«Հաճելի է աշխատել նրանց հետ, հոգիս երիտասարդանում է». Անահիտ Ղուկասյանը՝ «Տատաստրոֆա» սիթքոմի՝ տանտիրուհի

15:51 • 02.09.24

«Հաճելի է աշխատել երիտասարդների հետ, որովհետև նրանց հետ հոգիս երիտասարդանում է: Ինձ հետաքրքրեց նախագիծը, քանի որ տարբերվող է»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Անահիտ Ղուկասյանն, ով նոր՝ «Տատաստրոֆա» սիթքոմում մարմնավորում է տանտիրուհու կերպարը:

«Կոմեդիայում քիչ եմ նկարվել, իսկ տարբեր ժանրերում աշխատելը հետաքրքիր է, որ միշտ նույն վիճակում չլինես: Ես արդեն տարիքով մեծ եմ ու ամեն ինչ անում եմ, որ անընդհատ հունի մեջ լինեմ, շատ եմ սիրում այս կյանքը: Ես զարմանում եմ, որ հաճախ մարդիկ ասում են՝ մեռնեմ, պրծնեմ: Ինչի՞ց պրծնես, այս մի կյանքն է մեզ տրված»,- անկեղծացավ   դերասանուհին:

Անահիտ Ղուկասյանը նշեց, որ ֆիլմում մարմնավորում է տարօրինակ տատիկի՝ տարբեր մտածողությամբ: «Երիտասարդների հետ նա իբրև թե բարի է, բայց միևնույն ժամանակ կյանքներն «ուտում է»: Ամեն ինչ անում է, որ նրանց կյանքը թունավորի: Շատ հետաքրքիր է կերպարն ինձ համար: Հեռուստադիտողը թող սպասի հետաքրքիր ֆիլմի, որից ինքը պետք է հաճույք ստանա»,- եզրափակեց Անահիտ Ղուկասյանը:

Նշենք, որ Արմենիա TV-ի եթերում «Տատաստրոֆա» նոր սիթքոմի առաջին մասը հեռուստադիտողը կարող է դիտել արդեն այսօր՝ օգոստոսի 2-ին: Սցենարի հեղինակը Սարգիս Կալպակյանն է, ռեժիսորը՝  Արման Մելիքյանը: Գլխավոր հերոսներին մարմնավորում են Լիանա Վանոյանը, Վաչե Երիցյանն ու Անահիտ Ղուկասյանը:

Հեղինակ՝ Անի Մնացականյան