Mr. President-ը՝ «Coco Jamboo»-ի ստեղծման պատմության, 90-ականների երաժշտության և Հայաստան առաջին այցի մասին (տեսանյութ, լուսանկարներ)
90-ականների հայտնի «Coco Jamboo» հիթի կատարող Mr. President-ը Երևանում էր՝ մասնակցելու Retro Stars Fest Vol. 1: Disco Legends փառատոնին։ Մինչ բեմ բարձրանալը զրուցել ենք երգչի հետ։
Երգիչը պատմեց «Coco Jamboo»-ի ստեղծման պատմությունը։ Նրա խոսքով՝ սկզբում անգամ չէր հավանում երգի անվանումը։
«Երբ առաջին անգամ լսեցի երգը, ինձ դուր չէր գալիս երգի անվանումը։ Հետո լսեցի երաժշտությունը և մտածեցի՝ երաժշտությունը նորմալ է, բայց անվանումը չեմ հավանում։ Նրանք ասացին, որ հենց «Coco Jamboo» է լինելու։ Հետո ասացին, որ պետք է ռեփ հատված անեմ։ Ես նույնիսկ չգիտեի՝ ինչ է «Coco Jamboo»-ն, և մտածում էի՝ ինչպե՞ս պետք է դրա մասին ռեփ գրեմ։ Իրականում չէի ուզում դա անել։ Ձայնագրությունից ընդամենը 15 րոպե առաջ գրեցի ռեփը, մտա ստուդիա և ձայնագրեցի։ Նրանք ասացին, որ հենց այն է ինչ պետք է։ Ես մտածում էի՝ ի՞նչն է դրա մեջ այդքան հիանալի, եթե այն ընդամենը 15 րոպեում եմ գրել։ Բայց նրանք ասացին, որ առաջին փորձից ստացված տարբերակն իրենց դուր է եկել և հենց այդ տարբերակն էլ օգտագործեցին ձայնագրության համար»,– պատմեց Mr. President-ը։

Երգիչը նշեց, որ վերջնականապես երգի հաջողությանը հավատացել է տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։
Այն նկարահանվել է Վենեսուելայի Կարակապանո բնակավայրում, որտեղ տեղի բնակիչներն ինքնաբուխ միացել են նկարահանումներին։
«Մենք գնացինք Վենեսուելայի Կարակապանո կոչվող մի վայր, որը գտնվում էր բարձր լեռներում։ Դա մի գյուղ էր, որտեղ նկարահանում էինք տեսահոլովակը։ Գյուղի բոլոր բնակիչները դուրս եկան, ցանկացան մասնակցել տեսահոլովակի նկարահանմանը, և մենք համաձայնեցինք։»,– ասաց նա։

Tert.am Life-ի հարցին՝ ինչ էր լսել Հայաստանի մասին նախքան այստեղ գալը, երգիչը պատասխանեց․
«Հիանալի ուտելիքների մասին։ Լսել էի, որ Հայաստանը շատ գեղեցիկ է և ունի հիանալի ուտելիք։ Հիանալի մարդիկ, հիանալի երկիր»,– ասաց նա։
Երգիչը նաև հասցրել էր հայկական խոհանոցից որոշ ուտեստներ փորձել։
«Ամեն ինչ չէ, որ փորձել եմ, բայց այսօր կերել եմ գառան միս և տապակած տավարի միս։ Հիանալի էր»,– պատմեց նա։
90-ականների երաժշտության մասին խոսելիս Mr. President-ը նշեց, որ այդ շրջանն առանձնահատուկ էր թե՛ տեխնոլոգիական փոփոխություններով, թե՛ երաժշտական նորություններով։
«90-ականների երաժշտությունն ունի հատուկ ոճ։ Դա անալոգայինից թվայինի անցման շրջանն էր։ Թվային տեխնոլոգիաներն ամեն ինչ ավելի հեշտացրին, և մարդիկ կարող էին ավելի շատ փորձարկումներ անել։ Նրանք սկսեցին ձայնագրել այն ամենը, ինչ առաջինն էր իրենց մտքին գալիս, և դա ստացվեց։ Երկրորդ պատճառն այն էր, որ Եվրոպան հանկարծ ավելի մեծացավ, որովհետև Գերմանիայի պատը փլուզվեց։ Դա ազատություն տվեց շատ մարդկանց գալ Եվրոպա, ինչն էլ սկիզբ դրեց 90-ականների բումին։ Կարծում եմ՝ այսօր մարդիկ սիրում են հիշել լավ ժամանակները, իսկ 90-ականները դրա մի մասն էին։ Դրա համար էլ մարդիկ մինչ օրս կառչած են այդ երաժշտությունից»,– ասաց նա։

Tert.am Life-ի հարցին՝ նախկինում երբևէ լսե՞լ է հայկական երաժշտություն, Mr. President-ը անկեղծ պատասխանեց․
«Եթե անկեղծ լինեմ՝ ոչ, հայկական երաժշտություն չեմ լսել։ Գիտեմ, որ ունեք այդ մեծ, երկար, կիթառանման գործիքը։ Գործիքներին մի փոքր ծանոթ եմ, բայց հայկական երաժշտությունն իսկապես չգիտեմ»,– ասաց երգիչը։
Mr. President-ը նշեց, որ սա իր առաջին այցն է Հայաստան։
Ելույթից առաջ հուզվելու մասին հարցին նա կատակեց․
«Ես չեմ հուզվում ելույթից առաջ։ Եթե հուզվում ես ելույթից առաջ, նշանակում է՝ չգիտես, թե ինչ ես անում։ Ես հուզվում եմ ելույթից հետո, որովհետև չգիտեմ, թե ինչ եմ արել»,– ասաց նա։

Անցյալի ու ապագայի մասին խոսելիս երգիչը նշեց, որ անցյալը մարդկանց համար ավելի կանխատեսելի է։
«Ապագայի մասին չգիտես, թե ինչ է լինելու, և այն միշտ սպասում է։ Եթե սպասում ես մի բանի, որի մասին չգիտես՝ ինչ է լինելու, դա կարող է անհանգստացնել։ Իսկ եթե գիտես, թե ինչ է եղել անցյալում, կարող ես կառչել դրանից, վերապրել այն և պահել քեզ մոտ»,– ասաց նա։
Tert.am Life-ի հարցին՝ ինչ կցանկանար ասել հայ երկրպագուներին, որոնք մեծացել են իր երաժշտության ներքո, Mr. President-ը կատակեց․
«Շարունակե՛ք ամուսնանալ, որովհետև լսել եմ, որ բոլորդ իմ երգն եք նվագում հարսանիքներին։ Ուզում եմ պարզապես շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին՝ իմ և մեր երաժշտությունը իր սրտում ընդունելու համար։ Դա ինձ համար շատ բան է նշանակում։ Ինձ համար մեծ պատիվ է այս հրավերը ստանալը, և անհամբերությամբ սպասում եմ բոլորին տեսնելուն, թե ինչպես են պարում ու երգում այս երգի ներքո»,– ասաց երգիչը։
Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան








