Սեր՝ պшտերազմի մութ օրերում․ տեղի ունեցավ «Ռոմեո Ջուլիետ. Դեժավյու» ներկայացման պրեմիերան (լուսանկարներ)

13:20 • 15.09.26

Սեպտեմբերի 14-ին Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Լյուդվիգ Հարությունյանի «Ռոմեո Ջուլիետ. Դեժավյու» սիրային դրամայի պրեմիերան։ Պիեսի հեղինակն Անահիտ Աղասարյանն էր, նկարչական ձևավորման հեղինակը՝ Հրաչ Քեշիշյանը, իսկ պրոդյուսերը՝ Արման Միտոյանը։

Այս անգամ հանդիսատեսը չտեսավ դասական Ռոմեոյին և Ջուլիետին։ Ներկայացումը պատմեց պատերազմի պայմաններում գերի ընկած աղջկա և զինվորական տղայի մասին։ Չցանկանալով հանձնել աղջկան՝ տղան թաքցրեց նրան։ Ժամանակի ընթացքում նրանց միջև ձևավորված կապն աստիճանաբար վերածվեց սիրո։

Հենց այստեղ էլ բացահայտվեց «Դեժավյու»-ի հիմնական գաղափարը․ ինչպես շեքսպիրյան ողբերգությունում, այնպես էլ այստեղ սերը ծնվեց մի իրականության մեջ, որը թույլ չէր տալիս երկու մարդկանց միասին լինել։

«Այս պիեսը պատերազմի մասին չէ, այլ պատերազմի ընթացքում ծնված սիրո»,- նշեց ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ հերոսներն անուններ և կոնկրետ ազգային պատկանելություն չունեին, որպեսզի պատմությունը չկապվեր որևէ իրական հակամարտության հետ։ Ռեժիսորը ներկայացման առանցքային ուղերձը ձևակերպեց կարճ․ «Առաջին հերթին մարդու մեջ պիտի մարդ տեսնես»։ Նա ընդգծեց, որ ներկայացումը շեքսպիրյան պատմության կրկնությունը չէր․ զուգահեռը սիրո մաքրության և դրա ողբերգական հանգուցալուծման մեջ էր։

Ռոմեոյի կերպարը մարմնավորող Ռուբեն Մուրադյանի խոսքով՝ իրական կյանքում նման իրավիճակում հայտնվելիս ինքը նույն կերպ կվարվեր՝ փորձելով պաշտպանել անօգնական մարդուն։ Դերասանի համար այս ներկայացումը նաև փորձություն էր, քանի որ թատրոնում նրա առաջին աշխատանքն էր այս ձևաչափով։ Նա խոստովանեց, որ բեմում փորձառու գործընկերների կողքին հանդես գալը մեծ պատասխանատվություն էր պահանջել։

Գերի ընկած աղջկան մարմնավորող Իննա Խոջամիրյանը թեման համարեց շատ նուրբ և խորքային․ «Սա անանուն պատմություն է, որը ոչ ոքի չի պատկանում»։ Դերասանուհին պատմեց, որ առաջին ընթերցումների ժամանակ պիեսն իր մեջ ուժեղ էմոցիոնալ արձագանք էր առաջացրել, ինչը հետագայում օգնել էր ավելի օբյեկտիվորեն կերտել կերպարը։

Ներկայացմանը համահունչ՝ դերասանուհին պրեմիերային ներկայացավ կարճ սանրվածքով։ Թեև  ձևափոխությունը ի սկզբանե նախատեսված էր Գոռ Կիրակոսյանի ֆիլմում նրա դերի համար, հետագայում այն համապատասխանեց նաև բեմական կերպարին։ Խոջամիրյանը նշեց, որ սկզբում դժվարությամբ էր ընտելանում նոր արտաքինին․ հայելու մեջ իրեն տեսնելիս անգամ թվում էր, թե կողքով ուրիշ մարդ էր անցնում։

Հրամանատարի կերպարը կերտած Արամ Կարախանյանի համոզմամբ՝ բեմադրության գլխավոր ասելիքը մեկն էր․ տառապելու փոխարեն ընտրել ապրելն ու սիրելը։