքներից, ժամանցից, սովորական կենսակերպից և ապրել միայն իրենով, միայն այդ դերով։ Մայրիկս կարող է վկայել, որ օրեր շարունակ ես եղել եմ տանը և ապրել Միհրան Ժամագործյանի պես․ քայլել, խոսել, մտածել և արտաքին աշխարհին վերաբերվել՝ Միհրանի պես»,– անկեղծացավ դերասանը։ 
Սոս Ջանիբեկյանը պատմեց նկարահանման ընթացքում ռեժիսորի՝ Գոշ Հակոբյանի հետ աշխատանքի մասին։
«Երբեմն, երբ տեսարանն ավարտում էինք և մոտենում էի ռեժիսորին՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք այս պահին ես Միհրանն էի, թե՝ ոչ, Գոշը հաճախ պպատասխանում էր, որ ես լիովին դարձել եմ Միհրան Ժամագործյանը և նման բառամթերքը, վարվելակերպն ու մոտեցումները դարձել են սովորական։ Ես շնորհակալ եմ Իննային և Գոշին նման առաջարկի համար, որ նրանք հենց ինձ են վստահել այդ դերը և ես կարող եմ ասել, որ այսքան ժամանակ եթերում լինելով հանդերձ՝ մի քանի դեր եմ մտաբերում, որոնց այսպես սիրահարվել եմ, այսպես ապրել եմ այդ դերն ու պատմությունը և չեմ հոգնի նշելուց, որ նման նախագծում նկարահանվելն ինձ համար նվեր էր»,– ասաց նա։
Դերասանն ինքն է նշում, որ նախագծերին մոտենում է խիստ ընտրողաբար՝ հետաքրքրվելով, թե ինչ անձնակազմ է աշխատելու տաղավարում, ինչ տեսախցիկներով է նկահարանվելու, ինչ լուսավորությամբ և մի շարք այլ մանրամասներ, իսկ մեզ հետ զրույցում անկեղծացավ՝ ինչպես է տևական հեռուստասերիալային դադարից հետո համաձայնվել մարմնավորել Միհրանին։
«Նախ հենց առաջնային կետով կարող եմ նշել, որ խիստ գրավիչ էր մարմնավորել երիտասարդի, որը ծնվել է մոտ 200 տարի առաջ և որևէ աղերս չունի մեր այսօրվա իրականության հետ և 1840–ականներից հայտնվում է 2024 թվական և հենց սկզբում ես պատկերացրել եմ՝ ինչքան խաղալու և աշխատելու բան ունեմ, թե ինչքան գույներ ու դետալներ ունի կերպարը։ Տարիքի հետ այն ինչով դու ապրում ես՝ գնալով քչանում է և այս փուլում ես ապրում եմ իմ երեխայով և սիրելի աշխատանքով»,– նշեց Սոս Ջանիբեկյանը։ 
Դերասանն արդեն 3 տարի է ինչ չէր նկարահանվում հեռուստասերիալներում և պատմեց տևական դադարի մասին՝ նշելով, որ այս դադարի ընթացքում մերժել է բազմաթիվ նախագծեր։
«Դադարից հետո մինչ այս պահը չէի հանդիպել նախագիծ, որում ինձ տեսնում էի։ Վերջին տարիներին ունեցել եմ 3 նախագծեր, որոնք իսկապես ինձ համար էին՝ «Քաոս», «Պատվի համար» և «Անատոլիական պատմություն» հեռուստասերիալներում ես ևս ապրել եմ իմ հերոսներով՝ բարձրացնելով նշաձողը, որին համապատասխան առաջարկներ մինչ այս պահը չէի ստանում ։ Իսկապես թիմն իրականացրել է մանրակրտիկ աշխատանք և սա այն դեպքերից էր, երբ օրեր շարունակ ինձ ներկայացվել են մանրամասներ, որոնք ինձ համար իսկապես կարևոր են»,– ասաց դերասանը։

Սոս Ջանիբեկյանը նաև անկեղծացավ՝ պատմելով նախագծի շուրջ իր մտավախությունների և սիրելի տեսարանների մասին։
«Սկզբնական փուլում իմ մտավախություններից էր այն, որ պետք է ստանայինք այլ ժամանակաշրջան, իսկ մեդիադաշտում դա ուղիղ փողկապակցված է մեծ ռեսուրսների հետ, բայց ես տեսնում էի՝ ինչպիսի ջանասիրությամբ, ուշադրությամբ և եռանդով է թիմն աշխատել ողջ ընթացքում և ամեն անգամ, երբ տարվում էին նկարչական աշխատանքներն ու մենք տեղափոխվում էինք հաջորդ տեղանք ես իսկապես ես հավատում էի, որ մենք 1840–ականներում ենք։ Ամեն անգամ, երբ հարցերով գալիս էի Իննայի և Գոշի մոտ գիտակցում էի, որ այսքան մեծ համբերությամբ միայն երեխայիս կպատասխանեի: Բազմաթիվ տեսարաններ և երկխոսություններ սիրելի են և այդ ամենի շնորհիվ ես մեծագույն սիրով եմ աշխատել»,– հավելեց նա։
Մինչ այս նախագիծը Իննա Խոջամիրյանը և Սոս Ջանիբեկյանը համատեղ նկարահանվել են ժամացույցի գովազդում, որտեղ ևս հերոսուհին կարողանում էր «ետ տալ» ժամանակը։
«Մեզ համար հաճախ այդ դրվագները պատահականություն են, բայց կարծում եմ, որ Աստված ամեն ինչ այլ կերպ է տեսնում և իմ կյանքում կան նախագծեր, որոնք իրենց տեսակով եզակի են, որոնք դառնում են իմ մի մասն ու «կատարվում» ինձ հետ։ Իննայի հետ ունեցել ենք հրաշալի համագործակղություն և մարդ տեսակով Իննան թեթև է, թե՛ պրոդյուսերի, թե՛ գլխավոր հերոսուհու դերում և նրա շնորհիվ նկարահանման հրապարակում տիրել է կարգ ու կանոն։ Իննան չափազանց աշխատասեր է և մենք միշտ կարողացել ենք ստանալ այդ էներգիան նկարահանման հրապարակում և մենք զգացել ենք ընթացքն ու միմյանց և իսկապես Իննան հենց այս նախագծի գլխավոր հերոսուհին եր»,– եզրափակեց դերասանը։








