«Վաչեն սիթքոմում իմ ամուսինն է». Լիանա Վանոյանը, Վաչե Երիցյանն ու Անահիտ Ղուկասյանը նոր՝ «Տատաստրոֆա» սիթքոմում

15:30 • 27.08.24

Շուտով ArmeniaTV-ի հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու նոր՝ «Տատաստրոֆա» սիթքոմը: Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին, զրուցել ստեղծագործական թիմի հետ ու պարզել ֆիլմի մանրամասները:

Երիտասարդ զույգը դիմում է անշարժ գույքի գործակալություն՝ հնարավորինս էժան և կենտրոնին մոտ բնակարան վարձակալելու համար: Գործակալն առաջարկում է սեփական տուն քաղաքի կենտրոնում, որը հարմար է մեծությամբ և արժեքով։ Սակայն, փոքրիկ նրբություն կա. տան երկրորդ հարկում բնակվում է մի տատիկ, ով հենց տիրուհին է։

Սցենարի հեղինակը Սարգիս Կալպակյանն է, ռեժիսորը՝  Արման Մելիքյանը: Գլխավոր հերոսներին մարմնավորում են Լիանա Վանոյանը, Վաչե Երիցյանն ու Անահիտ Ղուկասյանը:

«Սցենարին ծանոթացա և հաճույքով համաձայնեցի մասնակցել, մանավանդ, երբ իմացա ովքեր են խաղընկերներս ու ռեժիսորը: Կերպարս ՏՏ ոլորտի զարգացած մասնագետ է, նոր ծրագրի վրա է աշխատում և ունի մեծ հեռանկարներ: Եթե իր ծրագիրը հաստատվի, մեծ իրադարձություն կլինի: Բայց հանդիպում են, մեղմ ասած, մեծ խոչընդոտի, որը տան տերն է», - Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասան Վաչե Երիցյանն, ում կերպարն, ի տարբերություն նախորդ կերպարների՝ հումորային չէ:

Նրա խոսքով՝ իրավիճակներեն են ավելի շատ հումորային: Վաչեն նշեց, որ մեծ հաճույքով է աշխատում, քանի որ թիմում է դերասանուհի Անահիտ Ղուկասյանն, ում հետ աշխատելը մեծ պատիվ է:

Լիանա Վանոյանին այս նախագծում գրավել է դինամիկան, և այն հանգամանքը, որ ներկայանալու է ինքն իր դեմքով:

«Որքան էլ զարմանալի է՝ ես կնոջ կերպարն եմ մարմնավորում: Վաչեն իմ ամուսինն է սիթքոմում, երիտասարդ զույգ ենք, նա ծրագրավորող է, ես՝ հաշվապահ: Այս զույգը բախտի բերմամբ հայտնվում է մի ընտանիքում, որտեղ ապրում է բարի դեմքով՝ ոչ այնքան բարի տատիկ: Վաչեի հետ միշտ պլանավորում էինք, փոքր երազանք էր, մտածում էի՝ տեսնես հնարավո՞ր է մի օր նույն նախագծում լինենք: Ստացվեց: Վաչեն եզակի, տաղանդավոր մարդ է, նրա հետ շատ հաճելի է աշխատել: Թիմը շատ լավն է, այն մարդիկ, ովքեր կադրից դուրս են մնում, նրանց ուսերին ամենամեծ գործն է դրված: Ամեն ինչ անում են, որ հանդիսատեսը տեսնի իդեալական ու ստացված կադր: Թիմում բոլորն իմ ընկերներն են՝ ռեժիսորը, օպերատորները»,- պատմում է դերասանուհին:

«Մենք թեթևակի ջրիկ ենք»,- անկեղծանում է Լիանան ու ասում, որ նկարահանման ընթացքում կուրիոզ դեպքերի պակաս չունեն:

Խոսելով բարդություններից պատմում է, որ իր համար բարդ է առավոտյան վաղ արթնանալ և գալ նկարահանման: «Ժամը 2-ից հետո ես շատ աշխատունակ եմ, բայց առավոտյան 8-ին ոչ մի կերպ կոմունիկացիայի չգնացող անձնավորություն եմ: Բայց հրաշալի թիմ է, որը հնարավորություն է տալիս ազատ ստեղծագործելու և նորը բերելու»,- ամփոփեց Լիանա Վանոյանը:

«Տատաստրոֆա» սիթքոմի ստեղծագործական թիմի հետ մեր զրույցներն ու բեքսթեյջ լուսանկարները կներկայացնենք Tert.am Life-ի հաջորդ հրապարակումներում:

Հեղինակ՝ Անի Մնացականյան