«Կատարյալ ապուշը». Ռոմանտիկ կատակերգություն՝ հայրենասիրական նոտաներով

14:53 • 23.05.24

Դերասան, սցենարիստ, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի նոր գեղարվեստական ֆիլմը մարտի 21-ից ցուցադրվում է Երևանի բոլոր կինոթատրոններում: «Կատարյալ ապուշը» ռոմանտիկ կատակերգություն է:

ֆիլմում ներգրավված են մի շարք հայտնի ու սիրված դերասաններ՝ Գեորգի Հովակիմյան, Կրիստինա Հովակիմյան, Արման Ղազարյան, Վահագն Գալստյան, Սեպուհ Ապիկյան, Արթուր Հակոբյան, Մելսիդա Հակոբյան և այլք:

Ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորում է Տիգրան Նալչաջյանը:

«2022 թվականին արդեն իսկ ունեի պատրաստի սցենար, որը պետք է նկարահանեի։ Ռոմանտիկ կատակերգություն էր, որը, կարծում եմ, ցանկացած պահի կարող է հաջողություն ունենալ։ Սակայն հաշվի առնելով երկրում կատարվող իրադարձությունները՝ որոշեցի նկարահանել այնպիսի ֆիլմ, որում կլինեն բարություն տարածող ասելիքներ, հայրենասիրական նոտաներ և այլ կարևոր ուղերձներ, որոնք առնչվում են մեր ժամանակներին: Եվ այդ ամենն, իհարկե համեմելով ժամանցի հետ, որպեսզի հանդիսատեսը հաճելի ժամանակ անցկացնի կինոթատրոնում»,-  Tert.am Life-ի-ի հետ զրույցում պատմեց ռեժիսորը:

Ֆիլմը ցուցադրվել է բոլոր կինոթատրոններում և դեռ ցուցադրությունները շարունակվում են։ Արդեն ցուցադրվել են նաև Արտաշատ, Էջմիածին, Աշտարակ, Աբովյան, Արմավիր, Գառնի, Բյուրեղավան և այլ համայնքներում: Տիգրանի խոսքով՝ սեպտեմբերից շարունավկելու են մարզային ցուցադրությունները:

«Պատրաստվում ենք ցուցադրություններ կազմակերպել նաև սփյուռքի մեր հայրենակիցների համար»,- հավելեց նա։

Արձագանքները շատ դրական են, քանի որ ֆիլմն ունի դաստիարակչական բնույթ։ «Եվ շատ ուրախ եմ, որ ֆիլմը հատկապես հավանում և գնահատում են մանկավարժները։ Հանդիսատեսի հետ հետադարձ կապը պահում ենք և հստակ մոնիտորինգ ունենք այդ առումով»,- նշեց Տիգրան Նալչաջյանն ու ավելացրեց, որ փողոցում շատերը մոտենում և շնորհակալություն են հայտնում ֆիլմի համար։

Հեղինակ՝ Անի Մնացականյան

«Կատարյալ ապուշը». Ռոմանտիկ կատակերգություն՝ հայրենասիրական նոտաներով