Մեկնարկեց «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի միջազգային 16-րդ փառատոնը
«ՌեԱ» անիամացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնն արդեն 16-րդ անգամ ողջունեց կինոյի ոլորտի մասնագետներին, անիմատորներին, ռեժիսորներին, պրոդյուսերներին և արվեստասերներին։ Փառատոնի բացումն ազդարարվեց Երևանի Կինոյի տանը։
Անիմացիոն ֆիլմերի մեծ ու հետաքրքիր շքերթ, վարպետաց դասեր, ցուցադրություններ և շնորհանդեսներ՝ ոլորտի լավագույն մասնագետների մասնակցությամբ, նոր հնարավորություններ հայ անիմատորների և ոլորտի մասնագետների համար:
«ՌեԱ» փառատոնը 1 շաբաթ շարունակ լինելու է երևանյան անիմացիոն կինոյի ոլորտի անցուդարձի կիզակետում։ Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին
միջազգային հյուրեր ու փորձագետներ, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ 
«ՌեԱ» փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին նշեց. «Ամեն տարի փառատոնի
բացումը, անգամ եթե 16-րդն է, կարծես առաջինը լինի։ Եվ հիմա էլ ինձ համար շատ
հուզիչ պահ է այս հարկի տակ տեսնել անիմացիոն ոլորտի ներկայացուցիչների, ու
սիրահարների։ Շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, որոնց միջոցով այս ամենը
հնարավոր է դառնում»։
Ավելի քան 300 ֆիլմ՝ 45 երկրներից․ այս տարի «ՌեԱ»-ի ֆիլմաշարը համալրում են նաև
Կաննի, Անսիի, Սան Սեբաստիանի և Բեռլինի կինոփառատոներում ցուցադրված 7
մրցութային լիամետրաժ, ինչպես նաև հայկական արտադրության կարճամետրաժ
անիմացիոն ֆիլմեր։ Հայ հանդիսատեսը նաև բացառիկ հնարավորություն կունենա
վայելելու Դիսնեյի անզուգական աշխարհը։ Առաջին անգամ Երևանում՝ Կինոյի տան մեծ
էկրանին, կցուցադրվեն «Քվազիմոդո», «Ատլանտիս․ կորսված կայսրությունը» և
«Գեղեցկուհին և հրեշը» լեգենդար ֆիլմերը։ 










