«Բաց բեմ», միջազգային նախագծեր, նորովի ներկայացված «Ռոմեո և Ջուլիետ»-ի պրեմիերան. Սունդուկյանում մեկնարկեց 105-րդ թատերաշրջանը (լուսանկարներ)
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 11-ին ազդարարվեց 105-րդ՝ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը։ Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին նոր խաղացանկը, առաջիկա պրեմիերաները, կրթական նախաձեռնություններն ու միջազգային հյուրախաղերը։ Թատրոնը նաև հայտարարեց նոր՝ «Բաց բեմ» հարթակի մեկնարկի մասին, որը նախատեսված է ստեղծագործական նոր ձևաչափերի և տարբեր մասնագետների համագործակցության համար։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 105-րդ թատերաշրջանը լինելու է միաժամանակ հագեցած և համարձակ։ Վիրաբյանի խոսքով՝ նախատեսվում են մի շարք նոր համագործակցություններ, որոնցից առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ նախագիծը։
«Առաջին անգամ կփորձենք անել ներկայացում՝ բեմում կենդանի հնչող նվագախմբով»,-ասել է Վիրաբյանը՝ ընդգծելով, որ նոր համագործակցությունները կարող են նոր մակարդակի հասցնել թատրոնի ստեղծագործական կյանքը։

Նա անդրադարձավ նաև «Բաց բեմ» հարթակին՝ նշելով, որ հարթակը բաց է լինելու բոլոր դերասանների, բեմադրիչների, նկարիչների և մյուս ստեղծագործողների համար, որոնք հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց աշխատանքներն ու գաղափարները։
Անդրադառնալով թատերաշրջանի ծրագրերին՝ դերասաններ Արմեն Մարությանն ու Նելլի Խերանյանը նշեցին, որ նոր սեզոնը հագեցած է լինելու պրեմիերաներով, նորարարական լուծումներով և թատրոնի մեծերին նվիրված հատուկ նախագծերով։

Արմեն Մարությանը հատկապես կարևորեց երիտասարդների ներգրավվածությունը թատրոնի կյանքում։ Նրա խոսքով՝ երիտասարդ դերասանների հետ աշխատանքը, նրանց գաղափարներն ու էնտուզիազմը նոր թարմություն են հաղորդում բեմին և ոգեշնչում նաև փորձառու մասնագետներին։
Նախատեսվում է նաև Չարենցի 120-ամյակին նվիրված «Ամբոխները խելագարված» բեմադրությունը, որի փորձերը կսկսեն առաջիկայում։
Նոր թատերաշրջանում թատրոնում կբացվի նաև զգեստների բացառիկ ցուցահանդես։
105-րդ թատերաշրջանի առաջին խոշոր բեմադրությունը Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետն» է, որի վրա աշխատել է միջազգային ստեղծագործական կազմ՝ ամերիկացի ռեժիսոր Ջոն Բլոնդելի գլխավորությամբ։

Բլոնդելը փոխել է պիեսի ուժային դինամիկան՝ առաջնային պլան մղելով կանանց կերպարները։ Կապուլետի և Մոնտեկի ընտանիքների ղեկավարներին, ինչպես նաև Իշխանին այս բեմադրության մեջ մարմնավորում են կին դերասաններ։
Ներկայացման առանձնահատկություններից է նաև կենդանի երաժշտությունը։ Բեմադրությունն ուղեկցվելու է ԱՄՆ-ից ժամանած կոմպոզիտորի կենդանի կատարումով։
Բլոնդելի բեմադրությունն արդեն ներկայացվել է Վերոնայի Շեքսպիրյան ֆրինջ փառատոնում և արժանացել հանդիսատեսի դրական արձագանքին։ Երևանյան ներկայացումներից հետո «Ռոմեո և Ջուլիետը» նախատեսվում է ցուցադրել նաև Լեհաստանում և Վրաստանում։
Ներկայացման գլխավոր փորձից հետո Ռոմեոյի դերակատար Արմեն Քուշկյանը պատմեց, որ այս բեմադրության մեջ Ռոմեոն դասական 16-ամյա պատանին չէ, այլ 43-ամյա տղամարդ, ինչը փոխում է կերպարի ներքին տրամաբանությունն ու բեմական խնդիրները։

«Իմ Ռոմեոն փորձում է քանդել ընտանեկան թշնամանքի շղթան։ Նա գնում է ինքնասպանության ոչ միայն բուռն սիրուց, այլ այս պատմությանը վերջակետ դնելու համար»,-ասաց դերասանը։
Քուշկյանը պատմեց նաև փորձերի անսովոր մեթոդի մասին։ Առաջին մեկ ամսվա ընթացքում դերասանները չեն ունեցել իրենց վերջնական դերերը և փորձել են տարբեր կերպարներ՝ մի օր հանդես գալով Ռոմեոյի, մյուս օրը՝ Ջուլիետի կամ Տիբալտի դերում։ Նրա խոսքով՝ այդ մեթոդը ձևավորել է խմբային մտածողություն և դերասաններին հնարավորություն տվել ավելի խորությամբ հասկանալու մյուս կերպարների ներքին շարժառիթները։

Ջուլիետի դերակատար Լուսինե Կոստանյանն էլ նշեց, որ իր Ջուլիետը համառ, չկոտրվող և սեփական որոշումներ կայացնող կին է։
Դերասանուհու խոսքով՝ ամենամեծ մարտահրավերը կերպարի տարիքային ընկալումն էր, քանի որ դասական պատմության մեջ Ջուլիետը 14 տարեկան է։ Սակայն Բլոնդելի բեմադրական լուծումները թույլ են տվել հաղթահարել այդ սահմանափակումը։
Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան








