Կասկածելի տրամադրությամբ՝ Գարիկի ու Ռոբի մասնակցությամբ «Կասկածելի երեկո»-ն վերադառնում է Արմենիա TV-ի եթեր

17:26 • 18.10.24

Գրեթե 10 տարի անց՝  հոկտեմբերի 25-ից, ուրբաթ երեկոյան «Կասկածելի երեկո» շոուն վերադառնում է Արմենիա TV-ի եթեր:

Tert.am Life-ը ներկա է եղել առաջին հաղորդման նկարահանումներին ու զրուցել նախագծի հեղինակների հետ:

«9 տարի հավաքվել էր թե՛ հեռուստադիտողի, թե՛ մեր ընկերների, թե՛ ծանոթների խնդրանքները՝ «արե՛ք, ուզում ենք»: Ի վերջո, այս տարիներին այդքան կուտակված «ինչու չեք անումները» հավաքվեց և պայթեց: Ես ու Գարիկը որոշեցինք էքսկլյուզիվ մի քանի եթերաշրջան անել: Կարծում եմ, լավ կստացվի, դեռ ուժ ունենք, դեռ չենք հոգնել: Ավելի հաճույքով ու հավեսով կսկսենք»,-  Tert.am Life-ի հետ զրույցում ասաց պրոդյուսեր, հաղորդավար Ռոբերտ Մարտիրոսյանը: 

Նրա խոսքով՝ հաղորդումն իր հիմնական ֆորմատը պահպանել է, փոխվել են միայն տաղավարն ու եթերային փոքրիկ դետալներ:

«Հայասանում հյուրերի հետ կապված մի փոքր խնդիր կա, քանի որ հայտնիները շատ չեն: Աշխատում ենք այնպիսի հյուրեր հրավիրել, որ նախկինում չեն եղել մեզ մոտ:

Գարիկ Պապոյանն էլ եթերը սկսելուց րոպեներ առաջ, մեզ հետ զրույցում նշեց, որ շատ կասկածելի տրամադրությամբ է այստեղ՝ «Կասկածելի երեկո»-ի տաղավարում:

«Երկար տարիներ է անցել «Կասկածելի երեկո»-ի վերջին եթերից, մինչև այս պահը ես չեմ սովորել Ռոբերտին ինչև վերջ վստահել: Նույն կասկածներս իր հանդեպ այս տարիների ընթացքում եղել են և հասել են մինչև նոր եթերաշրջան: Բայց շատ ամրապնդված եմ ներխուժում այս եթերաշրջան, ճանաչում եմ իր ցանկացած միմիկա, շարժուձև: Հիմնականում կյանքում էլ է սուտասան, դրա համար ինձ բավականին հեշտ է լինելու»,- կես լուրջ կես կատակ ասաց Գարիկ Պապոյանն ու նշեց, որ հյուրերի ընտրության հարցում տարաձայնություններ չեն ունենում:

«Չունենք հյուր, որ ցանկալի չէ ու մեկս մյուսին պիտի համոզի: Ընտրելը միայն բարդ է լինում այն առումով, որ 1 եթերաշրջան ունենք նկարելու ու պիտի հասկանանք, կարողանում ենք տեղավորել, թե ոչ: Թե չէ բոլորին սիրով սպասում ենք»,- նշեց Գարիկը:

Նրա խոսքով՝ բոլորի կյանքում էլ անհավանական պատմություններ լինում են, իրենց սկզբունքն է երբեք սուտ պատմությունը չներկայացնել որպես իրական պատմություն:

«Կասկածելի երեկո»-ի նոր եթերաշրջանի առաջին հաղորդման հյուրերն են երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը:

Հիշեցնենք, այն եթերում կլինի հոկտեմբերի 25-ից: