Այսօր Տարոն Իսպիրյանի ծննդյան տարեդարձն է․ Պոնչը՝ անցած տարվա, սիրո և ընկերության մասին

16:50 • 30.09.26

Այսօր հումորիստ, դերասան Տարոն Իսպիրյանի՝ Պոնչի ծննդյան տարեդարձն է։ Տարիների ընթացքում նրա հումորային կերպարը դարձել է ճանաչելի և սիրված, իսկ վերջին տարիներին Տարոնը նաև արտաքին փոփոխությունների է ենթարկվել՝ կարևորելով առողջ ապրելակերպը։   

Ծննդյան օրվա առիթով Tert.am Life-ը զրուցել է Տարոնի հետ՝ ամփոփելով անցած տարին, խոսելով մասնագիտական ճանապարհի, փոփոխությունների, ընկերության, սիրո և կյանքի կարևոր արժեքների մասին։   Ամփոփելով անցած տարին՝ Տարոնը այն բնորոշեց բավական բուռն և աշխատանքային։ Նոր նախագծերից և բազմաթիվ հրավերներից բացի՝ նա առանձնացրեց «Վիտամին» ակումբի համերգային շրջագայությունը, որը, ինչպես ինքն է նշում, նոստալգիկ էր ոչ միայն իրենց, այլև հանդիսատեսի համար։

  «Շատ բուռն տարի է եղել՝ առաջին հերթին աշխատանքային։ Ունեցել եմ նոր նախագծեր, բազմաթիվ հրավերներ՝ թե՛ սիթքոմների, թե՛ համերգային ծրագրերի։ Առաջինը, որ կնշեմ, «Վիտամին» ակումբի համերգային շրջագայությունն է։ Այն նոստալգիկ էր թե՛ մեզ, թե՛ բոլորի համար, որովհետև բոլորս կարոտած էինք այդ նախագիծը։ Շատ աշխատանքային, բուռն տարի եմ ունեցել, ինչի համար շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ հրավիրել են այդ աշխատանքներին»,- ասաց նա։  

Ծննդյան տարեդարձի հետ կապված՝ Տարոնը դեռ հստակ պլաններ չունի և այս տարի ևս որոշել է ամեն ինչ թողնել ինքնաբուխ։

«Այս տարի էլ որոշեցի իմպրովիզացիայի վրա թողնել՝ ինպես ստացվի, կստացվի։ Առայժմ չկողմնորոշված վիճակ է, բայց միշտ նախընտրում եմ նշել ընկերներիս, հարազատներիս հետ։ Հետո հասկացա, որ ընկերներս ու հարազատներս շատ են, և այդ դեպքում երևի պետք է հրապարակում նշեմ ծնունդս։ Միայնակ անգամ չեմ կարողանում նստել, հաց ուտել, այնպես որ պատկերացրեք՝ ծնունդս ինչպես կցանկանամ անցնի՝ լավ ընկերներով, լավ մարդկանցով և հարազատներով»,- կատակեց նա։

Խոսելով այն մասին, թե անցած տարվա ընթացքում ինչն է իրեն ամենաշատը երջանկացրել, Տարոնը չառանձնացրեց որևէ մեկ օր կամ իրադարձություն։ Նրա խոսքով՝ երջանկության կարևորագույն պայմանը այն է, որ տարին անցնի առանց ծանր կորուստների և վատ լուրերի։

«Չեմ կարող առանձնացնել որևէ օր։ Փառք Աստծո, եթե տարվա ընթացքում չես ունենում մարդկային ինչ-որ կորուստ, մնացածը, ինչպես էլ որ լինի, արդեն ամեն ինչ իդեալական է։ Շատ հատկանշական օրեր եմ ունեցել՝ հարազատներիս, ընկերներիս, ընտանիքիս հետ՝ Հայաստանում և Հայաստանից դուրս։ Երբ ամեն ինչ երջանիկ ֆոնի վրա է կարելի է տարին համարել ստացված և երջանիկ։ Կարող եմ ասել, որ այս տարի ամեն օրս երջանիկ է եղել»,- նշեց նա։  

Տարիների ընթացքում Տարոնի հումորային կերպարը դարձել է նրա այցեքարտերից մեկը։ Հումորիստի խոսքով՝ իրեն ամենից շատ օգնում է անկեղծությունը։

«Իմ ընկերների և բոլոր նրանց կարծիքով, ում հետ անմիջական շփվում եմ, երևի ամենաշատը նշում են իմ անկեղծությունը։ Ես պարզ մարդ եմ, ինչ մտածում եմ, այն էլ ասում եմ։ Վերջերս ընկերներիցս մեկն ասաց, որ իմ մեջ ինչ-որ փոքր երեխա է ապրում, և այդ երեխայի լույսը մարդիկ տեսնում են։ Երևի այդ փոքրիկ երեխան կա իմ մեջ, որն ապրում է, և ինչ-որ պարզ, մաքուր բան է դուրս գալիս, որը մարդիկ սիրում են։ Ես շատ շնորհակալ եմ այդ սիրո համար։ Դա անգնահատելի է»,- ասաց Տարոնը։  

Նա անդրադարձավ նաև արտաքին փոփոխություններին, որոնք վերջին տարիներին ունեցել է։ Տարոնի խոսքով՝ այդ փոփոխությունները իր կյանքի վրա միայն դրական ազդեցություն են ունեցել, իսկ ամենակարևոր նպատակը առողջությունն է եղել։

«Մի վայրկյան անգամ չեմ փոշմանում, որ փոփոխության է ենթարկվել իմ տեսքը, մարմինը։ Ճիշտ է՝ վախեր եղել են, որովհետև դա լրիվ այլ պատմության սկիզբ էր, բայց շնորհակալ եմ, որ մարդիկ ինձ այսպես էլ շարունակեցին սիրել։ Շատերն ասում էին, որ եթե արտաքնապես փոխվեմ, կարող է ամեն ինչ նույնը չլինի, բայց հայ ժողովուրդը, մարդիկ, ովքեր ինձ սիրում են, հակառակն ապացուցեցին։ Նրանք ինձ սիրում են ցանկացած ֆորմատում։ Միմիայն լավ, դրական բաներ կարող եմ ասել, որովհետև ամեն դեպքում առողջ ապրելն ամենակարևորն է։ Դա ամենից առաջ առողջության համար է արվել»,- նշեց նա։  

Եթե հնարավորություն ունենար վերադառնալու 20 տարեկանին և խորհուրդ տալու այդ տարիքի Տարոնին, նա շատ կարճ պատասխան կտար, որ ճիշտ ճանապարհի վրա է։   Միևնույն ժամանակ Տարոնը չի թաքցնում, որ այդ ճանապարհը հեշտ չի եղել։ Հատկապես հումորի ոլորտում, նրա խոսքով, տարիների ընթացքում ստիպված է եղել երկար աշխատել և պայքարել՝ սեփական տեղը գտնելու համար։  

«Հեշտ չի եղել, դա կփաստեն բոլոր նրանք, ովքեր այս ճանապարհով անցել են, հատկապես հումորի ասպարեզում, որովհետև մեր շուկան շատ նեղ է։ Դու կարող ես քո կյանքից, օրինակ, 15 տարի լինել ասպարեզում, որից 10 տարին ուղղակի տանջանք է եղել, աշխատասիրությունն է շատ օգնում։ Այդ ճանապարհն անցնելը շատ դժվար է։ Առանց զենք գնում ես մի երկար ճանապարհ և չգիտես, թե ուր ես հասնելու։ Ես շատ ուրախ եմ և բախտավոր, որ ինչ-որ չափով, կարծես թե, հաջողվել է։ Դրա համար միմիայն շնորհակալ եմ մեր հանդիսատեսին և հեռուստադիտողին, որովհետև իրենց սիրո շնորհիվ է, որ մենք ինչ-որ դիրք և փոքր հաջողություն ունենք հումորի ասպարեզում»,- ասաց նա։  

Տարոնը խոսեց նաև սիրո և հարաբերությունների մասին՝ նշելով, որ տարիների ընթացքում պատկերացումները կարող են փոխվել, սակայն սիրո հիմքում իր համար շարունակում են մնալ նույն արժեքները։  

«Բնականաբար, փոխվում է, բայց շատ կարևոր է հիմքը՝ դու ինչպես ես պատկերացնում, թե որն է սիրո հիմքը։ Ես, երևի թե, փոքր ժամանակ ինչպես պատկերացրել եմ, նույն սկզբունքով էլ շարժվում եմ։ Սիրո մեջ ամենակարևոր բանը, անկեղծությունն է և անսահման նվիրված լինելը։ Մնացածը տարբեր ձևերով շարունակվում է։ Կարևորը հիմքն է։ Եթե քո պատկերացումները, սկզբունքները ճիշտ ես դնում, դրանք կարող են տարբեր փոփոխությունների ենթարկվել, բայց հիմքը չի փոխվում»,- նշեց նա։  

Տարոնը մեծ նշանակություն է տալիս նաև ընկերությանը։ Նա պատմեց, որ իր կյանքում կան մարդիկ, որոնց հետ ընկերությունը շարունակվում է շուրջ երեք տասնամյակ։  

«Այդքան էլ մեծ չեմ, բայց ունեմ մոտավորապես 30 տարվա ընկերներ, որոնց հետ ամենօրյա կապի մեջ եմ։ Ունեմ նաև նոր ընկերներ, և դա էլ մի ուրիշ պատմություն է։ Փոքր տարիքում քեզ ճակատագիրն է ընկերներ տալիս, իսկ մեծ տարիքում քեզ ընկերներ է տալիս քո խելքը, քո ճանապարհը, քո միջավայրը։ Փառք Աստծո, իմ միջավայրն այնպես է ստացվել, որ միմիայն որակով և լավ մարդիկ են ինձ շրջապատում։ Բոլորի համար խենթանում եմ և շատ սիրում եմ իմ ընկերներին։ Իմ ընկերների տարիքային դիապազոնը հասնում է 50-ից բարձրից մինչև 18-ից ցածր։ Շատ շնորհակալ եմ, որ ունեմ այդպիսի ընկերներ, և շատ գնահատում եմ բոլորին»,- ասաց նա։

Իսկ ծննդյան նվերների մասին խոսելիս՝ Տարոնը նշեց, որ իր համար նյութական նվերներն առաջնային չեն։ Ամենամեծ նվերը համարում է այն, որ իր մտերիմներն ամեն տարի շարունակում են լինել իր կողքին։  

«Ամենալավ նվերը այն է, երբ գիտես, որ գիշերը 00:00-ից մեկ վայրկյան անց քո դուռը ծեծելու են և քեզ շնորհավորելու են այն ընկերները, ովքեր վերջին 10-15 տարում այդպես գալիս և շնորհավորում են։ Անակնկալ չէ, բայց միշտ հաճելի է։ Երևի ամենամեծ նվերն այն է, որ ընկերներս ինձ զանգում են, շնորհավորում են։ Նյութական նվերներն իսկապես երկրորդական են, որովհետև վերջում այդ նյութերը չեն մնում քո հետ, մնում են ընկերները»,- եզրափակեց Տարոնը։  

Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան

Այսօր Տարոն Իսպիրյանի ծննդյան տարեդարձն է․ Պոնչը՝ անցած տարվա, սիրո և ընկերության մասին