Ես իմ ստեղծած կերպարներով չեմ ապրում, տոտալ տարբեր եմ. Լիանա Վանոյան
Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Լիանա Վանոյանի հետ։ Դերասանուհին պատմել է բեմ վերադառնալու զգացողությունների, խաղընկերների հետ հարաբերությունների, իր ստեղծած հումորային կերպարների և այն փոփոխությունների մասին, որոնք տարիների ընթացքում տեղի են ունեցել իր ներսում։
Լիանա Վանոյանը խոստովանել է՝ բեմից իջնելուց հետո իր մեջ լրիվ հակառակ զգացողությունն է առաջանում․ եթե ներկայացման ընթացքում ինքը լիքն է, ապա ավարտից հետո դատարկվում է։

«Ներկայացումից հետո տոտալ դատարկություն է։ Մինչև այդ դու շատ լիքն ես։ Հետաքրքիր մի բան ասեմ՝ ներկայացման ընթացքում հանդիսատեսին բացարձակ չես տեսնում։ Տեսա, որ ընկերներս առաջին շարքում էին, բայց մինչև այդ ընդհանրապես չէի տեսել, որ եկել են։ Այն զգացողությունները, որ ես ինձ հետ տուն կտանեմ, անգնահատելի են, որովհետև սա իմ մասնագիտությունն է, որին շատ կարոտել էի։ Ավարտելուց հետո երբևէ հնարավորություն չէի ունեցել իմ սիրելի կազմով լինելու։ Դրա համար շատ շնորհակալ եմ»,- ասել է նա։
Դերասանուհու համար բեմի կարևորագույն առաքելություններից մեկն էլ մարդկանց ուրախացնելն է։ Նա ասում է՝ ցանկանում է, որ մարդիկ, որոնք գալիս են ներկայացում դիտելու, կարողանան իրենց հետ տուն տանել այդ լավ զգացողությունը։
Լիանա Վանոյանը նաև անդրադարձել է դերասանի մասնագիտությանը՝ այն անվանելով մարդագիտություն։ Նրա խոսքով՝ մարդուն ուսումնասիրելու գործընթացը երբեք չի ավարտվում, և այդ ճանապարհին ինքն էլ իր մեջ բացահայտել է թե՛ դրական, թե՛ ստվերոտ կողմեր։
«Մարդը չունի վերջ, այսինքն՝ ավարտ չունի նրան ուսումնասիրելն ու ինչ-որ բան բացահայտելը։ Իմ մեջ էլ շատ բաներ եմ գտել՝ առանց մերժելու՝ և՛ վատ, և՛ լավ։ Այդպես չի լինում, որ մարդն իր մեջ միայն լավ բաներ գտնի։ Ստվերոտ կողմեր էլ եմ գտել, բայց դա ընկճվելու առիթ չէ։ Որքան քեզ լավ ես ճանաչում, այնքան հնարավորություն ես ունենում ինչ-որ բան շտկելու կամ փոփոխություններ անելու։ Որքան ապրում ես, այնքան հնարավոր է կերտել քեզ որպես մարդ»,- ասել է դերասանուհին։
![]()
Լիանան հայտնի է նաև իր հումորային կերպարներով, որոնք մեծ արձագանք են ստանում։ Սակայն դերասանուհին ընդգծում է՝ իր ստեղծած կերպարներն ու իրական Լիանան շատ տարբեր են։
«Ինձ նույնականացնել կարող են այն մարդիկ, ովքեր ինձ չեն տեսնում այդտեղ։ Բայց կարծում եմ՝ ինստագրամում էլ, կյանքում էլ ես շատ տարբերվում եմ իմ ստեղծած կերպարներից։ Տոտալ տարբեր եմ։ Ես ուղղակի այդ կերպարն անում եմ, որ դրա միջոցով ինչ-որ բան հասցնեմ տեղ, բայց ես դրանով չեմ ապրում։ Դժվար է ինձ այդ կերպարի մեջ տեսնել, որովհետև իմ մեջ չկա դա»,- նշել է նա։
Խոսելով այն մասին, թե արդյոք մարդկանց ուրախություն պարգևող մարդն ինքն էլ մշտապես երջանիկ է, Լիանա Վանոյանը պատասխանել է՝ իր ժպիտի ու երջանկության աղբյուրը միայն ինքը չէ։
«Ես ձեզ ժպիտ չեմ տալիս, ձեզ ժպիտ է տալիս Աստված, ում միջոցով ինքն է որոշում։ Ինձ էլ է տալիս, թե ում միջոցով՝ ինքն է որոշում։ Ես երբեք ինձ դժբախտ կամ տխուր մարդ չեմ համարել այնքան, ինչքան ապրում եմ և այնքան, ինչքան Աստված դեռ պլաններ ունի ինձ հետ»,- ասել է նա։
Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան







