«Պատրաստվում ենք 2023-ի՝ ամենավաճառված գիրքը էկրանավորել». Ռուբեն Եսայան

16:35 • 12.06.24

2024 թվականին ամենաշատ վաճառված՝ «Վանականներն ունեն գաղտնիք» գրքի, երգչուհի Էլեն Սաֆարյանի հետ համագործակցության, նոր երգերի ու «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի էկրանավորման մասին Tert.am Life-ը զրուցել է բլոգեր, գրող և երաժիշտ Ռուբեն Եսայանի հետ:

«Գիրքը պատմում է 3 ուսանողների մասին, ովքեր սովորում են Հայաստանի Ամերիկյան համալսարանում, որտեղ հաճախ են լինում ծրագրեր և հնարավորություն է տրվում ուսումը շարունակել արտերկրում:

Գրքի հերոսները մասնակցում են ծրագրին և գնում Միացյալ նահանգներ: Միասին ապրում են փոքրիկ քաղաքում, որտեղ սպանված են գտնում մի աղջկա: Սկսում են տարօրինակ դեպքեր տեղի ունենալ: Քաղաքում գործում է վանական միաբանություն և տեղի բնակիչները շուտով հասկանում են, որ վանականներն ինչ-որ գաղտնիք են թաքցնում»,- մեզ հետ զրույցում պատմեց Ռուբեն Եսայանը:

Ըստ գրողի՝ գիրքը գրավիչ է, որովհետև ժանրն է գրավիչ և նորություն է հայ գրականության մեջ: «Մենք դետեկտիվ և թրիլլեր չենք ունեցել, կարծում եմ առաջին հերթին դա է գրավում ընթերցողին»,- նշեց գրողը ու հավելեց, որ այս պահին 2024-ի ամենավաճառվածը «Վանականներն ունեն գաղտնիք» գիրքն է, իսկ նախորդ՝ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գիրքը ամենաշատ վաճառվածն էր 2023-ին:

«Թեև ես ճանաչվեցի որպես բլոգեր, բայց այս պահին ինձ ավելի շատ գիտեն որպես գրող, վիդեոբլոգինգը կողքից շարունակվում է: Նաև պատրաստվում ենք առաջին գրքի ֆիլմը էկրանավորել: Դա նախատեսում ենք 2025 թվականին, գլխավոր հերոսներին ովքեր կմարմնավորեն, դեռևս պարզ չէ»,- պատմեց նա:

Երաժշտությունը Ռուբենի կյանքում նույնքան կարևոր է որքան գրականությունը: «Սա ևս ստեղծագործական աշխատանք է: Հիմա ակտիվ համագործակցում եմ Էլեն Սաֆարյանի հետ: Նրա հետ ծանոթացել եմ «Հատուկ դասարան» նախագծից, հետո միանգամից հասկացա, որ շատ տաղանդավոր է: Լսեցի ձայնը, շատ հավանեցի ու հասկացա, որ ինքը այն վոկալիստն է, ում հետ կարելի է ցանկացած երգից լավ բան ստանալ»,- անկեղծացավ Ռուբենն ու հավելեց. «Հաջորդ երգն էլ շատ չի ուշանա»:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

«Պատրաստվում ենք 2023-ի՝ ամենավաճառված գիրքը էկրանավորել». Ռուբեն Եսայան