«Սուպերմարկետ». նոր սիթքոմի ստեղծման պատմությունն ու կերպարները
Լոս Անջելեսում նկարահանվել է հայկական նոր սիթքոմ՝ «Սուպերմարկետ», որն արդեն հասանելի է դիտողներին:
Սիթքոմի ներկայացնում է սուպերմարկետի աշխատակիցների առօրյան, նրանց հարաբերությունները, սիրային պատմությունները, կյանքի դրվագները, որոնք վերածվում են հումորային պատմությունների։
Tert.am Life -ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Արա Ղազարյանն ասաց՝ ինքը և իր գործընկեր, պրոդյուսեր Դավիթ Ադամյանը մինչ այս բազմաթիվ սերիալներ և ֆիլմեր են նկարահանել, սակայն սիթքոմի ժանրում աշխատելու փորձ չեն ունեցել։ Վերջին տարիներին ժանրի նկատմամբ աճող հետաքրքրությունն էլ նրանց դրդել է նոր փորձի գնալ։

Լոս Անջելեսում ստեղծվել է հատուկ սիթքոմի համար նախատեսված տաղավար, որտեղ կառուցվել է ամբողջական սուպերմարկետի միջավայր։ Թեև նկարահանումները տեղի են ունեցել տաղավարում, ստեղծված տարածքն այնքան իրական է, որ նույնիսկ նախագծի ստեղծագործական թիմի ընկերներն են կատակել՝ առաջարկելով այնտեղ իրական խանութ բացել։
Տաղավարային նկարահանումը, ըստ պրոդյուսերի, նաև գործնական անհրաժեշտություն էր։ Թեև նախագծի հովանավորների թվում եղել են սուպերմարկետների և խանութների սեփականատերեր, գործող բիզնեսների տարածքներում նկարահանում իրականացնելը մի շարք տեխնիկական խնդիրներ կարող էր առաջացնել՝ ձայնից ու լուսավորությունից մինչև աշխատանքային գործընթացի խաթարում։ Այդ պատճառով որոշվել է ստեղծել առանձին նկարահանման վայր, որը նախատեսվում է օգտագործել նաև սիթքոմի երկրորդ եթերաշրջանում։

Դերասանական կազմն ընտրելիս ևս հատուկ մոտեցում է կիրառվել։ Արա Ղազարյանի խոսքով՝ ստեղծագործական թիմը փնտրել է երիտասարդ, ակտիվ և ժամանակակից մեդիա միջավայրին լավ ծանոթ դերասանների, հատկապես նրանց, ովքեր ակտիվ են Instagram-ում և TikTok-ում և հասկանում են երիտասարդական միտումները։
Արդյունքում ձևավորվել է երիտասարդ դերասանական կազմ, որի ընտրությունից պրոդյուսերները գոհ են։

Նախագծի գլխավոր դերակատարներից Հակոբն ու Արմենը մինչ «Սուպերմարկետը» տարբեր հեռուստատեսային և հումորային նախագծերում նկարահանվելու առաջարկներ ստացել էին, սակայն, ինչպես Հակոբն է ասում, դրանք ընդունելու համար բավարար հիմքեր չէին տեսնում։ «Սուպերմարկետի» դեպքում, սակայն, իրավիճակն այլ էր:
Նախագծի մասին նրանց առաջինը պատմել է լրագրող, հաղորդավար Մհեր Բաղդասարյանը, որից հետո առաջարկն արդեն անմիջապես հետաքրքրել է երկուսին։ Սցենարին ու ստեղծագործական գաղափարին ծանոթանալուց հետո դերասանները որոշել են ամբողջությամբ ներգրավվել նախագծում։

Արմենը կերպարը՝ Մարկը, Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխված երիտասարդ է, որը գալիս է մեծ երազանքներով, սակայն այնտեղ բախվում է ամերիկյան իրականության տարբեր խնդիրների։
Մարկի պատմությունն առանձնահատուկ է նաև նրանով, որ կերպարը կարող է ծանոթ լինել Միացյալ Նահանգներում ապրող բազմաթիվ հայերի։ Հայաստանից նոր երկիր տեղափոխվելու, նոր միջավայրին հարմարվելու, սեփական նպատակների հետևից գնալու և միաժամանակ տարբեր դժվարությունների հանդիպելու պատմությունը Մարկին դարձնում է այն կերպարներից մեկը, որին նայելիս հանդիսատեսը կարող է տեսնել իրեն կամ իր ծանոթներին։
Սիթքոմի մյուս կերպարներից է պարոն Պետրոսը, որին մարմնավորում է Լևոն Սարգսյանը։ Դերասանի համար կերպարի ամենահետաքրքիր կողմերից մեկն այն է, որ այն միանշանակ «լավ» կամ «վատ» չէ։ Պետրոսն ունի իր մտածելակերպը, առանձնահատկություններն ու մարդկային հակասությունները, ինչն էլ, դերասանի համոզմամբ, կերպարին ավելի կենդանի է դարձնում։
Չնայած սիթքոմի գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում, դրա հումորը միայն ամերիկյան միջավայրով չի սահմանափակվում։ Դերասանի խոսքով՝ պատմությունների հիմքում մարդկային հարաբերություններն ու առօրյա իրավիճակներն են, իսկ կերպարների մտածելակերպում և հարաբերություններում շատ հայկական տարրեր կան։
Նախագծի դերասանական կազմում է Մերի Հակոբյանը։ Նրա համար «Սուպերմարկետը» հետաքրքիր է եղել նախևառաջ իր ձևաչափով։
Մերի Հակոբյանի համար այս նախագիծը նաև երկար դադարից հետո դերասանական աշխատանքին վերադառնալու հնարավորություն է։

Այսպիսով, «Սուպերմարկետը» միավորում է մի քանի տարբեր պատմություններ՝ Լոս Անջելեսում հայկական նոր հեռուստատեսային արտադրանք ստեղծելու փորձը, երիտասարդ դերասանների նոր կազմը, ներգաղթյալ հայերի առօրյային ծանոթ իրավիճակները և երկար դադարից հետո դերասանական մասնագիտությանը վերադարձը։
Իսկ ստեղծված սուպերմարկետի միջավայրն առաջիկայում շարունակելու է ծառայել նախագծի պատմություններին․ պրոդյուսերական թիմն արդեն նախատեսում է նույն տաղավարում նկարահանել նաև սիթքոմի երկրորդ եթերաշրջանը։
«Սուպերմարկետը» կարող եք դիտել PanArmenian TV-ով և YouTube-ում:








