«8-ից գիշերվա 12-ը նկարում, ասում էին, ուռա, այսօր 2 րոպե նկարեցինք». «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի բարդ ընթացքը, պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը՝ Tert.am Life-ի օբյեկտիվում

12:02 • 04.10.24

Դեռ 2019-ից «Դեպի ճամբար» նախագիծը սիրվեց հանրության կողմից: Թե՛ փեքրերի, թե՛ մեծերի կողմից դրական արձագանքներ լսելուց հետո ստեղծագործական թիմը որոշեց նկարահանել գեղարվեստական ֆիլմ: Առանց երկար-բարակ մտածելու բոլորը միանգամից հավատացին ու արդյունքում ստեղծվեց «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմը:

«Կինոմոսկվա»- ում երեկ՝ հոկտեմբերի 3-ին կայացավ ֆիլմի պրեմիերան: Կարմիր գորգի արարողությունն ու հայտնի հյուրերը Tert.am Life-ի օբյեկտիվում են:

 «Սերիալից անցում գեղարվեստական ֆիլմի՝ ստեղծագործական թիմի համար դեբյուտային էր: Ֆիլմը սերիալից կտրել ենք, մեզ համար կարևոր էր, որ մարդկանց մոտ նայելիս հարցեր չառաջանան, իրենք տեսնեն 0-ից նոր ֆիլմ: Պարտադիր չէ կերպարներին ճանաչեն»,- նշեց ֆիլմի պրոդյուսեր, դերասան Գրիգոր Դանիելյանը:

«Սերիալի դեպքում օրեր է եղել մեկ օրում մեկ սերիա ենք նկարել, այս դեպքում չեք պատկերացնի ինչ բարդ էր: Ֆիլմի դեպքում առավոտյան 8-ից նկարահանումները սկսվում էին ու տևում մինչև գիշերը 12-ը: Ու, գալիս, ասում էին, ուռա ՜, այսօր 2 րոպե նկարեցինք: Ես վատանում էի, ասում էի՝ ո՞նց, 2 րոպե՞... այդքան բարդ ու դաժան էր»,- անկեղծացավ ֆիլմի տնօրեն Հռիփսիմե Ելինյանը:

Ռեժիսոր Կարեն Ամյանը չի թաքցնում, կադրից դուրս ամեն ինչ ավելի հետաքրքիր է: «Դժվարությունը մեծ էր, գործ ունեինք երեխաների հետ, նրանց չհոգնեցնելու խնդիր ունեինք և խնդիր ունեինք տեսարանը լավ ստանալու: Այդ երկուսը համատեղելը շատ բարդ էր լինում»,- մեզ հետ զրույցում նշեց Ամյանը:

Ռեժիսորը պատմեց, որ սցենարի հեղինակ Գարիկ Սեփխանյանը գրել էր, որ ինքը ծառից ընկնելու է, հետո անակնկալի էր եկել, թե ինչպես պիտի ընկնի:

Գարիկ Սեփխանյանն էլ խոստովանեց՝ սցենար գրելն ավելի հեշտ էր, քան իրագործելը: «Տեսարաններ կան, որ նկարահանման հրապարակում փոփոխության են ենթարկվել, գրելուց չես պատկերացնում ոնց կարելի է դա իրագործել»,- ասաց Գարիկը:

Կարեն Ամյանի խոսքով՝ բարդ, բայց շատ հետաքրքիր են անցել նկարահանումները: «Մենք հավատում էինք մի բանի, եթե սիրում ենք նկարել, ուրեմն դա սիրվում է: Եթե անգամ եղել են փոքրիկ չարիքներ, մենք տեղում մաքրել ենք, որ ֆիլմին չխանգարի»:

Դերասան Ալբերտո Դանիելյանը պատմեց, որ երկար են մտածել արժի՞ մազերը կտրել, թե՞ ոչ: «Հետո հասկացանք, որ ավելի լավ է առանց մազ նկարահանվենք գեղարվեստական ֆիլմում, քան մազերով դրսում քայլենք»:

Ֆիլմում շատ ասելիք կա, բայց ռեժիսորն առանձնացնում է ամենակարևորը՝ մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար: «Այս գաղափարախոսությունն էր  դրված ճամբարում: Երեխաները, որ անտարբեր էին իրար նկատմամբ, հանգամանքների բերումով հասկացան, որ միասնական ուժի շնորհիվ բոլորը կարող են լինել հերոսներ»,- նշեց Կարեն Ամյանը:  

Հռիփսիմե Ելինյանն էլ փաստեց, որ ֆիլմից դուրս ճամբարը, որ գործում է, այնտեղ բոլորը, տարիների ընթացքում դարձել եմ ընկերներ:

«Իրենք բոլորը մեր երեխաներն են»,- նշեց նա:

Ֆիլմի նկարահանման ընթացքում կուրիոզ դեպքերի պակաս չի եղել: Ամենահիշվողն այն պահն էր, երբ նկարահանման հրապարակից կորել էր հավը: Ժամեր անց նրան գտան խոտերի մեջ թաքնված:

«Սցենարը քննարկում ենք, և առհասարակ, մեզ մոտ ամեն հարց առանց  ամբիցիաների քննարկում ու բերում ենք ընդհանուր հայտարարի: Հենց դա է մեր հաջողության գաղտնիքը, երբ թիմում բոլորը համագործակցում են: Եթե ուզում ես հաջողվի քո ստեղծագործությունը, շատ կարևոր է իրար լսելն ու հանդուրժողականությունը»,- նշեց Գրիգոր Դանիելյանը:  

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն, ով սերիալում ընկեր Տաթևին էր մարմնավորում, ֆիլմում հանդես է գալիս նոր կերպարով: «Գերէմոցիոնալ, թռվռուն Տաթևի կերպարից հետո այստեղ հասուն, զուսպ ու այլ մասնագիտության տեր, Մարիամից դուրս աղջկա եմ մարմնավորում: Իսկ այս թիմի հետ աշխատելն ինձ համար նորություն չէր, բոլորն իմ ընկերներն են, իմ ընտանիքի նման են, այստեղ անգամ ուշանալիս, հուզվելիս չեմ լարվում, գիտեմ, որ իրենք ինձ միշտ փայփայում են»,- պատմեց դերասանուհին:

Ֆիլմը շատ անսպասելի ավարտ ունի, դա հատուկ են մտածել: «Ուզում էինք, որ հանդիսատեսը վերջում զարմացած դեմքով դուրս գա դահլիճից: Կարծես ստացվել է»,- ամփոփեց Գրիգոր Դանիելյանը:

Հիշեցնենք, «Դեպի ճամպար-հոտուկ ջոկատ» գեղարվեստական ֆիլմն արդեն կարող եք դիտել բոլոր կինոթատրոններում: 

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի

«8-ից գիշերվա 12-ը նկարում, ասում էին, ուռա, այսօր 2 րոպե նկարեցինք». «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի բարդ ընթացքը, պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը՝ Tert.am Life-ի օբյեկտիվում