«Այստեղի երեխաները կտրված են թատրոնից, մարդիկ կան չգիտեն թատրոնն ինչ է». Գրիգորի Հակոբյանը՝ ԱՄՆ-ում ապրելու, կարոտը հաղթահարելու և Glendale Theatre Group-ի մասին
«Մոտ 10 տարի է ապրում եմ Լոս Անջելեսում: Երևանյան կարոտս որոշ ժամանակ շատ բարդ եմ հաղթահարել, բայց հիմա հաճախ եմ Հայաստանում լինում, իսկ Միացյալ նահանգներում փորձել եմ ստեղծել իմ երևանյան մթնոլորտը, շրջապատը:
Միևնույն է օտար երկրում ենք, բայց կյանքի մի հիանալի էտապ էլ այստեղ ենք անցկացնում»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասան Գրիգորի Հակոբյանն, ով ապրում ու ստեղծագործում է Միացյալ նահանգներում:
Խոսելով մասնագիտական գործունեությունից՝ դերասանը նշեց, որ վերջերս Զոհրապ Բեկ-Գասպարենցից ֆիլմում նկարահանվելու հրավեր է ստացել:
«Իմ կարծիքով, այսօրվա իրականության, աշխարհում տիրող ծեծուջարդի ու ատելության մթնոլորտում մի բարություն կա ֆիլմում:
Չեմ ուզում չակերտները բացել, մանրամասները հանդիսատեսը կտեսնի ու կգնահատի: Ֆիլմի պրեմիերան Հայաստանում նախատեսվում է ապրիլին, իսկ Լոս Անջելեսում՝ հունվարին»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Գրիգորի Հակոբյանը պատմեց, որ 2015-2016 թթ-ին կնոջ՝ դերասանուհի Գոհար Կարապետյանի հետ ստեղծել է Glendale Theatre Group-ը, որտեղ բազում մանկական ներկայացումներ են բեմադրել:
«Այստեղի հայ երեխաները կտրված են թատրոնի աշխարհից, մարդիկ կան չգիտեն թատրոնն ինչ է: Իմ կարծիքով, մինչև 6 տարեկանը դա ամենակարևոր տարիքն է, որ երեխան հեքիաթներ տեսնի, իմանա դերասանն ով է, թատրոնն ինչ է, այդ տարիքից է սկսվում մշակութային դաստիարակությունը: Թատրոնն ամենալավ կրթելու տեղն է»,- նշեց մեր զրուցակիցը:
Նա նշեց, որ նոյեմբերի 23-ին՝ Glendale Theatre Group-ի դահլիճում, տեղի կունենա «Երեք խոզուկները» տիկնիկային ներկայացումը մայրենի լեզվով:
Նպատակն է, որ բեմադրությունները լինեն շարունակական, որ հայրենիքից հեռու ապրող երեխաները ոչնչով չտուժեն:
«Երևանյան ակտիվությունն ուզում եմ այստեղ էլ լինի: Ներկայացման մեջ զբաղված են պրոֆեսիոնալ դերասաններ, հուսամ հանդիսատեսը կգնահատի դա և երեխաներն ավելի հաճախակի կգան թատրոն:
Հեղինակ՝ Անի Մնացականյան







