«Կեսից բոլորս հուզվել ու արտասվել ենք». Լիա Զախարյանը՝ «Նոր տարվա կինո» ֆիլմում իր կերպարի մասին

16:27 • 25.07.24

Դերասանուհի Լիա Զախարյանին՝ բոլորովին նոր, գրոտեսկային ու հումորային կերպարով հանդիսատեսը շուտով կտեսնի Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո» ֆիլմում: Ֆիլմում իր տեսարանների նկարահանումներն արդեն ավարտվել են, իսկ լավ թիմի հետ բարդ ու հաճելի աշխատանքի, նկարահանման հրապարակում ունեցած հույզերի մասին Լիան հպարտությամբ է հիշում: 

«Առաջարկը ստացա ֆիլմի գլխավոր պրոդյուսեր և ռեժիսոր Ելենա Արշակյանից և վիդեո փորձերից հետո ընտրվեցի այդ կերպարի համար:

Ուզում եմ անպայման պատմել մեր առաջին «չիտկայի» մասին, երբ բոլորս ուրախ եկել էինք, լավ տրամադրությամբ, ամեն ինչ լավ էր, սցենարի կեսից հանկարծ նկատեցինք, որ բոլորս հուզվել ենք, արտասվում ենք: Թեթևակի դադար ենք վերցրել, որ կարգի բերենք մեր էմոցիաները»,- Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացավ դերասանուհին:

Թեև Ֆիլմում Լիան և Լիանա Վանոյանը ներկայանում են գրոտեսկային ու հումորային կերպարներով, բայց ֆիլմն ըստ դերասանուհու՝ ամենևին բրենդի կամ լյուքս քոփիի մասին չէ:

«Ֆիլմն ունի ավելի կարևոր ասելիք, որը վստահ եմ դիպչելու է բոլորի սրտերին, հուզելու է բոլորին և ֆիլմը ստիպելու է հավատալ՝ եթե մի բան շատ ես ուզում, դարձնում նպատակ, ու քայլեր ձեռնարկում, այլ ոչ թե ձեռքերդ ծալած նստում, սպասում, կամ երազում, անպայման քո նպատակն իրականություն է դառնում»,-ասաց դերասանուհին:

Նրա խոսքով՝ կերպարն ունի կարևոր ասելիք, որը բացվում է ֆիլմի կեսից և կուլմինացիոն ավարտ է ունենում հենց վերջում:

«Այս կերպարն ինձ որպես դերասանուհի Լիա Զախարյան շատ բան է սովորեցրել: Եղել են տեսարաններ, երբ նկարահանման ժամանակ ինչ-որ բան խեղդում էր կոկորդս: Բարդ էր ու պատասխանատու, և նուրբ մոտեցում էր պահանջում: Ելենան ամեն վայրկյան կարողանում էր ինձ շատ ճիշտ էմոցիոնալ և հոգեբանական խնդիր տալ: Շնորհակալ եմ նրան՝ նման պրոֆեսիոնալ մոտեցման ու հոգեբանական օգնության համար: Գուցե լիներ ուրիշ ռեժիսոր ես նույն հոգեբանական ճիշտ մոտեցումը չկարողանայի ստանալ»,- խոստովանեց Լիան:

Լիանա Վանոյանի հետ աշխատելու նրա 3-րդ փորձն էր: Դերասանուհին պատմեց, որ Լիանան ապահովում էր նկարահանման հրապարակի բարձր տրամադրությունը:

«Լիանան մեր լիցքավորիչն էր, ոչ ոք չէր հասցնում զգալ հոգնածություն կամ տխրություն, շոգ, անձրև, ցուրտ կամ սով, որովհետև նա այնքան էմոցիոնալ էր, ու անվերջ հումորներ էր անում:

Ֆիլմի ստեղծագործական թիմում բոլորը պրոֆեսիոնալներ էին, հստակ գիտեին ուր են եկել, ամեն մարդ հստակ զբաղվում էր իր գործով, ինչը շատ հազվադեպ է լինում: Կուզեմ նաև առանձնացնել մեր 2 փոքրիկ հրաշք դերասաններին՝ Վիկային և Նվերին, ովքեր իրենց տարիքի և փորձի համեմատ բավականին պրոֆեսիոնալ մոտեցում էին ցուցաբերում: Իսկապես չէիր զգում, որ աշխատում ես երեխաների հետ: Կարծես աշխատում էիր փորձառու, հասուն դերասանների հետ, որոնցից սովորելու շատ բան կար»,- նշեց Լիա Զախարյանը:

Նրա համոզմամբ՝ իզուր չէր ֆիլմի սցենարի վրա 3 տարի աշխատելը, քանի որ այն ասելիքը, որը պիտի տեղ հասնի, չէր կարող զարգանալ 1 տարում:

Լիան խոստովանում է՝ կերպարը շատ բարդ էր և տարբերվում էր իր բոլոր դերերից:

«Ես երբեք չեմ եղել նման գրոտեսկային կերպարում, որից հետո  ենթարկվում եմ տրանսֆորմացիայի և կարևոր ասելիքը տեղ հասցնում: Շատ մեծ հպարտություն եմ զգում, որ հենց ես եմ ընտրվել այդ դերի համար և շնորհակալ եմ Անահիտ Մխիթարյանին ու Ելենա Արշակյանին նման կարևոր դժվար դերն ինձ վստահելու համար: Շնորհակալ եմ ողջ թիմին՝ պրոֆեսիոնալ մոտեցման համար»,- ամփոփեց Լիա Զախարյանը:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

 

 

«Կեսից բոլորս հուզվել ու արտասվել ենք». Լիա Զախարյանը՝ «Նոր տարվա կինո» ֆիլմում իր կերպարի մասին