Քևին Սփեյսին, Ատոմ Էգոյանն ու մյուս հայտնի հյուրերը. կայացավ «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնի բացումը

11:05 • 08.07.24

«Երջանիկ եմ այստեղ գտնվել, արժանանալ փառատոնի պատվավոր մրցանակին: Մեծ պատիվ է, որ որոշել եք ինձ հյուրընկալել։ Ինձ պատվելով՝ դուք պատվում եք բոլոր այն ֆիլմերի ստեղծողներին, որոնցում նկարվել եմ»,- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ասաց կինոփառատոնի պատվավոր հյուր,  կրկնակի Օսկարակիր Քևին Սփեյսին:

«Երբ տարիներ առաջ ես, Սուսաննա Բաղդասարյանն ու Միքայել Բադալյանը որոշեցինք ստեղծել այս փառատոնը, մեզ 2-3 տարի հայհոյում էին և ասում՝ «այս փառատոնը պետք չէ, կինո չունենք, կինոթատրոն չունենք, ինչու պետք է փառատոն ունենանք: Բայց ստեղծվեց փառատոնը, որի առաջին մրցանակը ստացավ մեր սիրելի դերասանը, մեր դեսպանն ամբողջ աշխարհում»,- ասաց կինոփառատոնի հիմնադիր, նախագահ Հարություն Խաչատրյանն ու բեմ հրավիրեց փառատոնի մյուս պատվավոր հյուրին՝  կանադահայ դերասան, ռեժիսոր Ատոմ Էգոյանին, ով 12 տարի չէր եղել Հայաստանում: Հարություն Խաչատրյանը Փարաջանովյան թալեր հանձնեց Ատոմ Էգոյանին։

Իր խոսքում Էգոյանն ընդգծեց, որ բացման ֆիլմը Օսկար Ուայլդի և Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե»-ի կլանիչ ու վառ պատկերային վերաիմաստավորումն է, որտեղ Ամանդա Սեյֆրիդը փայլում է թատերական մի ռեժիսորի դերում, ով ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։ Նա առանձնահատուկ շեշտեց, որ Ամանդա Սեյֆրիդի հետ 15 տարի առաջ է աշխատել և այս նոր ֆիլմում վերջինս անմոռանալի դեր է կերտել։

Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկնարկը տրված է: Ամենամյա կինոտոնն այս տարի տեղի է ունենում հուլիսի 7-14-ը։ Փառատոնն այս տարի չունեցավ բացման արարողության ավանդական կարմիր գորգը։ Ըստ փառատոնի ստեղծագործական թիմի արարողակարգային հայեցակարգի՝ հետայսու փառատոնի այս կարևոր դետալն կրում է լրացուցիչ իմաստավորում։ «Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնի կարմիր գորգին փոխարինեց արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը, որոնք կազմում են «Տեղորոշում» հավաքածուն։

«Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:

Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի, այդ թվում` 4 անգամ «Լավագույն ֆիլմ» և 3 անգամ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ Փառատոնի շրջանակում կկայանա նրա հինգ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։ Կանադահայ վարպետ Ատոմ Էգոյանը վերադառնում է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն։ Նա այս տարվա կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն է։ 

Բացի այդ, Էգոյանի բարձր գնահատանքի արժանացած նոր կինոնկարը՝ «Յոթ քողը», որի պրեմիերան նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում էր, 21-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմն էր։

Փառատոնի երեք համահիմնադիրները՝ Հարություն Խաչատրյանը, Սուսաննա Հարությունյանը, Միքայել Ստամբոլցյանը և Ատոմ Էգոյանը միասին ազդարարեցին փառատոնի մեկնարկը։

 

Հեղինակ՝ Անի Մնացականյան

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի

 

 

 

Քևին Սփեյսին, Ատոմ Էգոյանն ու մյուս հայտնի հյուրերը. կայացավ «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնի բացումը