«Կարծում եմ, լավագույն դերս դեռ առջևում է». Քևին Սփեյսին անկեղծացավ երկրպագուների հետ

11:44 • 10.07.24

«Ոսկե ծիրան» երևանյան 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր, կրկնակի օսկարակիր, Լոուրենս Օլիվյեի մրցանակակիր, թատրոնի և կինոյի անվանի դերասան Քևին Սփեյսին  երեկ՝ Կինոյի տանը հանդիպեց հայ երկրպագուների հետ:

1ու կես ժամ, ջերմ մթնոլորտում, չդադարող ծափերի ներքո, Սփեյսին սիրո խոսքեր լսեց, պատասխանեց երկրպագուների հարցերին ու նվերներ ստացավ:

«Անչափ երջանիկ եմ և շնորհակալ, որ բոլորդ այստեղ եք: Սա հուզիչ է ինձ համար և կարևոր»,- ասաց Սփեյսին:

Դերասանն ավելի շատ խոսեց թատրոնից և կինոյում կերտած իր կերպարներից: Նշեց, որ իր մասնագիտության մեջ իրեն երջանիկ է համարում, քանի որ պատիվ է ունեցել բազում լավ կերպարներ մարմնավորել: Բայց, հարցին, թե որն է եղել իր կյանքում ամենակարևոր դերը, արտիսն արձագանեքեց.

«Կարծում եմ, լավագույն դերս դեռ առջևում է: Ես այնքան բախտավոր եմ եղել վերջին 4-5 տարիների ընթացքում, որ հրաշալի ֆիլմարտադրողների հետ եմ զրուցել, որոնք ինձ առաջարկել են իրենց հետ աշխատել, ես իսկապես հուզված եմ այն բոլոր նախագծերով, որոնք գուցե շուտով կկայանան, դա ինձ դրական էմոցիաներ ու հպարտություն է տալիս»,- նշեց դերասանը:

Սփեյսին պատմեց, որ երբեմն մարդիկ պնդում են, թե տեսել են իր բոլոր ֆիլմերը: «Դա անհնար է: Ես, ինչպես բոլոր դերասանները ունեմ և՛ լավ, և՛ վատ դերեր: Ինձ համար դերասանի աշխատանքը սկսվում է սցենարից, ես պետք է մանրամասն հետազոտեմ այն: Երբ առաջին անգամ կարդում եմ սցենարը, այն ինձ իսկապես խելքահան է անում, ես սկսում եմ չհավատալ, ասում եմ ՝ Աստված իմ, այս ինչ հրաշալի պատմություն է, սա հենց այն փորձառությունն է, որը պետք է կենդանացնես և ցույց տաս: Հետո, երբ ասում են՝ քո խաղն ավելին է, քան ես պատկերացնում էի, դա ամենամեծ գնահատականն է»:  

Սփեյսիի խոսքով՝ ամեն անգամ դերի մեջ մտնելու գործընթացը տարբեր է։

«Միշտ աշխատում եմ տարբեր ռեժիսորների հետ, որոնք տարբեր մտքեր են ունենում։ Այսինքն, ես ոչ միայն պետք է ծառայեմ գրողին, նաև  հետևեմ ռեժիսորի կերտած աշխարհին։
Երբեմն ուզում եմ նման համեմատություն անել՝ ես գունապնակ եմ, ինչ-որ մեկը դրած ներկում է։ Դա է իմ աշխատանքը»,- բացատրում է արտիստը:

Նրա համար մրցանակները հաճելի են, բայց առավել կարևոր է այն ջանքը, որ ներդնում ես այս կամ այն նախագծի մեջ: «Լավ խոսքերն ու հաջողությունը պակաս կարևոր են, քան փորձը, որը ձեռք ես բերում ընթացքում»:

Երկրպագուներից մեկի հարցին, թե ո՞վ կհաղթի ԱՄՆ ընտրություններում՝ Բայդե՞նը, թե՞ Թրամփը, Սփեյսին արձագանքեց.

«Այս հարցին պատասխանելու շատ ձևեր կան։ Բայց ես չեմ ուզում քաղաքականության մեջ մտնել»։ 

Իսկ հարցին՝ արդյոք տեղյակ է, որ Ամերիկյան համալսարանում իր և ուսանողների հանդիպումը չեղարկվել է, և իր այցը որոշ դժգոհությունների առիթ դարձել, Սփեյսին կարճ պատասխանեց.

«Ես այստեղ եմ, քանի որ ինձ հրավիրել են կինոփառատոնի շրջանակներում՝ որպես պատվավոր հյուր, ես այստեղ եմ անելու իմ գործը»:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

 

«Կարծում եմ, լավագույն դերս դեռ առջևում է». Քևին Սփեյսին անկեղծացավ երկրպագուների հետ